?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ապրիլի 26–ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Հոլանդիայի հայ երիտասարդական «Գլաձոր» միության անդամներին:

Ողջունելով հոլանդահայ երիտասարդներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթեց տպավորիչ և անմոռանալի օրեր Հայաստանում, այնուհետև ավելացրեց. «Ուրախ եմ, որ հատկապես այս օրերին եք Հայաստան եկել, երբ աշխարհասփյուռ հայությունն իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և փաստում, որ տեր է իր պատմությանն ու իրավունքներին: Վստահ եմ, որ այն ամենը, ինչ տեսաք այստեղ՝ ավելի ու ավելի կամրապնդի ձեր ազգային գիտակցությունը: Որպես սփյուռքի նախարար իմ խնդրանքն է, որ դուք նախ և առաջ լինեք այն երկրի օրինապահ քաղաքացին, որտեղ ապրում եք՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնաք ձեր ազգային պատկանելությանը և հայ եկեղեցուն»:

Նախարարը խորհուրդ տվեց, որպեսզի երիտասարդները ավանդույթ դարձնեն գոնե 4 տարին մեկ անգամ Հայաստան գալ, որ կարողանան Հայաստանով հրապուրել նաև իրենց բարեկամներին, հայ և այլազգի ընկերներին:

«Դուք կարող եք հպարտանալ Հայաստանով, նրա մշակույթով ու քաղաքակրթությամբ, քրիստոնեական արժեքներով, մարդկային որակներով: Աշխարհում չպիտի լինի որևէ հայ, ով չի տեսել Հայաստանը: Առանց Հայաստանը տեսնելու, առանց նրա հող ու ջրին առնչվելու, առանց հայոց լեզվի իմացության հնարավոր չէ ամբողջական հայ լինել», – ասաց նախարարը՝ հորդորելով, որ իրենց ժամանակից անպայման մաս հանեն հայության համար:

Հանդիպմանը մասնակցում էին և հոլանդահայ երիտասարդներին ողջույնի ու խրախուսանքի խոսքեր ուղղեցին միջազգային իրավունքի փորձագետ, ֆրանսաբնակ Սուրեն Սերայրդարյանը, Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտո Մալխասյանը և արգենտինահայ իրավաբան Լուսինե Մինասյանը:

3 4