?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Երկիրը. Նիդերլանդներ (հոլանդերեն. Nederland ) – Հոլանդիա: Պետություն է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։

Տես նաև Հոլանդիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >

           

Բնակչությունը` 16.515.057  միլիոն մարդ (2009 թվականի տվյալներով)

Աշխարհագրական դիրքը. Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։ Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41.200 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,900 կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։

Վարչական բաժանումը. Նիդերլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզերի (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։

Մարզերն են`







  • Խրոնինգեն

  • Ֆրիզլանդ

  • Դրենթե

  • Օվերեյսել

  • Ֆլեյվոլանդ

  • Խելդերլանդ

  • Ուտրեխտ

  • Հյուսիսային Հոլանդիա

  • Հարավային Հոլանդիա

  • Զեյլանդ

  • Հյուսիսային Բրաբանտ

  • Լիմբուրխ





Կառավարման համակարգը.Խորհրդարանը. 1814 թ. ի վեր Նիդերլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատներ (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդերլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդմաները ըտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։ Նիդերլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։ Թագավորը. Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներից (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890-ից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։Կառավարությունը.Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։ Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։

Պետական կրոնը. Վաղ միջնադարից լինելով քրիստոնեա երկիր, այսօր Նիդերլանդներն համարվում է Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008-ի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնեաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29% կաթոլիկ է, 19%-ը բողոքական է։ Մահմեդականները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։


Պետական լեզուն. Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է և պատկանում է   հնդեվրոպականլեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։ Հոլանդերեն լեզուն խոսում են ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սենթ-Մարտեն կղզիներում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է:

Դրամական միավորը` Եվրո

Կլիման. Կլիման բարեխառն ծովային է, մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Կլիմայի վրա ազդեցություն է գործում Հյուսիսային ծովը, որը տարվա բոլոր եղանակներին մեղմում է ջերմաստիճանը։ Արևելյան և հյուսիսարևելյան շրջանները համեմատարաբ ավելի ցուրտ են, քան արևմտյան, հարավարևմտյան և հյուսիսային ծովեզերյա շրջանները։ Նիդերլանդները համարվում է անձրևային երկիր։ Բնորոշ է ամպամած, արագ փոփոխվող, հաճախակի մառախուղներով եղանակը։ Ամենաշատ տեղումները գրանցվում են հյուսիսային, կենտրոնական շրջաններում և Լիմբուրխ մարզի հարավային մասում։