?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Ապագա» խորագրով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովի մասնակից Իոնա Հոբոսյանը Նիդերլանդներից է, ապրում է Հաագա քաղաքի արվարձաններից մեկում: Ակտիվորեն մասնակցում է նիդերլանդահայության կյանքին: 2006 թվականին նախաձեռնել և Ուտրեխտ քաղաքում ստեղծել է «Գլաձոր» երիտասարդական միությունը, որը 100-ից ավելի ակտիվ անդամներ ունի:

«Նիդերլանդների հայկական համայնքը շատ կազմակերպված է և բաժանված չէ ըստ տարածքների, այլ  աշխատում է տարբեր միությունների միջոցով: Օրինակ՝ գործում է Հայ ուսանողների միությունը, երիտասարդ իրավաբանների միությունը,  երիտասարդ մասնագետների միությունը,  և անշուշտ, ավանդական հայկական միությունները:

Իմ երազանք է, որ հայությունը միավորվի, քանի որ միությունը հզորություն և  ուժ է տալիս և սերտ համագործակցության հնարավորություն»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Իոնան:

Իոնան աշխատում է տուրիզմի ոլորտում, և փորձում է իր բիզնեսը նույնպես ինչ որ կերպ ծառայեցնել Հայաստանին. «Վերջերս մեր կազմակերպության զանգերի կենտրոնը տեղափոխեցինք Հայաստան, քանի որ համոզված էի, թե Հայաստանում շատ բարձր մակարդակ ունեցող երիտասարդների կարող ենք ընդգրկել մեր  աշխատանքում: Եվ,  իրոք, ներկայումս մենք  խթանում ենք  ոչ միայն տուրիզմի զարգացումը Հայաստանում, այլ նաև աշխատատեղեր ենք ստեղծել. 12 հոգի  աշխատում են մեր գրասենյակում»:

Անդրադառնալով համաժողովին՝ Իոնան նշեց, որ շատ է կարևորում նման հավաքները, քանի որ ամեն ինչ սկսվում է ոգեշնչումից. «Եթե որոշում ենք որևէ նախագիծ իրականացնել և լավ արդյունք ունենալ, նախ պետք է լայն կապեր հաստատենք: Իսկ այդ կապերը հաստատվում են հենց նման համաժողովներում: Վստահ եմ, որ այս ֆորումից շատ երիտասարդներ կհեռանան ոգեշնչված և անպայման ինչ որ ծրագրեր կհղանան: Եվ այն գաղափարները, որ կծնվեն այստեղ՝  իրենց շարունակությունը կունենան այլ հարթակներում: Հավատում եմ, որ բոլոր լավ ծրագրերը կյանքի են կոչվում հենց ոգեշնչման, նվիրումի և լավ կապերի շնորհիվ»: