?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

.

.
armen.JPG.    .armin.JPG
Արմեն և Արմինե Ասատրյանները ուսումնասիրություններ են կատարում Հայաստանի ազգային արխիվում:

Արմեն Ասատրյանը ծնվել, մեծացել է  Աշտարակի շրջանի (ներկայումս Արագածոտնի  մարզ) Օհանավան գյուղում' մանկավարժի ընտանիքում:Հայրը' Հոկտեմբեր Ասատուրի  Սիմոնյանը նաև ճանաչված ու հմուտ քանդակագործ էր: Նրա շնորհաշատ ձեռքի գործերից են Կարբի գյուղում կառուցված, հայրենական մեծ պատերազմում մասնակցած և զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի քանդակներն ու մանրաքանդակները: Հեղինակ է ֆրանսիացի բարերարների միջոցներով  դպրոցի դիմաց կառուցված խաչքարի,  մասնակցել է Ջավախքի Մեծ Խորենիա գյուղի(վրացիները հայտնի պատճառներով այն թարգմանել, անվանափոխել են Դիդի Խորենիա) գործող եկեղեցու կառուցմանը և այլը:
Հիշյալ հայրենասիրական ձեռնարկումները չէին կարող  անտարբեր դիտորդի կարգավիճակում թողնել Արմենին: Նա ընդունվում և ավարտում է Երևանի պետական Համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, որից հետո անմիջապես աշխատանքի անցնում  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում: Երիտասարդ գիտաշխատողը, ով սիրահարված էր հայրենի եզերքի  քար ու թփին,  պատմական արժեք ներկայացնող  հուշարձաններին, հազիվ է ճաշակում  աշխատանքային  բերկրանքն  ու սիրած գործի քաղցրությունը, երբ սկսվում է արցախյան գոյամարտը: Լինելով իր հայրենի հող ու ջրի նվիրյալ սիրահարը, անմիջապես կամավորական ջոկատների  կազմում մասնակցում է Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի (Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններ ) ինքնապաշտպանական  մարտերին և հաղթանակով տուն վերադանում:
Արմենն այսօր ընտանիքով ապրում է Երևանում  և  իր սիրած աշխատանքն է կատարում: ՀՀ մշակույթի նախարարության  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետազոտման գիտարտադրական կենտրոնի աշխատակից է, նաև «Երկրապահ»  կամավորական միության անդամ ու Աստված չարասցե, վտանգի դեպքում նա ոչ միայն  հուշարձանների պահպանության դիրքերում է լինելու...
Թեև թշնամուն պարտադրվել է խաղաղությունը և նպաստավոր պայմաններ կան գիտական պրպտումների ու ստեղծագործ աշխատանքի համար, վստահաբար կարելի է ասել, որ դա  այդպես չէ Արմեն Ասատրյանի համար: Նա  մշտապես փնտրտուքների  մեջ է , մաքառում, պայքարում  է'  գտնելու, փրկելու , վերականգնելու պատմական արժեք ներկայացնող հուշարձանների խունացող վավերագրերը: Նրան Նիդերլանդական Օրագրի թղթակիցը հանդիպեց Հայաստանի ազգային  պետական արխիվի ընթերցասրահում: Արմենն  ի  մի  է բերում Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային պատմական  ժառանգությունների մասին փաստերն  ու  տեղեկությունները: Սա  հսկայածավալ ժամանակ զբաղեցնող  աշխատանք է, որի   ճանապարհին քիչ չեն խոչնդոտները, քանի որ բավականին  արժեքավոր տեղեկություններ մնացել են հարևան Ադրբեջանի և Վրաստանի արխիվներում: Վրացիները ոչ բոլոր դեպքերում են սիրահոժար տրամադրում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող նյութերն  ու տեղեկությունները: Արմենը ստիպված է լինում օգտվել այլ լծակներից, կիրառել ճկուն մեթոդներ ' կորզելու համար հարկավոր տվյալները: Անգամ Ադրբեջանի ազգային պետական արխիվից նա  հայկական եկեղեցիներին վերաբերող նյութեր է ձեռք բերել: Այժմ էլ հպարտությամբ  է  պատմում, որ իր ձեռքի  տակ  են  Թբիլիսիի Ս. Մողնու, Ս.Գևորգ և Ս.Նշան հայտնի եկեղեցիների գործունեությանն առնչվող հետաքրքիր ու ամբողջական տեղեկությունները:Էջմիածնի կաթողիկոսարանը շուտով  այդ մասին պատրաստվում է գիրք հրատարակել: Սա բոլորը չէ:Մոտակա տարիներին կամբողջացվեն Թբիլիսիում գտնվող  հայկական մոտ 25 և  Վրաստանի տարածքի 360 հայկական  եկեղեցիների  ուսումնասիրությունների արդյունքների մասին  պատմող նյութերը:Արմեն Ասատրյանը պատմական անցյալին վերաբերվող ու մշակութային ժառանգություններին առնչվող  գիտահանրամատչելի բազմաթիվ հոդվածների հեղինակ  է,  անգամ «Ծաղկեվանք» անունով թերթ է հրատարակել: Չկա որևէ  հանրապետական թերթ, որտեղ զետեղված չլինեն  նրա  հեղինակած  հոդվածները:  Հրատարակել է Կարբի գյուղի, Հովանավանքի հին դպրոցի, Փիրումյանների մասին պատմող  գրքերը: Ի  դեպ նրա  հետ  համատեղ պայմանավորվածություն կա  իրականացնել հայոց ազնվական տոհմերից Ամատունիների  մասին պատմող  գրքի  ստեղծման և տպագրության  նախագիծը:
Այս բազմազբաղ աշխատանքներում մշտապես Արմենի  կողքին է,  և  նրան  ծավալուն աջակցություն է ցուցաբերում  կինը' Արմինեն, ով մասնագիտությամբ մանկավարժ  է, բայց  հասցրել է յուրացնել  պատմությանն առնչվող մասնագիտական նուրբ հմտությունները: Նա մեկ ամուսնու  կողքին  է'  Երևանի տարբեր գիտական կենտրոնների ընթերցասրահներում, մեկ տանը' համակարգիչի  մոտ, մեկ էլ գորովագութ ու սրտացավ մայրական  պարտականություններն է կատարում:ՈՒնեն երկու զավակ' Տիգրանը և Սոնան:


Սոնա Ասատրյանը (աջից) և  նրա 2009թ. Թուրքիայում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության հավաստագիրը:

Այս հետաքրքիր ընտանիքի  մասին մեր պատմությունն ամբողջական չի  լինի, եթե չխոսենք 16-ամյա Սոնայի մասին: Նա երեք տարեկանից կարդալ-գրել է սովորել, հինգ տարեկանից շախմատ  խաղալ: Տասը տարեկանում  լրացրել է այս սպորտաձևի առաջին կարգայինի նորման: Հինգ անգամ մասնակցել է Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններին, եղել է Հայաստանի չեմպիոնը, փոխչեմպիոնն ու   մրցանակակիրը, դպրոցականների օլիմպիադայի հաղթող է: Նրան մարզում է միջազգային կարգի գրոյսմաստեր Հրայր Սիմոնյանը: Ամենահիշարժանը Սոնայի կյանքում 2009 թվականն  էր, երբ Թուրքիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում  մեկ օրում հաղթեց 2 թուրք մասնակցի, իսկ հաջորդ օրը ևս մեկին: Այս  հաղթանակները կարևորվել են  նրանով, որ թուրք մասնակիցները նախօրոք Սոնային  հասկացրել են, որ իրենք  են հաղթելու:
Սոնան հավատարիմ է ընտանեկան ավանդույթներին, հետ չի մնացել հայրիկից, հրատարակել է «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հայտնի շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը, երբ տեսել է Սոնայի հեղինակած գիրքը,  համբուրել է նրան և  հուզվել ուրախությունից:
Այսպես է Ասատրյանների ընտանիքը վաղվա պատմության համար կերտում այսօրվա օրը:

(Մեր թղթ.)
Երևան