?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry






Համլետ, շնորհավորելով քեզ նոր տեսահոլովակիդ պրեմերայի կապակցությամբ չեմ կարող չհարցնել. Ինչու հենց ա՛յս ոճի մեջ:
Նախ եւ առաջ, թույլ տվեք շնորհակալությունս հայտնել Ձեզ այս հարցազրույցի համար: Իսկ թե ինչո՞ւ այս ոճի մեջ, փորձեմ պատասխանել: Երեւի ավելի շատ հոգու եւ արյան կանչն է, քան ժամանակի պահանջը: Քանի որ ես սասունցու թոռ եմ եւ դաստիարակվել եմ այդ արժեքներով, ինձ համար հոգեհարազատ է երգել հենց այս ոճի մեջ: Դա գալիս է դեռ Տոնապետ պապիցս, ով հինգ տարեկանում գաղթելով Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառի Սղունդ գյուղից, հրաշքով փրկվել է 1915թ. եղեռնից եւ բնակություն հաստատել Արեւելյան Հայաստանի Ուջան գյուղում՝ շարունակելով Մանուկյանների տոհմը՝ իրենց բարքերով: Դա ժառանգաբար փոխանցվել է ինձ, եւ ես հպարտ եմ, որ իմ երակներում սասունցու, եւ առհասարակ, հայի արյուն է հոսում:
Դու այսօր ապրում ես Նիդերլանդների թագավորությունում: Ինչպես կարողացար այդքան հայ մնալ, ինչը օգնեց: Ինչն է ստիպում, դրդում հայերեն երգեր կատարել: Երգելուց զատ ինչո՞վ ես զբաղվում:
Երգելուց զատ, սովորում եմ տնտեսագիտության ֆակուլտետում եւ ունեմ շատ նախասիրություններ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում եմ իրագործել: Ազգագրական պար եմ դասավանդում Մաաստրիխտ քաղաքի հայկական Անի համայնքում: Ճիշտ է, դեռ նոր է սկսվել այդ ծրագիրը, բայց աշակերտների թիվն արդեն գերազանցում է 15-ը, նրանք շատ հաճույքով են պարում: Համեմատելով Հայաստանի երիտասարդության հետ՝ ես վստահ կարող եմ ասել, որ արտասահմանի հայ երիտասարդությունը ավելի է կապված հայկական մշակույթի հետ, քան շատ հայաստանցիներ: Երեւի կարոտն է այստեղ մեծ դեր խաղում, քանի որ ոչ բոլորը հայրենիք այցելելու հնարավորություն ունեն:
Գիտեմ, որ նկարել ես նաև երկրոդ տեսահոլովակդ, կարելի՞ է ենթադրել, որ հայկական շոուբիզնեսում ամուր արմատներ գցելու մեծ հավակնություն ունես:
Այդ շոու-բիզնես կոչվածը ինձ համար մի փոքր այլ սահմանում ունի: Կարող եմ ասել, որ դա իմ գերագույն նպատակը չէ: Կարեւորն այն է, որ իմ երգացանկի յուրաքանչյուր երգ հասնի հայ ժողովրդի սրտերին եւ ունենա իր լսարանը: Տվյալ դեպքում շոու բիզնես հասկացությունը կծառայի որպես մեխամիզմ, լծակ, ինչը ինձ թույլ կտա իրականացնել ծրագրերս: Ես վստահ եմ նրանում, ինչ անում եմ, սիրտս է հուշում, իսկ բանականությունս չի առարկում: Ես ասպարեզ եմ դուրս եկել արյանս կանչով, որպեսզի դառնամ բնագավառի առաջամարտիկ, ինչ եք կարծում ես ինչ-որ բանից կվհատվեմ? Ասեմ ավելին, չնայած երիտասարդ եմ ու համեմատաբար անփորձ, բայց ձգտելու եմ առավելագույնին, քանի որ ազնիվ եմ ինքնս իմ հետ, ես չեմ երգելու, որ սպասեմ գնահատականի, ես երգելու եմ, որ ինձ լսեն ու վստահ եմ, որ ինձ կլսեն, քանի որ անհնար է չլսել այդ կարոտի ձայնը: Այն ձայնը, որ ցեղասպանված շատ երիտասարդներ կրում են իրենց գեներում, այն ձայնը, որը առաջին անգամ լսելիս էլեկտրական հոսանք է անցնում մարմնովդ:
Ճշմարիտ եք ասում, արդեն նկարահանել ենք նաեւ երկրորդ տեսահոլովակը, որը մոտ մեկ ամսից կհանձնեմ ժողովրդի դատին:
Փորձի շարունակել միտքը... ՛՛Հայրենիք կվերադառնամ, եթե...՛՛
Ցավոք սրտի, այդ «եթե»-ները շատ են, սակայն մի միտք ուզում եմ առանձնացնել. ես միշտ հայրենիքում եմ, քանի որ ընտանիքիս կողքին եմ, իսկ իմ եղբայրները ինձ չեն մոռացել, մենք միասին ենք ու միշտ միասին կլինենք: Քանի դեռ արդեն իսկ դատարկման շեմին կանգնած հայկական գյուղերում սասնա աշխարհի երգն ու պարն է հնչում, ես հայրենիքում եմ:
Լավ կլիներ, որ հայրենիքս չդատարկվեր:
Հարցազրույցը վարեց՝ Արփի ՎԱՆՅԱՆԸ
2015-09-19 11:08:00
www.blogbox.am