?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» մասնակցել են Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներին Նիդերլանդների խորհրդարանում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/03/635209/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից



«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Նիդերլանդների խորհրդարանում հրավիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի շուրջ լսումներին մասնակցող պատվիրակության կազմում էր: Լսումները նախաձեռնել էր Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Պիետր Օմտզիգտը: Մասնակցում էին նաև հոլանդացի այլ քաղաքական գործիչներ: Պարոն Օմտզիգտը հրավիրել էր Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ հետևելով Լեռնային Ղարաբաղում վերջերս արձանագրված լարումների վերաբերյալ FAON-ի ուղարկած նամակին: Պատվիրակության կազմում էին Ինգե Դորստը և Մաթո Հախվերդյանը (FAON), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Լսումներին նախորդել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումները: Սեպտեմբերին երեք կին էր զոհվել, երբ ադրբեջանական բանակը հրետակոծում էր ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Զուգահեռաբար, արձանագրվել էին հրադադարի պարբերաբար խախտումներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում: Միջազգային հանրության համար մտահոգիչ է նաև, որ շարունակաբար կիրառվում են մեծ տրամաչափի զինատեսակներ: Իր ելույթում տիկին Դորստը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի համապատկերը՝ անդրադառնալով վերջին տարիների պատմությանը: Նա դիմեց Նիդերլանդների խորհրդարանին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումները սահմանափակող հստակ միջոցներին և վերահաստատել ռազմական թեժ գիծ: Տիկին Դորստը կոչ արեց հոլանդացի պատգամավորներին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և ջանքեր գործադրել, որ ԼՂ հանրությունը իր տեղն ունենա բանակցային սեղանի շուրջ: Այնուհետև, ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը մշտապես Եվրոպական խորհրդարանի և ԵՄ այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա: Նա խոսեց նաև ԵԽ փոխնախագահի և բազմաթիվ այլ պաշտոնյաների՝ ԼՂ կատարած այցերի, ինչպես նաև վերջերս հրադադարի խախտման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կոշտ արձագանքների մասին: «Մեզ համար շատ կարևոր է մեր ներդրումն ունենալ այս լսումներին և մենք շնորհակալ ենք Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային՝ այս հնարավորության ընձեռման համար: Ազգային խորհրդարանները և դրանց անդամները կարող են կարևոր դերակատարություն ունենալ, և նրանց աջակցությունը այս հարցի խաղաղ կարգավորման գործընթացում չափազանց անհրաժեշտ է: Մենք հուսով ենք, որ Հոլանդիայի խորհրդարանը կաջակցի հրադադարի խախտման դեպքերը բացառող միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լավագույնս կգնահատի սա»,- ասել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող պատկերը: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը առաջնային կարևորություն ունի հակամարտության կարգավորման համար և նկատեց. «Միջազգային հանրությունը վճռականորեն պետք է արտահայտվի հրադադարի խախտման մասին և դատապարտի հանցագործին: Կողմնակալ բանաձևերը, ինչպես օրինակ ԵԽԽՎ-ի բանաձևը, վնասում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ուստի, ես ուրախ եմ իրազեկել հոլանդացի պատգամավորներին այս թեմայի շուրջ: Հուսանք, որ նրանք կաջակցեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական հետագա գործընթացներին»: Երկար տարիներ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) բավականին ակտիվ է եղել հոլանդացի պաշտոնյաների հետ համագործակցելու և Լեռնային Ղարաբաղը նրանց ուշադրության կենտրոնում պահելու հարցում: Լսումներին ներկա էր նաև հոլանդացի պատգամավոր Հարի Վան Բոմմելը, որը անձամբ եղել է Հայաստանում: Թե՛ պարոն Վան Բոմմելը, և թե՛ պարոն Օմտզիգտը հարցրեցին Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությանը՝ ինչպես Հոլանդիայի խորհրդարանը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը պահպանմանը:  «Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը ունի սեղանի շուրջ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի հանրությունը, քանի որ, երբեմն, թվում է, որ վերջիններիս մասին մոռացվում է հակամարտության մասին խոսելիս»,- նշեց պարոն Օմտզիգտը:

Հայաստանի եվրոպացի բարեկամների մամուլի հաղորդագրություն