?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Այս առիթով Սուրբ Հոգի եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակներում Նիդերլանդների մայրաքաղաք էին ժամանել մի շարք պատվավոր հյուրեր։ Նրանց շրջանակներում հարկ է առանձնացնել Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանին ՝ Ֆրանսիայից, Արժանապատիվ Տեր Խաչատուր քահանա Ֆրանկյանին, Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Հարլեմ-Ամստերդամի եպիսկոպոս Հենդրիկսին, Ամստերդամի «Աուդը կերկ» բողոքական եկեղեցուց հովիվ Էդդի Րիֆհաուսին, Նիդերլանդներում ՂՊՏԻ եկեղեցի Ուղափառ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Անբա Արսենին, Ռուս Ուղափառ եկեղեցուց՝ Սերգեյ վարդապետ Օվսյանիկովին, ինչպես նաև ՝ Սիրյան Ուղափառ եկեղեցու և եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներին՝ ի դեմս Ամստերդամի վարչության ատենապետ Հենկ Մյուլինկին և այլոց:

Փակ միջոցառմանը ներկա էին նաև Հոլանդիայի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհուրդների ատենապետները, հայկական միությունների ղեկավարները, երիտասարդական միությունների ներկայացուցիչները: Հյուրերի շարքում էր նաև Հայ փոստի տնօրեն պարոն Հայկ Ավագյանը, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, հյուպատոս պրն. Գևորգ Պետրոսյանը և նորանշանակ հյուպատոս պրն. Անդրանիկ Գրիգորյանը։ Միջոցառման սկզբում Գերշ. Տ. Տարոն եպս. Ճերեճյանն ընթերցեց Սուրբ Հոգի եկեղեցու 300 ամյակի առիթով հղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը:

Եկեղեցու 300 ամյակի առիթով Երևանից Ամստերդամ էր ժամանել նաև սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը։Նա ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Հոգի եկեղեցու 300 ամյակի առիթով շնորհավորական ուղերձը: Տիկին Հակոբյանն իր կողմից նշեց, որ Ամստերդամի հայկական եկեղեցին վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել. կապիտալ վերոնորոգումից բացի այն իր պատերի ներսում համախմբում է Նիդերլանդներում բնակվող բոլոր հայերին՝ կազմակերպելով մի շարք հայրենասիրական միջոցառումներ։

Շնորհավորական խոսքերով հանդես եկան նաև Սուրբ Հոգի եկեղեցու ծխական խորհրդի ներկայացուցիչ պարոն Վահան Ավագյանը, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հարլեմ-Ամստերդամի եպիսկոպոս Գրշհ. Հենդրիկսը, Աուդը Կերկ բողոքական եկեղեցու հովիվ Էդդի Րիֆհաուսը, Ռուսական եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում իրենց զեկույցներով հանդես եկան նաև ազգությամբ հոլանդացի հայագետ պրոֆ. Ռենե Բեկյուսը և Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ, հայագետ Թեո վան Լինտը:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հայկական ավանդական խորտիքների հյուրասիրությունը, որի ընթացքում սոպրանո Ռուզաննա Նաապետյանը՝ Իրինա Պարֆյոնովայի նվագակցությամբ, կատարեց Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։

Սուրբ Հոգի եկեղեցին հիմնվել է 1714 թ. 40 հայ վաճառականների և Վանանդեցիների տպարանի պատասխանատու Թորգոմ Արքեպիսկոպոսի կողմից: 1874 թ. եկեղեցին վաճառվել է «Ամենասուրբ Փրկիչ» բարեգործական կաթոլիկ միությանը: Վերջիններս, իրենց հերթին, այն հանձնել են սեփական հսկողության տակ գտնվող մայրապետներին, ովքեր էլ հայկական եկեղեցին վերածել են կաթոլիկ դպրոցի: 1985 թ. հոլանդահայերի կատարած հանգանակությունների, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած միջոցներով հաջողվել է վերագնել եկեղեցին:

Այսօր Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին շարունակում է իր լուման ներդնել հավատացյալ հայորդիներին՝ իր հովանու տակ հավաքելու և ազգապահպանման կարևոր գործում: Եկեղեցու հայկական համայնքը՝ «ԱՅՕ» երիտասարդական միության անմիջական աջակցությամբ, ակտիվ բարեգործական գործողություն է ծավալում Նիդերլանդներում՝ պարբերաբար կազմակերպելով բազմաբովանդակ միջոցառումներ և ուխտագնացություններ։ Համանքն ակտիվ է նաև միջեկեղեցական հարաբերություններում. այցելում և համագործակցում է կաթոլիկ, ռուս ուղափառ, սիրյան և ՂՊՏԻ եկեղեցիների հետ, ինչպես նաև՝ եկեղեցիների համաշխարհայի խորհրդի Ամստերդամի վարչության հետ:

Եկեղեցու հովանու ներքո գործում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող կիրակնօրյա դպրոցը, որտեղ շուրջ 90 հայ երեխաներ ու երիտասարդներ ստանում են հայոց լեզվի, հայրենագիտության, հայոց պատմության և կրոնի դասընթացներ: Հայ երիտասարդների և աշակերտների ակտիվ ու անմիջական շփումն ապահովելու նպատակով՝ եկեղեցում գործում է նաև երգի և պարի խմբակ, որը հնարավորեւթյուն է տալիս հայրենիքից հեռու բնակվող հայերին չմոռանալ իրենց արմատները, հայ երգն ու պարը:
ՄԱՐԻՇԱ ՇԻԿ
Orer.am