?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry





Օգոստոսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հաստատության (A.G.M.A.) նախագահ Հարություն Պողոսյանին և նույն հաստատության քարտուղար, Ալմելոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ռոբին Գելեջիին:

Հյուրերը նախարարին ներկայացրեցին Ալմելոյի հայ համայնքի առօրյան, նշելով, որ հայությունը վերջին շրջանում առավել գործուն է դարձել: Այս հանգամանքին նպաստել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումները և հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցումը: Ինչպես նշեց Հարություն Պողոսյանը, հուշահամալիրը գտնվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքի վրա և ունի հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճ. կառուցված է հայկական տուֆ քարից՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնելով իրականացրած աշխատանքների, հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման առթիվ, նշեց որ ներկա պայմաններում, երբ բավական շատ են մարտահրավերները, նիդերլանդահայությունը պետք է ավելի համախմբված գործի: Նրա առաջնահերթությունների թվում պետք է լինի նաև հայկական ամենօրյա դպրոցի ստեղծումը, քանի որ հայերենը եվրոպական երկրներում նահանջում է, իսկ առանց մայրենի լեզվի իմացության՝ հայապահպանությունը հաջողություն չի կարող ունենալ: Ինչպես նշեց նախարարը՝ խնդիրը կարող է արդյունավետ լինել, եթե ստեղծվի լավագույն հնարավորություններով հագեցած դպրոց, որտեղ երեխաները ոչ միայն հաճույքով սովորեն, այլև կարողանան երգի, պարի, մարզական խաղերի միջոցով շփվել միմյանց և ամրապնդել հայերենը:

Հյուրերը հավաստիացրեցին, որ աշխատանքներ կտանեն նման ծրագրի իրականացման համար և ցանկություն հայտնեցին ավելի սերտացնել գործակցությունը սփյուռքի նախարարության հետ: