?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն օրըստօրե լայն արձագանք և հասարակական հնչեղություն են ստանում Նիդերլանդներում: Բազմաթիվ ու բազմաբովանդակ են տեղի հայկական կառույցների ուժերով և նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումները երկրով մեկ: Բազմաշերտության ծավալներից ելնելով դրանց թվարկելն ու անրադառնալը գրեթե անհնար է, այն օրեցօր ավելանում, նոր թափ ու որակ է ստանում: Չկա մի օր, երբ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հիշատակի տարելիցի առիթով միջոցառում չկազմակերպեն, այն ընթանալու է դեռ ողջ 2015 թվականին և բուն միջոցառումներն առջևում են...
Այս ֆոնին հատկանշանականը Հայոց Ցեղասպանության միջոցառումներին Հոլանդիայի հրեական, հունական, սիրիական, ասորական, քրդական, անգամ թուրքական համայնքների ու կազմակերպությունների կազմակերպված մասնակցությունն է:
Այնուհանդերձ արագացող ընթացքով ու շատ արդյունավետ Հայոց Ցեղասպանության 100-ամյակը լուսաբանվում է նիդերլանդական տարբեր կազմակերպությունների, պետական ու պաշտոնական կառույցների ու նաև մամուլի ու հեռուստատեսության կողմից:



Մամուլ և Հեռուստատեսություն
Historisch Nieuwsblad Նիդերլանդներում հայտնի պատկերազարդ ամսագիրը իր 2015 թվականի  առաջին համարում «Իրական ցեղասպանություն» վերնագրով զետեղեց ծավալուն 8 էջանոց մի հոդված, որում պատմական անրադարձ է կատարվում, լուսանկարներով, ներկայացվում է դաժան եղելությունը: Այս թեման մինչ օրս շարունակում է մնալ տեղի այլ թերթերի և ամսագրերի ուշադրության կենտրոնում: Գնալով կրկնապատկվում և բազմապատկվում են լույս  տեսնող հոդվածների քանակը: Բավարար ակտիվություն է նկատվում հեռուստատեսային լուսաբանումներում: Բացի Հայոց Եղեռնի մասին կարճ լուրերից ու ռեպորտաժներից Նիդերլանդների հանրային հեռուստատեսության 2-րդ հեռուստաալիքով մաս-մաս ցուցադրվում է «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմը: Այն «VARA» հեռուստաընկերության թողարկած ֆիլմն է և արդեն ամբողջությամբ ցուցադրվել է Հաագայի «Կարևորություն ունեցող ֆիլմեր»-ի «Movies that Matter» փառատոնի շրջանակներում:
Հետաքրքրական է, որ  նիդերլանդական մեդիայի  միջոցներն  իրենք են հայկական կազմակերպություններին  տեղյակ  պահում  իրենց  հրապարակած նյութերի մասին: Բավական ուշագրավ նամակ է ստացել հայկական VAN կազմակերպության նախագահ տիկին Սվետա Աբրահամյանը'  NPO Spirit հայտնի հեռուստակայանի խմբագիր-հեռուստահաղորդավար Եվա դե Բուրից: Հանրային հեռուստատեսության բարձր' A կարգավիճակ ունեցող այս հեռուստակայանի ղեկավարն ինքն է տեղյակ պահել, որ Հայաստանին նվիրված լուր է պատրաստել և առաջարկել այն տեղադրել կազմակերպության կայքում: Տեսաերիզը, որ ուղեկցվում է տեքստով, անրադառնում է  հայտնի կիրակնօրյա իրադարձություններին. «Կիրակի երևանում տոն էր,- ասվում է  հեռուստառեպորտաժում, ոչ միայն այն պատճառով, որ անակնկալ համերգ տվեց Քանյե Ուեսթը...
Մեծ հուզմունք առաջ բերեց Վատիկանում Ֆրանցիսկոս Հռոմի պապի 100 տարի առաջ տեղի ունեցած  դեպքերը Ցեղասպանություն արտաբերելը: Հայաստանը ուրախ է, որ ի վերջո հնչեց Ցեղասպանություն բառը:
Սակայն թուրքերը շարունակում են ժխտել Ցեղասպանությունը' դեպքերը որակելով, որպես առաջին համաշխարհային պատերազմի հետևանք»:
Հաղորդման ընթացքում հնչում են ՀՀ նախագահի, Թուրքիայի վարչապետի դիրքորոշումները, հասարակ մարդկանց կարծիքները, ցուցադրվում են կադրեր Քարդաշյան ընտանիքի Ծիծեռնակաբերդ այցելությունից:
Հաղորդումը  եզրափակվում է Հայոց Ցեղասպանության  օրվա  հիշատակմամբ' այն պաշտոնապես նշվում է ապրիլի 24-ին մայրաքաղաք Երևանում, ասել է հաղորդավարուհին:
Իր նամակի վերջում NPO Spirit-ի խմբագիրը  հղում է արել հաղորդման հասցեն և նյութը կայքում տեղադրելու  համար  կոդ  է տրամադրել , հայտնել, որ այն տևական ժամանակ մնալու է համացանցում:
Այս թեմայով ռեպորտաժ է պատրաստել նաև NOS նորությունների  հեռուստակայանը: «Հինգ հարց Հայոց Ցեղասպանության մասին» վերնագրով և մեծադիր լուսանկարով մի հոդված էլ տեղադրել է սեփական կայքում: Այն ճանաչողական բնույթի է և ընթերցողին լայն պատկերացում է տալիս Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի դիրքորոշման ու Ցեղասպանությունը ճանաչած երկրների դիրքորոշումների մասին:
«Պապը խոսում է Հայոց Ցեղասպանությունից» վերնագրով հոդված է զետեղել կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող De Telegraaf թերթը: Ծավալուն հոդված է տպագրել նաև մեկ այլ հանրահայտ  թերթ ' Volkskrant-ը, Նիդերլանդական այլ թերթեր և ինտերնետային լրատվության միջոցներ:

(без названия)
NPO Spirit հայտնի հեռուստակայանի խմբագիր-հեռուստահաղորդավար Եվա դե Բուր
Հայոց Ցեղասպանության վերջին քննարկումները Նիդերլանդների խորհրդարանական և կառավարական շրջանակներում
Հայոց Ցեղասպանության թեման ավելի բուռը զարգացումներ է ունեցել Նիդերլանդների խորհրդարանական հարթակներում, ինչը չի  կարելի ասել կառավարության կուլիսներում տարվող զգուշավոր քաղաքականության: Ինչպես հայտնի է անցյալ տարի Ալմելոյում բացվեց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշհամալիրը ու այս կապակցությամբ թուրք ժխտողականները հրահանգ ու աջակցություն ստանալով Անկարայից, մեծ աղմուկ բարձրացրեցին'  փորձելով արգելել հուշհամալիրի կառուցումը: Ի պատիվ խորհրդարանական ուժերի, ովքեր  դատապարտելուց  զատ,  կառավարությունից պահանջեցին պարզել և  պատժել խժդժությունների  մասնակիցներին,  անգամ տեղի մարզային խորհրդով  Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեցին:Նիդերլանդների խորհրդարանի հինգ խմբակցություններ '  Սոցիալիստական (SP),  Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ ( CDA) , Քրիստոնեական Միություն (CU), Բարեփոխված Քաղաքական (SGP) և Ազատության համար (PVV) կուսակցությունները հետամուտ են եղել հայկական խնդիրներին: Հոլանդացի պատգամավորները մեկ անգամ չէ, որ  սուր հարցադրումներ են առաջ քաշել կառավարությանը: Օրինակ'  ինչ՞ու հոլանդական կառավարությունը  ի թիվս  Հոլոքոսթի և Ցեղասպանության այլ դրսևորումների   չունի  Հայոց Ցեղասպանության ժխտման դեպքերի համար իր  հստակ դիրքորոշումը:   Պատգամավորներին հետաքրքրել է, թե կառավարությունն ինչպե՞ս է ապահովելու Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացումը: Պատգամավորները պահանջել են, որ կառավարությունը վստահեցնի և ապահովի իր ներկայությունը ոգեկոչման միջոցառումներին:
Արդեն ապրիլի 9-ին խորհրդարանը կարծես թե մասամբ ստացավ այդ  հարցերի պատասխանը: Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը՝ 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:
Որոշումն ընդունվեց 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
Կառավարությանն էլ կարծես ձեռնտու էր Թուրքիային ոչ այնքան դատապարտող խորհրդարանի այս նոր հայտարարությունը:
Ռութեի կառավարության այդչափ զգուշավորությունը կարելի է կապել պետության արդեն  մշակած քաղաքականության հետ:  Նիդերլանդները, որ տնտեսապես, տարեկան հինգ միլիարդ դոլարից ավելի շրջանառությամբ  կապված  է Թուրքիային, առաջինը չի փորձում  փչացնել իր հարաբերությունները այդ երկրի հետ: Մյուս  հանգամանքը Նիդերլանդներում ապրող մի  քանի միլիոն թուրքերի գործոնն է, իսկ հաջորդը' նիդերլանդական  բազմազգ հասարակության  մեջ  ազգային  պառակտման  բացառումը էթնիկ խմբերի  միջև: Թերևս  դա է պատճառը, որ  Ցեղասպանության  հարցում  կառավարությունը զգաստ ու  զուսպ  քաղաքականություն է հանդես  բերում, խուսափում խորհրդարանական  սուր  հարցադրումների պատասխաններից:  Պատճառը բացատրելի է:  Այդ մասին վկայում են հետևյալ օրինակները:
Երբ  Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը և Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու վարչության ատենապետ Օնիկ Գելիջին կառավարության կազմակերպած կրոնական  հավաքի ժամանակ օգտագործելով առիթը մոտեցել  են վարչապետին  ու  հարցրել'  արդյո՞ք  ինքը, թե  կառավարության մեկ այլ  անդամ է  մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ռութեն պատասխանել  է, որ սա բավականին զգայուն հարց է և խորհուրդ է տվել դիմել արտգործնախարար Կունդերսին: Նույն Կունդերսի մասին  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահն Մաթո Հախվերդյանն  ասել է, որ խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ  բազմիցս է  նա, նաև 2004 թ. հանրահավաքներում բացեիբաց խոսել ու դատապարտել Թուրքիայի կողմից իրագործած ցեղասպանությունը: Եվ ահա, կառավարության կազմ  տեղափոխվելուն պես կտրուկ փոխել է հայացքները: Կառավարության  կաբինետն ընդունում է , որ  տեղի ունեցածը  ողբերգություն է , ցավակցում է  հայ  ժողովրդին և այս պահի որոշմամբ   ապրիլի  24-ի Երևանյան սգո միջոցառումներին  լիազորել  է  մասնակցել  Վրաստանում Հայաստանի դեսպանին:Հենց այս փաստը չի  դիմանում     բազմաթիվ խորհրդարանականների  քննադատություններին:Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին' ապրիլի 24-ին  հորդորել է Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Խորհրդարանում կառավարության հետ ապրելի մեկի հարց ու պատասխանի  ժամանակ տարբեր կուսակցություններ ներկայացնող Օմթզիգթի, Բոմելի, Վորդևինդի և  մյուսների կողմից այս հարցն ավելի սուր է դրվել: Նրանցից մեկը արտգործնախարարին պարզապես այսպիսի հարց է ուղղել'  Ո՞վ է որոշել, որ Սաուդյան Արաբիայի թագավորի հուղարկավորությանը Նիդերլանդներից պետք է այդչափ բարձր պատվիրակություն գործուղվեր, իսկ Ցեղասպանության  զոհ դարձած մի ամբողջ ազգի համար նախատեսվեր միայն դեսպան:
Գնալով Հայոց Ցեղասպանության թեման շարունակվում է արդիական ու գերիշխող դառնալ Նիդերլանդների քաղաքական ու հասարակական կյանքում, լուսաբանվել մամուլով և հեռուստատեսությամբ: Մոտակա օրերին սպասվում է խոշոր հանրահավաք Դեն Հաագի կենտրոնական հրապարակներից մեկում, այնուհետև բողոքի երթ դեպի թուրքական դեսպանատուն: Հանրագրի հանձնում խորհրդարանին: Դրանից հետո կհետևեն ոգեկոչման արարողություններ Նիդերլանդների տարբեր քաղաքներում, մասնավորապես ապրիլի 24-ին ծաղիկներ  կդրվեն Ասենի և Ալմելոյի Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին: ՈՒ սա  դեռ վերջը չէ...

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»