?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Լրացուցիչ լուսանկարներ դիտելու
համար այցելեք այստեղ

Ապրիլի 24-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տարածքում կառուցված Հայոց Ցեղասպանության Զոհերի Հուշահամալիրի (AGMA) մոտ էին հավաքվել բազմաթիվ հայրենակիցներ և այլազգի հյուրեր, հարգանքի տուրք մատուցելու 101 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ալմելո էին ժամանել Ամստերդամի, Մաստրիխտի, Նայմեխենի, Արհնեմի, Ալեքմարի և այլ քաղաքների հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:

Հիշատակի արարողությունը կատարեց Ֆրանսիայից ժամանած Արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Հոգեշնորհ Հայր Արեն Շահինյանի և Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի հետ միասին:

Այնուհետև հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ շարունակվեցին հիշատակի արարողությունները: Հրավիրված հյուրերի թվում էին ոչ միայն Ալմելոյի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ, այլ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմտզիխտը` Քրիստոնեական միություն (CDA)   կուսակցությունից, ով նաև Եվրախորհրդարանի պատգամավոր է, Սադեթ Կարաբուլութը՝ Սոցիալիստական Կուսակցությունից (SP ), ով խորհրդարանի սոցիալական հարցերի և ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահն է, իշխող՝ Ժողովրդավարության և Ազատության Համար (VVD) կուսակցությունից Հան Տեն Բրուկեն, ով արտաքին հարցերի և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է:

Հյուրերի թվում էին նաև Օվերայսելի մարզի Քրիստոնեական միություն (CU) կուսակցության նախագահ Յան Վեստերտը: Սոցիոլոգ Ոոգուր Ունգորը, ով նաև հայտնի պատմաբան և ցեղասպանագետ է:

Խորհրդարանի պատգամավորները իրենց ելույթներում ցավ հայտնեցին անմեղ զոհերի հիշատակին և իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքական ժխտողական քաղաքականության և հույս հայտնեցին, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ, եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ ցերեկույթի ընթացքում գեղարվեստական մասով ելույթներ ունեցանՆիդերլանդներում բնակվող հայազգի երգիչ-երաժիշտները: Վահե Հովհաննիսյանի կատարմամբ հնչեցին դուդուկի ստեղծագործություններ, իսկ Ռուզաննա Նահապետյանի կատարմամբ հնչեցին «Դլե յաման» և «Բաց մեզ, տեր» երգերը: Ջութակահարուհի Վալենտինա Բեգլարյանի կատարմամբ հնչեց «Օտար ամայիճամփեքի վրա» ստեղծագործությունը:

Փակման խոսքով ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու օրվա խորհրդին, քննադատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ արեց միասնական ուժերով շարունակել պայքարը՝ արդարացի պահանջի իրականացման հասնելու համար:

Մանուկ  Մկրտչյան
Ալմելո

Ալմելո2Ալմելո3 Ալմելո5Ալմելո7 Ալմելո8Ալմելո9 Ալմելո10Ալմելո11 Ալմելո12Ալմելո13