?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Լուսանկարում Աշերը (կենտրոնում) նիդերլանդահայ պատվիրակության անդամներից մի քանիսի հետ: Ձախից Մ.Հախվերդյանը:


Վերջերս Ադրբեջանական կայքերը մեծ ոգևորությամբ հղում կատարելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հաղորդում են,որ Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդովիկ Աշերը հայտարարել է,որ Ամստերդամը չի ճանաչելու 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն :

Այս առնչությամբ հայկական մի շարք կայքեր մեջբերել են ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանի «Նիդերլանդները չե՞ն
ճանաչում Հայոց ցեղասպանությունը» վերնագրով գրառումը, որտեղ ասվում է.


«Կամ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում Anadolu-ի անունից կամ Anadolu-ն է ստում Լյուդովիկ Աշերի անունից, կամ էլ Հոլանդիայի փոխվարչապետն է անգրագետ և ստախոս...»


Ինչու՞մն է բանը, երբ իրոք Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս  երկրի օրենսդիր մարմինը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն :
Միանգամից ասենք, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, պարզապես այդ երկրի կառավարությունն է շատ զգուշավոր վերաբերվում այդ հարցին:
Իհարկե Anadolu-ն խտացնում է գույները ի նպաստ թուրքական ժխտողականության, պարզապես հոլանդական կառավարությունը ի տարբերություն իր օրենսդիր մարմնի որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության մասին միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի կոնսենսուս' հետևաբար հստակ ու միանշանակ դիրքորոշում չի արտահայտում: Բայց միևնույն ժամանակ չի էլ ժխտում ցեղասպանության փաստը: Ինչպես ասում են' կանգնել է փայտի մեջտեղում, պահելով հավասարակշռությունը:

Դեռևս մայիսի 12-ին այս թեմայով հանդիպում կազմակերպեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի,
«24 Ապրիլ » հանձնախմբի և Նիդերլանդների սոցիալական հարցերի նախարար , փոխվարչապետ Լյուդվիգ Աշերի միջև։
Հոլանդահայ պատվիրակությունը մեկ անգամ չէ , որ հորդորում է կառավարությանը կյանքի կոչել իրենց օրենսդիր մարմնի բանաձևը և իրերն իրենց անունով անվանել:
Օրինակ այս դեպքում կբացառվի Հայոց ցեղասպանության նկատմամաբ հոլանդաբնակ թուրքերի երկակի վերաբերմունքը։ Մի մասը ժխտում են Հայոց ցեղասպանությունը' հիմնվելով թուրքական կառավարության և ԶԼՄ-ների քարոզչության վրա, մյուս մասը անընդունելի է համարում նրանց ժխտողական կեցվածքը և համոզված են անհերքելի ճշմարտության մեջ:
Հանդիպման ընթացքում Աշերը կիսել է նիդերլանդահայերի այն մտահոգությունը, որ Հայոց ցեղասպանության թեման դասավանդվի դպրոցներում, ինչպես դա արվում է Հոլոքոստի պարագայում։ Նախարարը խոստացել էր, այս հարցը քննարկել կրթության և գիտության նախարարի հետ։
Հայկական պատվիրակությունն իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության նկատմամբ Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մասին,պահանջել այս հարցում հստակ և ոչ երկակի մոտեցում,ինչպես օրինակ դա արվում է այլ երկրների կառավարություններում (Ֆրանսիա, Բելգիա ...):
Հոլանդահայ ֆեդերացիան գտնում է, որ այսպիսի կեցվածքը հիասթափեցնող է և անստույգ, հատկապես մի երկրում, որտեղ միջազգային իրավունքը և խաղաղությունը այնքան բարձր են գնահատվում, որտեղ խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրան իր աջակցությունն է ցույց տալիս Հոլանդիայի քաղաքացիական հասարակությունը։
Արդեն հունիսի 2-ին, երբ Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին հայտնի բանաձևը, Նիդերլանդական օրագիրը խնդրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, պարոն Մաթո Հախվերդյանից պարզել' թե փոխվել է արդյոք մի բան Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մեջ.

«կառավարության տեսակետը դեռ չի փոխվել, իսկ Նիդերլանդների խորհրդարանը պահանջել է կառավարությունից, նամակով հայտնել կառավարության տեսակետը Գերմանիայի որոշումից հետո,-ասաց պարոն Հախվերդյանը։ Աշերը և կառավարությունը նուրբ կերպով շրջանցում են պարզ պատասխան տալուց։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Գերմանիայի և Նիդերլանդների կառավարություններին լուրջ վերաբերվել սեփական խորհրդարանների որոշումներին և պատմության մասին խոսել միանշանակ և պատասխանատու կերպով, ինչպես դա արել են այդ երկրների օրենսդիր մարմինները »։

«Նիդերլանդական Օրագիր»