?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Քաղաքները. Խոշոր քաղաքներն են Ամստերդամը, Ռոտերդամը, Հաագան, Ուտրեխտը, Էյնդհովենը: Մայրաքաղաքն Ամստերդամն է, իսկ խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ Հաագան: Գլխավոր նավահանգիստ Ռոտերդամն աշխարհում ամենամեծն է և Արևմտյան Եվրոպայի ծովային դարպասը: Ամեն տարի Ռոտերդամի նավահանգիստ են ժամանում 30 հզ. ծովային նավեր (նավահանգիստը միաժամանակ կարող է ընդունել 375 նավ): Ցամաքի խորքային շրջանների հետ կապված է Հռենոսի և Մոզելի վրայով անցնող ջրային ուղիներով, երկաթուղային և խճուղային ճանապարհներով, նավթամուղներով:

Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշոր քաղաքներից մեկն է: Գտնվում է Ամստել գետի դելտայում, Էյսելմեր (Զյոյդեր Զե) ծոցի մոտ, ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ։  Առաջին անգամ հիշատակվել է 1275-ին։ Անվանումը առաջացել է Amstel գետի անունից և հոլանդերեն damm «ամբարտակ» բառից, այսինքն «Ամստելի ամբարտակ»: Բնակչությունը կազմում է 767.333  մարդ: Ամստերդամը նաև Նիդերլանդների ֆինանսական և մշակութային կենտրոնն է: Մի շարք տեսարժան վայրեր, ինչպիսիք են` Ռեյքսմյուզեումը, Վինսենտ Վան Գոգի թանգարանը, Քաղաքային թանգարանը, Ամստելի Էրմիտաժը, Կարմիր լապտերների փողոցը, ամեն տարի դեպի այս քաղաք են ձգում շուրջ 4.2 միլիոն զբոսաշրջիկի: Այն համարվում է Եվրոպայի ամենատարածված տուրիստական քաղաքներից մեկը: Հյուրանոցների երկու-երրորդը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Զբոոսաշրջիկների մեծ մասը  (74%)  այստեղ գալիս են Եվրոպայի այլ երկրներից: Ամստերդամի պատմական կենտրոնը առանձնանում է լավ պահպանված միջնադարյան կառույցների մեծ քանակությամբ` եկեղեցիներ, բնակելի և առևտրային շենքեր: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցը Դամրակն է, որտեղ  տեղակայված են մշակութային կենտրոնները, բազմաթիվ սրճարաններ, արհեստանոցներ և թանգարաններ: Դամրակ և Ռոկին փողոցների խաչմերուկում է գտնվում Դամ հրապարակը: հրապարակի արևմտյան մասում է գտնվում ամենաուշագրավ ճարտարապետական կառույցներից մեկը` Թագավորական Պալատը, որն ավելի քան 200 տարի հանդիսանում է Նիդերլանդների միապետների նստավայրը: Մոտակայքում գտնվում է Մադամ Տյուսոյի թանգարանը: Պալատից դեպի արևելք գտնվում է Ազգային հուշարձանը` կանգնեվցած  1956 թվականին նացիզմի դեմ պայքարում զոհված նիդերլանդցիների հիշատակին: Հրեա ժողովրդի պատմությունը   պատմում է Հրեական պատմության թանգարանը, որը տեղակայված է մայրաքաղաքի նախկին  «Մեծ Սինագոգում»: Հետաքրքիր են նաև Ամստերդամի միջնադարյան աշտարակները: Ամստերդամում շատ են ջրերի վրա «լողացող տները»:  Որպես կանոն, դրանք «Վիքենդ հոմս» են, այսինքն տներ, որտեղ տերերը գալիս են հանգստյան կամ տոն օրերին: Ամստերդամը  երիտասարդության շրջանում  հայտնի է` շնորհիվ իր թեթևակի թմրամոլությամբ, բայց հատուկ հաստատություններում` «կոֆեշոփերում», և De Wallen կարմիր լապտերների փողոցով, որտեղ մարմնավաճառները ցուցադրում են իրենց դուռ-պատուհաններից, որոնք ունեն ցուցափեղկերի տեսք և լուսավորված են կարմիր գույնով: Ամստերդամում է գտնվում Artis Zoo կենդանաբանական այգին: Այստեղ կա ավելի քան 750 տեսակ կենդանի և 300 տեսակ բույս:

Ռոտերդամը  (նիդերլանդերեն Rotterdam) քաղաք և համայնք է Նիդերլանդներում: Տեղակայված է Հարավային Հոլանդիայի նահանգում, Հյուսիսային ծովի Նիեվե-Մաաս գետի գետաբերանին: Բնակչությունը   610.462  մարդ  է (2011 թվականի ապրիլի 29-ի տվյալներով), երկրորդ խոշոր քաղաքն է համարվում Նիդերլանդներում Ամստերդամից հետո: Ռոտերդամի կարգախոսն է Sterker door strijd («Հզորանալ պայքարում» Ռոտերդամը խոշոր տրանսպորտային հանգույց է (երկաթուղային և ավտոճանապարհային), ունի ծովային  (Հյուսիսային ծովում) և գետային  (Նիեվե-Մաաս գետում ) նավահանգիստներ, օդանավակայան: Ավտոարտադրության կենտրոն է, կան նաև  թանգարաններ, թատրոններ, (օպերաներ և բալետներ, դրամաներ), գրադարաններ:  Ամեն տարի հունվարին քաղաքում անցկացվում է միջազգային կինոփառատոններ:Ռոտերդամի նավահանգիստը Եվրոպայի ամենամեծ նավահանգիստն է համարվում, իսկ 1962 թվականից մինչև  2004 թվականը աշխարհի ամենամեծը (այժմ ամենամեծ նավահանգիստը Շանհայի նավահանգիստն է Ռոտերդամում է գտնվում համաշխարհային թանգարանը, խորանարդային տները, եվրոպական կայմը, Էրազմայի կամուրջը: Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մզկիթը բացվել է Ռոտերդամում 2010 թվականի  նոյեմբերի 18-ին: Մինարեթի բարձրությունը կազմում է  50 մետր, իսկ կառույցի ներսում միաժամանակ կարող են գտնվել մոտավորապես եերեք հազար մարդ:

Հաագան (նիդերլանդերեն Den Haag)Նիդերլանդների արևմուտքում` Հյուսիսային ծովի ափին,  քաղաք համայնք է, որտեղ գտնվում է նիդերլանդական կառավարության, խորհրդարանի  և Բեատրիքս թագուհու նստավայրերը, ինչպես նաև Հարավային Հոլանդիայի մայրաքաղաքն է: Հաագայում է գտնվում խոշոր միջազգային օրենսդիր մարմինները` ՄԱԿ-ի միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը, Միջազգային արբիտրաժային դատարանը և այլն: Հաագան հանդիսանում է Նիդերլանդների երրորդ խոշոր քաղաքը Ամստերդամից և Ռոտերդամից հետո: Բնակչությունը կազմում է   482.742 մարդ  (2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով), իսկ տարածքը  98.20 քառ. կմ է: Հաագայի թանգարաններն են` Մաուրիցհեյս (նիդերլանդերեն  Mauritshuis), ոսկե դարաշրջանի (XVII) հոլանդացի նկարիչների(Վերմեր, Ռեմբրանդ, Պոտտեր և այլոք) ցուցահանդես: Մունիցիպալ թանգարանը (Gemeentemuseum) ունի ժամանակակից արվեստների, երաժշտական գործիքների, նորաձևության և Պիտա Մոնդրիանի նկարների մեծ հավաքածուններ: Էշերաթանգարանում (Eschermuseum) ներկայացված են նիդերլանդացի նկարիչ Էշերայի գրաֆիկական արվեստը: Պանորամա Մեստագ (Panorama Mesdag)` պանորամային նկար   14 մետր բարձրությամբ և  120 մետր երկարությամբ, որտեղ պատկերված է XIX հարյուամյակի Սհեվենինգե ձկնորսական գյուղակը: «Քանդակներ ծովի վրա»  թանգարանը (Beelden aan Zee) ներկայացնում է XX դարի քանդակագործությունը: Մուզեոն  (Museon)` կրթական թանգարան` գիտության և էթնոլոգիայի մասին ցուցանմուշներով:Մադյուրոդամ  (Madurodam)` թանգարան բաց երկնքի տակ Նիդերլանդների տեսարժան վայրերի մանրակերտներով:  Փառատոնները.«HaSchiBa»` մուլտիմշակութային փառատոն (օգոստոսին), «Pasar Malam Besar»` ինդոնեզիական փառատոն և տոնավաճառ (հունիսին), մինչև  2005 թվականը Հաագայում ամեն տարի անցկացվում էր Հյուսիսային ծովի  ջազային փառատոն (North Sea Jazzfestival), իսկ  2006 թվականին փառատոնը կազմակերպվում է նաև Ռոտերդամում:

Մշակույթը. Հոլանդիան հարուստ մշակույթով երկիր է, աչքի է ընկնում գիտական, առողջապահական, կրթական զարգացած համակարգով: Համաշխարհային ճանաչում ունեն գեղանկարիչներ Ռեմբրանդը, Վան Էյքը, Վան Գոգը, Վան Դեյքը, Կարել Ֆաբրիցիուսը, Պիտեր Բրեյգելը, Հերոնիմոս Բոսխը, հումանիստ-գիտնական Էրազմ Ռոտերդամցին, ժամանակակիցներից` կինոռեժիսոր Գեռիտ վան Դեյքը, ճարտարապետ Մատիս Բոուն և ուրիշներ: Հոլանդացի բանաստեղծ և դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդելի «Լյուցիֆեր» ողբերգությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Մեծ է Նիդեռլանդների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում՝ ի դեմս Վիլեմ Բարենցի և Աբել Թասմանի: Հոլանդիայում են ստեղծվել առաջին ոսպնյակներն ու մանրադիտակները:

Արվեստը. Նիդերլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609-1672 թթ.)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլոք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդերլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։

Գրականությունը. Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բառբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուն։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թ.) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլադական գաղութակալությունը։ 1940-1942 թթ. գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անց կացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։

Ճարտարապետությունը. Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։

Կինոն. 19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910-ից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թ.) և «Բոլորը» (1963 թ.) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրադականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիներին արժանացել են Օսկար մրցանակի։

Մամուլը. Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»։ Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։

Ավանդույթները. Նիդերլանդում, որպես ավանդույթ կամ կյանքի հիմնական կենտրոն, համարվում է ընտանիքը: Սովորաբար դա մի տուփ է, ուր տեղ են գտել ամուսինները, երեխաները և նրանց բարեկամները: Նրանց համար հատկապես կարևոր է սերնդեսերունդ ավանդույթների փոխանցումը: Բնակիչները նախընտրում են իրենց հանգիստը վայելել ընտանիքի հետ: Լայնորեն տարածված են քրիստոնեական և ազգային տոները:

Ազգային խոհանոցը. Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ազգային խոհանոցը հայտնի է ծովամթերքների առատությամբ: Ճանաչված ուտեստներից են «հարինգը», «մաչեսը», «հոտպոտը» և այլ ուտեստներ: Երկրում հիանալի են պատրոստում լիկյորը, որոնցից առավել հայտնի է «Օրանժ Բիտերը»: Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։

TravelNews.am Կայքից