?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

11703200_1170586349634017_6539259091905935070_n.jpg

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը:
Հայաստանցի հանդիսականին ներկայացվեց 4,5 ժամանոց ֆիլմի ընդամենը վերջին՝ Հայաստանում նկարահանված մասը: Ֆիլմի պրոդյուսերն է Անյա վան Օստրոմը, ռեժիսորն ու սցենարի հեղինակը՝ Կեյս Շխապը: Գլխավոր դերակատարներն են Սինան Ջանը և Արա Հալիջին:  
Ֆիլմի հերոսները Նիդերլանդներում ծնված, մեծացած, ծագումով հայ և թուրք տղաներ են: Նրանց կողմից սեփական անցյալը պրպտելու, դաժան իրականությունը փնտրելու ջանքերն են վավերագիր պատմության առերեսման բացահայտումը: Ի վերջո, ազգությամբ թուրք լրագրող Սինան Ջանը և երաժշտական թատրոնի նիդերլանդահայ դերասան Արա Հալիջին հետազոտում են, թե ինչպե՞ս են իրենց ընտանիքները ներքաշվել հարյուր տարի առաջ թուրքերի կողմից իրականացված հայոց սպանդում:
Վեցմասանոց ճանապարհային վավերագրությունը պատկերում է Սինանի և Արայի ձեռնարկած ուղևորությունը Թուրքիայում և Հայաստանում՝ Ստամբուլից մինչև Երևան:
Վերջիվերջո ազգությամբ թուրք լրագրողը ներողություն է հայցում հայերին՝ թուրքերի իրականացրած ոճիրի համար:
Ի դեպ, նշենք, որ Սինան Ջանը մասնակցում էր կինոփառատոնի աշխատանքներին և ներկա էր կինոդիտմանը: Երբ մեր թղթակիցը ֆիլմի ավարտին հայաստանյան հանդիսատեսին ներկայացրեց, որ թուրք դերակատարը դահլիճում է և այն անձն է, որ իր նախնիների արարքի համար ներողություն է խնդրում, հետևեց բուռն ու հոտնկայս երկարատև ծափահարությունները լրագրող-դերասանին: Նիդերլանդական Օրագրի թղթակիցը բացառիկ հարցազրույց ունեցավ Սինան Ջանի հետ, որը կարող եք դիտել
ստորև:
Ի լրումն հավելենք, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծագել է Սինան Ջանի մոտ, իսկ նկարահանումը իրականացվել է հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստատեսության պատվերով:
Երևանում «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» նշանաբանով, մեկնարկել է 2015թ-ի հուլիսի 12-ին և եզրափակվելու է վաղը՝ հուլիսի 19-ին:  




media_xl_2861688.jpg


Հարցազրույց Սինան Ջանի հետ.
Նիդերլանդական օրագրի թղթակից. Ֆիլմի դիտումից հետո սպասու՞մ էիք այսպիսի արձագանքի հայաստանյան հանդիսատեսի կողմից:
Սինան Ջան. Այո՛, անշուշտ, քանի որ այն հեռարձակվել է նաև Նիդերլանդներում և ֆիլմի ավարտից հետո շատ հայերի եմ հանդիպել, ովքեր շնորհակալ էին և ուրախ, որ այսպիսի ֆիլմ է նկարահանվել: Այդ նույն ջերմությունն այստեղի մարդկանց մոտ եմ նկատում, և իսկապես տպավորված, շատ ուրախ եմ այսքան լավ ընդունելության արժանանալու համար:
Նիդելանդական օրագրի թղթակից.Ֆիլմի ընթացքում հանդիսատեսի համար պարզ է դառնում, թե ինչպիսի՞նն են ձեր զգացումները, անհանգստությունները: Ի՞նչ կասեք այժմ, երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվել են և հնարավորություն եք ունեցել էլ ավելի մեծ թվով հայերի հետ շփվելու:
Սինան Ջան. Մինչ այժմ ես շատ քիչ բան գիտեի, թե հայերի հետ ի՞նչ է կատարվել: Ես որոշակի պատմություն գիտեի, բայց ամբողջովին չէի տիրապետում: Ես նույնիսկ ոչ մի հայ ընկեր չունեի, իսկ այժմ շատ հայ ընկերներ ունեմ և 1 շատ լավ ընկեր՝ Արա Հալիջին: Կարող եմ ասել, որ մենք եղբայրներ ենք:
Այժմ շատ բան գիտեմ Հայաաստանի մասին և իմ երկրի պատմության մասին, որի մասին շատ բան չգիտեի:
Նիդերլանդական օրագրի թղթակից. Կարո՞ղ եք ասել, որ ֆիլմը հասավ իր նպատակին:
Սինան Ջան. Այո՛: Մովսես պապիկը 5 տարեկան է եղել, երբ ապրել է ցեղասպանությունը՝ աչքի առաջ տեսնելով ընտանիքի անդամների, հարազատների սպանությունը, և եթե ինքը կարողացել է ներել, ուրեմն յուրաքանչյուր հայ կարող է ներել: Մենք պետք է ընդունեք այն, ի՞նչ կատարվել է և ներողություն խնդրենք, իսկ հայերը պետք է կարողանան ներել, և պետք է ամեն ինչ անենք, որ պատմությունը չկրկնվի: Միասին և համատեղ պետք է անենք հնարավորինս ամեն բան:
Նիդերլանդական օրագրի թղթակից. Ինչպե՞ս են թուրքերը, ըստ Ձեզ, վերաբերում այս հարցին:
Սինան Ջան. Որոշ փոփոխություններ նկատվում են Թուրքիայում: Ժամանակին մարդկանց մեծամասնությունը մերժում էր ցեղասպանության գաղափարը, իսկ այժմ երիտասարդ սերունդը խոսում է այս թեմայով, հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարում՝ հասկանալու, թե ի՞նչ է կատարվել հայերի հետ և որտե՞ղ են հիմա  նրանք: Կարծում եմ, որ հայացքների շրջադարձը Հրանտ Դինքի սպանությունից հետո եղավ , որից հետո շատերը սկսեցին մտածել, թե ինչու՞ այս մարդուն  պիտի սպանեին:
Մարդկանց մի խումբ կա Թուրքիայում, որ կարծում է՝ պետք է ընդունել այն, ինչ կատարվել է, և անկաշկանդ են «ցեղասպանություն» բառը  օգտագործելիս:

Հարցազրույցը վարեց Էլեն Հարությունյանը