?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



(без названия)



Ապրիլի 9-ին  ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփմամբ ի հայտ եկան 66 մրցանակակիրներ:
Լրատվամիջոցների «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ռուսաստանի «Նոեվ կովչեգ» թերթը և Արգենտինայի իսպաներենով հրատարակվող «Սարդարապատ» շաբաթաթերթը: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014 թվականի մրցանակաբաշխությունում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ի թիվս այլ լրատվամիջոցների «Նիդերլանդական օրագիր»-ը «Էլեկտրոնային լրատվամիջոց»  անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի և  դիպլոմի: Եվս 10 լրատվամիջոցներ տարբեր անվանակարգերում արժանացան մրցանակների և դիպլոմների:
Այս առթիվ մեր շնորհակալություն ենք  հայտնում Սփյուռքի նախարարությանը՝ մեր գործունեությունը գնահատելու համար: Սա նաև Նիդերլանդներում գործող հայկական կառույցների աշխատանքի գնահատումն է, որի աշխատանքներն է լուսաբանում մեր օրագիրը, այն լրացուցիչ խթան կհանդիսանա՝ էլ ավելի արդյունավետ շարունակելու մեր համատեղ աշխատանքը:
Մեր բոլոր ընթերցողներին այս կապակցությամբ ևս շնորհավորում ենք:
Ելենա Հարությունյան
(մեր թղթ.)
Այդ  մասին Սփյուռքի  նախարարության մամուլի և  հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ամբողջական
[հոդվածն այստեղ]
Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: 2014թ. մրցանակաբաշխությունն իրականացվել է հետևյալ անվանակարգերով՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» և «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթ: Ստացվել էին 95 հայտ՝ 15 երկրից /ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սիրիա, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, ԱՄՆ/, իսկ մրցութային հանձնաժողովների կողմից գնահատման արդյունքներով հաստատվել գլխավոր, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ: Մրցանակակիրները 66-ն են: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը մեկն է՝ արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը»: Նախարարն ընդգծեց. «Ակնհայտ է, որ 2014թ. մրցանակաբաշխությունը պետք է նվիրված լիներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և մեր բոլոր աշխատանքները մեկ նպատակ պետք է ունենային՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հնարավորինս ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Ուրախ եմ, որ տարեցտարի ավելանում է մրցանակաբաշխության մասնակիցների թիվը: Կարծում եմ, բոլոր համայնքներն անխտիր պետք է մասնակցեն այս մրցանակաբաշխությանը, որը, վստահ եմ, հայապահպանության բացառիկ խթան կդառնա»: Նախարար Հ.Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր անվանակարգերի հանձնաժողովներին՝ նշելով, որ դժվար և պատասխանատու է եղել նրանց աշխատանքը: «Նա մասնավորապես բարձր գնահատեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Լավագույն հրապարակում» անվանակարգի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Գևորգյանին բարեխիղճ աշխատանքը», – նշեց նախարարը: Նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արամ Աբրահամյանին՝ նշելով, որ միշտ էլ հեշտ և արդյունավետ է նրա հետ աշխատանքը: «Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, քանի որ մասնակցությունն արդեն հաղթանակ է», – իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը՝ մասնակիցներին փոխանցելով Արա Աբրահամյանի խոսքը: «Մեզ համար հարազատ օջախ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարությունը և սիրով ենք համագործակցում համահայկական մրցանակաբաշխության կազմակերպման, ինչպես նաև նախարարության բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման շրջանակներում», – նշեց Արամ Սարգսյանը: Հանդիսության մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրհնանքի խոսք հղեց Գարեգին աբեղա Համբարձումյանը: Լրատվամիջոցների «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ռուսաստանի «Նոեվ կովչեգ» թերթը և Արգենտինայի իսպաներենով հրատարակվող «Սարդարապատ» շաբաթաթերթը,  իսկ 11 լրատվամիջոց դարձան մրցանակակիրներ: Հանձնելով մրցանակը Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց թերթի ողջ խմբագրակազմին Սիրիայի պատերազմական ծանր պայմաններում հայկական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը պահելու,  պահպանելու համար: «Մայրենիի պաշտպան» (անհատներ) անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Սիրիայից՝ Տիգրան Փիլավճյանը, Լիբանանից՝ Պայծիկ Գալայճյանը, Օհան Պոտրումյանը և Անժել Միսիսյանը, Բելգիայից՝ Ագնես Դեկումենյանը, Ֆրանսիայից՝ Էմմա Մարտիրոսյանը և Վրաստանից՝ Անահիտ Բոստանջյանը: Ստանալով մրցանակը՝ Պայծիկ Գալայճյանը առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նշելով, որ տարեցտարի ավելի է մեծանում նախարարության դերը Սփյուռքում, քանի որ  նախարարության կողմից իրականացվող Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված  ծրագրերը ծառայում են իրենց նպատակին: Ուկրաինայում գործող «Արագած» ազգային, մշակութային պաշտոնաթերթի անունից ստանալով թերթին տրված մրցանակը՝ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայ համայնքը ակտիվ նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և այս մրցանակը նոր խթան կհանդիսանա համայնքի ինքնակազմակերպմանը: «Մայրենիի պաշտպան» (կազմակերպություն) անվանակարգում առաջին կարգի մրցանակների արժանացան ԱՄՆ-ի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, Ֆրանսիայի «ԺԱՖ» ֆրանսահայ երիտասարդաց միությունը և Ռուսաստանի (Թաթարստան)  Հայկական կիրակնօրյա դպրոցը: Երկրորդ և երրորդ կարգի մրցանակների արժանացան 8 կազմակերպություն և դպրոց՝ Ռուսաստանից, Վրաստանից և Բելգիայից: «Լավագույն ամենօրյա կրթօջախ» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Արգենտինայի Մխիթարյան վարժարանը, Լիբանանի Զմմառի միաբանության Երանելի Իգնատիոս Մալոյյան և Ս.Միացյալ  ընծայարանը և Ռուսաստանի Չալտր գյուղի միջնակարգ թիվ 1 դպրոցը: Ստանալով մրցանակը՝ Զմմառի դպրեվանքի փոխտեսուչ, Զմմառեան Միաբանության դպրեվանքի և Ս.Միքայել Ընծայարանի Գերաշնորհ Հայր Մաշտոց Զահթէրեանը նշեց, որ առաջին կարգի մրցանակը մեծ պատիվ է իրենց համար և այսուհետ ավելի մեծ ջանքերով պիտի գործեն՝ համայնքում հայապահպանության և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ: «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթի անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Գերմանիայից Կլարա Տեր-Կարապետյանը և Ուկրաինայից՝ Վերոնիկա Վանյանը: 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների արժանացան 9 մասնակից՝ Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագիրը կազմակերպելու և հայրենիքում իրեն ջերմորեն հյուրընկալելու համար՝ Գերմանիայից ժամանած Կլարա Տեր-Կարապետյանը նշեց, որ Գերմանիայի պետական կառույցների ուշադրությունը գրաված իր շարադրությունը գրել է միմիայն «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայրենիքը ճանաչելու և սիրելու շնորհիվ: Նշանակալի է, որ մրցանակակիրներից մի քանիսը դրամական պարգևները փոխանցեցին Հայաստանի մանկատներին, կրթօջախներին և սահմանին վիրավորված  զինվորներից մեկի բուժման նպատակով:           Մասնակիցները դիտեցին 2014թ. մրցանակաբաշխության արդյունքների, մասնակից-հաղթողների շնորհակալական խոսքի, ինչպես նաև Մրցանակաբաշխության նախորդ տարիների արդյունքների ամփոփման հանդիսությունների մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ: Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները (ղեկավար՝ Նադյա Անտոնյան) և Այրարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը /գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյան/:

http://hayernaysor.am/%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6-2/


(без названия)