?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Դիանա Ավետիսյան
(Մեր թղթ.)
Հոլանդիան կարելի է համեմատել բերքատու ծառի հետ, որն աշխարհին բարիք է տվել` հանրահռչակ արվեստագետների ստեղծագործությունների տեսքով: Հնարավոր է անվերջ խոսել այս երկրի հրաշագործ արվեստի վարպետների մասին, ում անունները սերտորեն կապված են Հոլանդիայի հետ: Պատուհանից բացվող աշնանային մելամաղձոտ, հակասական տրամադրություններ ստեղծող տեսարանը դրդեց ինձ հոդված պատրաստել հենց հոլանդացի տաղանդավոր նկարիչների մասին: Արվեստագետներ, ում ստեղծագործություններն աշնանային գունապնակի պարունակությունն ունեն, նույնքան հակասություն ունեցող` երբեմն պայծառ, երբեմն էլ մռայլ ու թախծոտ, նույնիսկ` խելահեղ ու տարօրինակ թվացող, ինչպես պատուհանից այն կողմ «գտնվող» իրական աշունը : Նրանց ստեղծած կտավների լաբիրինթոսում հայտնիները շատ են: Այնուամենայնիվ, առանձնացրել եմ հոլանդացի այնպիսի նկարիչների, ում անուններն ու հռչակը հայտնի են աշխարհով մեկ:
Ռեմբրանդ Հարմենս Վան Ռեյն: «Դանայան» (Danae)
Հոլանդացի նկարիչների անվանացանկը բացենք Ռեմբրանդ Հարմենս Վան Ռեյնով (Rembrandt Harmensz van Rijn): Նա լույս աշխարհ է եկել 1606 թվականի հուլիսի 15-ին Լեյդենում (Leiden): Ռեմբրանդը առանձնանում էր իր՝աշխատանքի հանդեպ հետաքրքիր մոտեցմամբ: Ստեղծագործելիս՝ նկարիչն առաջնային կերպով պատկերում էր հետին պլանը: Նա իր աշխատանքում կիրառում էր նաև վրձնի սուր ծայրով նկարելու պրակտիկան` անցկացնելով այն դեռ չչորացած ներկի վրայով: Նման մեթոդը հիմնականում կիրառվում էր նկարիչների կողմից` կտավներում մազերը պատկերելու ընթացքում: Ռեմբրանդի «Յակոբ Դե Գեյն III-ի (Jacob III de Gheyn ) դիմանկարը» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում`որպես ամենահաճախ գողացված արվեստի գլուխգործոց: Աշխատանքը գողացվել և գտնվել է չորս անգամ: Իսկ ահա ամենաառեղծվածային կտավներից է վարպետի «Դանայան» (Danae): Այդ կտավը երկու բնորդուհի է ունեցել, որից մեկը Ռեմբրանդի կինն էր` Սասկիա Վան Էյլենբյուրգը (Saskia van Uylenburgh), իսկ մյուսը՝ իր որդու ստնտուն` Գերտե Դիրքսը (Geertje Dirx): Կտավը փոփոխության է ենթարկվել Սասկիայի մահից հետո` համատեղելով նկարչի երկու սիրեցյալների դիմագծերը: Այսօր «Դանայան» գտնվում է հատուկ պաշտպանական համակարգի տակ: Այդ հնարքի իրականացման պատճառ հանդիսացավ այցելուներից մեկը, ով նկարի վրա էր շփել ծծմբաթթու և «դանակահարել» այն 2 անգամ: Վերականգնումը տևել է 20 տարի: Ռեմբրանդի կյանքում եղել է երեք կին, սակայն նկարիչն ամենից շատ սիրել է իր կտավները և «ամուսնացած» է եղել արվեստի հետ:

d_bosx.JPG
(Jheronimus Bosch ) նկարչի ամենահայտնի կտավներից մեկը` «Երկրային վայելքների այգին» (The Garden of Earthly Delights)

Հանրահռչակ նկարիչ Հիերոնիմ Բոսխ: Ծննդյան թվականը ստույգ չէ` մոտ 1450-1460 թվականներ: Իր մականունը Հիերոնիմուս Վան Ակենը փոխ է առել Հերտոգենբոս (Hertogenbosch) քաղաքի վերջին վանկից: Այսօր էլ Բոսխի անունը տարաձայնությունների և ասեկոսեների պատճառ է հանդիսանում: Բոսխի կյանքից մեզ շատ քիչ բան է հայտնի: Որոշ աղբյուրների համաձայն՝ նրա պապն ու հայրը նույնպես նկարիչ են եղել: Իր կտավներում պատկերված հրեշներն ու մեղքերի մեջ թաղված մարդիկ, կարծես, էլ ավելի պահանջված և գրավիչ են դարձնում այդ առեղծվածային նկարչի կենսագրությունը, ում, ի դեպ, իր իսկ կոլեգաներն անվանել են «մղձավանջների պրոֆեսոր»: Բոսխի կտավները չէին արգելվում եկեղեցու կողմից, ինչը զարմանալի է՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանին հատուկ հայացքները: Բոսխը, ով ապրել է 60 տարի, համարվում է մեզ հասած 30 կտավների հեղինակը: Այն հանգամանքը, որ Բոսխի կենսագրությունը «մառախլապատ» է, շարժառիթ հանդիսացավ բազմաթիվ լեգենդների հորինման համար: Ոմանք պնդում են, թե Բոսխի նկարներում թաքցված են այն ժամանակների ալքիմիկոսների, աստղաբանների և վհուկների գաղտնիքները: Ոմանք էլ հակված են այն կարծիքին, որ նա հերետիկոս է եղել, այնինչ բազմաթիվ աղբյուրներ վկայում են Բոսխի խիստ հավատացյալ լինելու փաստի մասին: Արվեստագետները Բոսխին դասում են վաղ շրջանի սյուռեալիստների շարքին` կարծելով, որ հենց նրա նկարներն են ոգեշնչել հայտնի սյուռեալիստ (վերիրականություն) Սալվադոր Դալիին (Salvador Dalí), ով ապրել և ստեղծագործել է Բոսխից 400 տարի հետո: Բոսխի կտավների գլխավոր թեմատիկան մարդն է` իր երկրային կյանքում գործած մեղքերով հանդերձ: Հանրահայտ Հիերոնիմ Բոսխի նկարները ողողված են զանազան սիմվոլներով, որոնք կարելի է անվերջ բացահայտել: Այսպես, նկարչի ամենահայտնի կտավներից մեկը` «Երկրային վայելքների այգին» (The Garden of Earthly Delights), իր մեջ թաքցնում է բազմաթիվ ռեբուսներ: Այստեղ վրձնի յուրաքանչյուր շարժումը խոսուն է և խորիմաստ: Այդ մեկ կտավում Բոսխը փորձել է պատկերել մարդու կյանքի բոլոր փուլերը: Ձախ կողմը պատկերում է դրախտը, աջ կողմը` դժողքը, իսկ կենտրոնական մասում գտնվում է երկրային վայելքների այգին: Բոսխի մահը ևս առեղծվածային է: Իր վախճանից 100-ամյակներ անց Բոսխի շիրիմում չեն գտնվել նկարչի մնացորդները:
Յոհանես Յան Վերմեր (Johannes Jan Vermeer): «Մարգարտե ականջողով աղջիկը»,«Համերգ» (The Concert)
Հաջորդը մեր ցանկում Յոհաննես Յան Վերմերն է (Johannes Jan Vermeer): Նա ծնվել է 1632 թվականին Դելֆտում (Delft): Վերմերը կարճ կյանք է ունեցել, նա ապրել է ընդամենը 43 տարի: Սակայն այդ 43 տարին անհնար է անարդյունավետ անվանել: Վերմերն իր կտավներում կարողանում էր վարպետորեն փոխանցել լույսի հմայքը: Նկարչի ամենահայտնի նկարներից է` «Մարգարտե ականջողով աղջիկը»: Վերմեերը բազմազավակ հայր է եղել, ունեցել է 15 երեխա: Ներկայումս աշխարհում հայտնի է Վերմեերի վրձնին պատկանող 39 կտավ: Նկարներից մեկը`«Համերգ» (The Concert) անվանումով գողացվել 1990 թվականին և առ այսօր չի բացահայտվել նկարի գտնվելու վայրը: Վերմերի նկարներում ամենահաճախ հանդիպող իրը դեղին վերարկուն է, որը պատկանում էր իր կնոջը` Կատարինային, ում հաճախ կարող ենք հանդիպել իր ամուսնու կտավներում: Վարպետը մահացել է աղքատության մեջ: 1672 թվականին սկսված պատերազմը շատ բան փոխեց «նկարչական շուկայում», ինչը դրդեց Վերմերին վաճառել իր մոտ գտնվող գրեթե բոլոր նկարները: Նկարչի մահից հետո նրա կինը ստիպված հրաժարվել է ժառանգությունից և հանձնել այն պարտատերերին:

Վինսենտ Վան Գոգ:                         «Արևածաղիկները» (Sunflowers): «Աստղային գիշերը» (Starry night)
Այս աստղաբույլերի ֆոնին իր ուրույն տեղն ունի Վինսենթ Վան Գոգը (Vincent van Gogh): Նա ծնվել է 1853 թվականին Խրոտ Զունդերտ (Groot-Zundert) գյուղում: Ամենատարածված լեգենդներից է, իբր Վան Գոգը կտրել է իր ականջը, այնինչ կտրվել է միայն ականջի բլթակը: Ոմանք պնդում են, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել նկարիչ Պոլ Գոգենի (Paul Gauguin) հետ բռնկված վեճի ժամանակ: Իր կյանքի ընթացքում Վան Գոգը գրել է ավելի քան 900 նամակ, որոնցից շատերը ուղղված էին իր եղբորը` Թեոդոր Վան Գոգին (Theodorus van Gogh): Թեոն բազում անգամներ օգնել է իր եղբորը և միշտ իր կողքին է եղել, նույնիսկ՝ հեռավորության վրա: Թեոդորը մահացել է Վինսենթից 6 ամիս անց: Վինսենթ Վան Գոգն իր կյանքի ընթացքում վաճառել է միայն մեկ նկար` «Խաղողի կարմիր այգիներ Առլում» (Red vineyard at arles): Նկարչի անունը հայտնի է դարձել միայն մահից հետո: Նրա ամենահայտնի գործերից են «Աստղային գիշերը» (Starry night) և «Արևածաղիկները» (Sunflowers): Այդ հանրածանոթ կտավները ստեղծվել են հոգեբուժարանում, որտեղ Վան Գոգը ինքնակամ է հայտվել: Մշտական աղքատությունը, ալկոհոլը և ծանր աշխատանքը չէր կարող բացասապես չանդրադառնալ նկարչի առողջության վրա: Վան Գոգի նկարներում պատկերված դեղին կետերը վկայում են նրա ծանր հոգեբանական վիճակի մասին: Վան Գոգին շատերն անվանում են «խենթ վարպետ»: Ոչ ոք չէր հավատում, որ օրերից մի օր նա կդառնա հայտնի նկարիչ: Այնինչ, այսօր Վինսենթ Վան Գոգն ամենապահանջված նկարիչների շարքում է:
Թեև դրսում մելամաղձոտ, տխուր ու անձրևախառն աշուն է և օրերը լցված են քաղաքական պայթունավտանգ իրադարձություններով, անափ ու տխուր իրականության դատարկ ժամանակը արժևորվում ու գունազարդվում է այս վարպետների արարող վրձնի աշնանային բազմերանգ գույներով:

Վինսենտ Վան Գոգ' Խաղողի կարմիր այգիներ Առլում: