?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



(«Սովետական Հայաստան», 1985, թիվ 1)

Բելգիական հայագիտությանը նվիրված հոդվածում («Սովետական Հայաստան», 1984թ. N 11) մենք արդեն հայտնել ենք, որ մ. թ. չորրորդ դարում Բելգիա է այցելել Սերվետիոս (ըստ լատինական աղբյուրների) կամ Սերվե (ֆրանսերեն) անունով մի հայ, որն իր բարեգործություններով հայտնի էր դարձել նաև Հոլանդիայում, որտեղ նա թաղված է։ Հետագա դարերում հայ-հոլանդական հարաբերություններին վերաբերող տեղեկություններ մինչև խաչակրաց արշավանքները, առայժմ հայտնի չեն, երբ ինչպես Եվրոպայից Արևելք արշաված մյուս ագգերը, այնպես էլ հոլանդացիները ավելի մոտիկից ծանոթացան հայերին։
Հայերը Կիլիկիայում տիրում էին նավագնացության համար հարմար ջրերի, ունեին նշանավոր նավահանգիստներ և ծովային հանապարհորդություններ էին կատարում դեպի Եվրոպայի զանազան երկրներ, այդ թվում նաև՝ Հոլանդիա։ Առևտրական այդ նավարկություններից բացի հայկական նավերը Եվրոպա են տարել Կիլիկյան հայոց թագավորության անկման հետևանքով ծանր պայմաններում հայտնված հայերի, որ գաղթեցին Կիլիկիայից Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, հասան մինչև հեռավոր Հոլանդիա։ Այստեղ հաստատված հայերի մասին բնագույն տեղեկությունները վերաբերում են 12-րդ դարին։

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ այցելած առաջին հայերին վերաբերող տեղեկությունները գրանցված են 1560— 1565 թթ., երբ հայ վաճառականները Հոլանդիա էին բերել մարգարիտ և ադամանդ։ Քառասուն տարի անց, 1605 թ. Շահ–Աբասի կողմից Ջուղայի բռնի արտագաղթից հետո, ջուղայեցիների մի մասը գաղթում է Հոլանդիա։

Հոլանդական հայագիտությանը նպաստեցին 17-րդ դարում Ամստերդամում հիմնված հայկական տպարանները, որտեղ տպագրված հայերեն գրքերի միջոցով երկրում ծանոթացան հայ գրավոր մշակույթին։ Այստեղ տպագրված առաջին գիրքը Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» պոեմն էր, որը տպագրվեց 1661-ին տպագրիչ Մատթեոս Ծարեցու մահից (1660 թ.) հետո։ Ծարեցու գործը շարունակեց Ոսկան Երևանցին, որն Էջմիածնի հանձնարարությամբ 1664-ին գնաց Ամստերդամ և նորովի սկսեց գործը։ Նա ձուլեց հայկական նոր տառեր և սկսեց տպագրել «Գիրք այբուբենից, յաղագս նորեկ աղայոց և մանկանց անկրթից, նաև արանց դեռ ևս ոչ ուսելոց»–ը։ Սա հայոց լեզվի ուսուցման ձեռնարկ էր, որը պետք է օգտագործեին աշխարհով մեկ ցրված հայերը։ Ոսկանի գլուխգործոցը, սակայն, 1666-ին տպագրած Աստվածաշունչն էր։ 1666—1669 թթ. ընթացքում Ոսկանը հրատարակեց 16 գիրք։ Այնուհետև Հոլանդիայում հռչակվեցին տպագրիչներ Մատթեոս, Ղուկաս և Թոմաս Վանանդեցիները։ 1695 թ. Ամստերդամում հրատարակվեցին հայկական առաջին տպագիր քարտեգը («Համատարած աշխարհացոյց») և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Վերջինս հետագա տարիներին տարածվեց Եվրոպայում և հիմք հանդիսացավ լատիներեն թարգմանությունների համար (1733 թ. Ստոկհոլմ, 1736 թ. Լոնդոն)։ Մինչև օրս էլ Լոնդոնի, Ամստերդամի, Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ գրադարաններում հայագետներն օգտագործում են Թոմաս Վանանդեցու տպագրած գրքերը։

Վանանդեցիների տպարանը Եվրոպայում այնքան էր հռչակվել, որ ռուս ցար Պետրոս Առաջինն Ամստերդամում գտնված տարիներին փորագրության արվեստը սովորելու համար դիմել է հայկական տպարանի փորագրիչ Ադրիան Սկոնեբեկին։ Մասնագետների կարծիքով Պետրոս Առաջինն Ամստերդամում ծանոթացել է նաև 1695 թ. տպագրված հայերեն «Համատարած աշխարհացոյցին», որը հետագայում ընդօրինակվել և տպագրվել է ռուսերեն։

Վանանդեցիներին ենք պարտական այնպիսի մի նշանավոր հայագետ պատրաստելու համար, ինչպիսին էր գերմանացի Շրյոդերը, որի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը մինչև օրս չի կորցրել իր գիտական արժեքը, և որը եվրոպացիները համարում են հայկական հանրագիտարան։ Այս գրքում ուսումնասիրված են հայերենի ծագումն ու զարգացման ընթացքը, հայ տպագրության պատմությունը, հայոց տաղաչափությունը (գրանցված եվրոպական նոտաներով), արևելահայերենի քերականությունը, բարբառները և այլ խնդիրներ։ Տպագրված են հայկական բնագրեր՝ լատիներեն թարգմանություններով։ Եվրոպացի շատ հայագետների համար նախակրթարանի ձեռնարկ հանդիսացած և տպագրական դժվարություններ հարուցած այս գիրքը լույս է աեսել 1711 թ. Ամստերդամում, հոլանդական տպարանում, վանանդեցիների տրամադրած հայերեն տառերի և տպարանի ունեցած լատիներեն տառանիշերի և նոտաների օգտագործմամբ։ Հեղինակը հարկ է համարել գրքի առաջաբանում իր երախտագիտությունը հայտնել Թոմաս Գողթնեցուն և նրա եղբորորդի Ղուկաս Նուրիջանյանին։ Վերջինիս նա հատուկ շնորհակալություն է հայտնում՝ նրանից հայերեն սովորած լինելու համար։ Ղուկասն էլ իր հերթին Շրյոդերի գրքում զետեղել է հայագետին նվիրված մի ոտանավոր, որում, ի դեպ, նա իր աշակերտի անուն-ազգանունը (Յոհաննես Շրյոդեր) նշել է Հովհաննես Սկոդերյան ձևով:

Դժբախտաբար Շրյոդերի ո՛չ բոլոր աշխատություններն են արժանացել տպագրվելու բախտին։ Մինչև օրս անտիպ են մնում հայագետի հավաքած նյութերը, որոնք նախատեսված են եղել հայերեն-լատիներեն բառարանի համար, մի բառարան, որի վրա հայագետն աշխատել է մոտ կես դար։ Այս նյութերի շարքում են նաև Լեյդեն քաղաքի մատենադարանում պահվող և հայագիտական հետաքրքրության ներկայացնող շուրջ երեք տասնյակ տպագիր և անտիպ գրքեր, որոնց թվում՝ 12 հայերեն ձեռագիր։

Հոլանդիայում են պահվում նաև ֆրանսիացի նշանավոր հայագետ Լակրոզի լատիներեն-հայերեն անտիպ բառարանը և հայագիտական որոշ գրառումներ։ Հայագետի «Եթովպիայի և Հայաստանի քրիստոնեության պատմությունը» տպագրվել է Ամստերդամում 1739 թ.։ Այստեղ տպագրված հայագիտական աշխատություններից հիշատակության արժանի են նաև անգլիացի հայագետներ Պ. Ռիգոտի «Հույների և հայերի եկեղեցիների արդի վիճակը» (1710 թ.) և Զ. Հանվեյի «Ճանապարհորդություն Լոնդոնից դեպի Ռուսիա Պարսից աշխարհով (Հայաստան, հայեր)» ուղեգրությունը (1735 թ.)։ 1747 թ. Անդենում լույս տեսավ Դ. Ժոնի «Կիպրոսի, Երուսաղեմի, Հայաստանի և Եգիպտոսի թագավորությունները խաչակրաց օրոք» աշխատությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է Կիլիկիայի հայոց թագավորության վերաբերյալ։

Հոլանդիայի մայրաքաղաքում, ինչպես նաև Լեյդենում և այլուր այսօր պահվում են նաև հայկական ձեռագրեր, վավերագրեր և այլ փաստաթղթեր։ Անգլիացի արևելագետ Ռենդել Հառիսը, որը Լեյդենի համալսարանի դասախոսներից էր, այդ համալսարանին է նվիրել 57 ձեռագիր, որոնց վրա նրա փակցրած պիտակներից երևում է, որ ձեռագրերը բերված են 1895-ին ավերված ու հրկիզված հայկական գյուղերից։ Այսպես օրինակ, ձեռագրերից մեկին կցված ծանոթագրությունում անգլիացի գիտնականը գրում է. «Ուրֆայի այրված եկեղեցուց մնացած։ Ինձ հանձնեց տեղի եպիսկոպոսը։ 1896 թվական, մայիսի 25»։ Անգլիական հայագիտությանը նվիրված մեր հոդվածից արդեն հայտնի մեկ այլ անգլիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Կոնիբիրը 1910-ին կագմել է Լեյդենի համալսարանի մատենադարանի հայկական ձեռագրերի ցուցակը, որի ավարտին, սակայն, խանգարեց առաջին համաշխարհային պատերազմը։ Կոնիբիրի գործը հետագայում շարունակեց ֆրանսիացի հայտնի հայագետ Ֆրեդերիկ Մակլերը, որը վերստին նկարագրել և հրատարակել է հիշյալ ձեռագրերի ցուցակը։ Ձեռագրերի մեջ կան շատ արժեքավոր մանրանկարչական մատյաններ և հին շարակնոցներ։ Լեյդենի համալսարանի մատենադարանում հայկական ձեռագրերից բացի պահվում են հայագիտական գրքեր, հայերեն ամսագրեր։

Հոլանդական հայագիտությունը հարստացրել են նաև հոլանդացի ճանապարհորդները, որոնք դեպի Արևելք կատարած ճանապարհորդությունների ընթացքում այցելել են Հայաստան ու հայերով բնակեցված այլ վայրեր և իրենց ուղեգրություններում գրանցել են պատմագիտական արժեք ներկայացնող կարևոր տեղեկություններ մեր ժողովրդի մասին։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 17-րդ դարի հոլանդացի ճանապարհորդ Յանս Յան Ստրեյսի ուղեգրությունը, որտեղ գտնում ենք ուշագրավ տվյալներ Երևանի և նրա բնակչության վերաբերյալ։ Արկածային կյանք ապրած այս հոլանդացու գիրքը Եվրոպայում շրջում էր լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն և հոլանդերեն լեզուներով։ Ճանապարհորդը Երևանում գտնվել է 1670 թ. և փորձել է միաժամանակ նկարել քաղաքը։ Սակայն նրա պատկերած Երևանը չի համապատասխանում քաղաքի աշխարհագրական միջավայրին։ Ինչպես երևում է, նկարն արդյունք է ճանապարհորդությանը հաջորդած ուշ ժամանակների, երբ հեղինակի հիշողության մեջ հայկական քաղաքի դիրքն արդեն լավ չէր պատկերացվում։ Ուղեգրության հետաքրքիր դրվագներից է նաև ճանապարհորդի և Հռոմից եկած իտալացի մի հիվանդ ճգնավորի հանդիպումը Արարատի լանջին։

Հոլանդական հրատարակություններում հայերի մասին տեղեկություններ կարելի է գտնել ոչ միայն անմիջապես Հայաստանին նվիրված աշխատություններում, այլև ընդհանուր պատմությանը, աշխարհագրությանը, ազգագրությանը, մշակույթին և այլ բնագավառների վերաբերող երկերում։ Այսպես օրինակ, 1625 թ. Լեյդենում տպագրվեց արաբ պատմիչ Էլմասինի «Սարակինոսների պատմությունը (սկզբից մինչև 1198թ.)» աշխատությունը Էրպանիուսի լատիներեն թարգմանությամբ և արաբերեն բնագրի զուգահեո հրատարակությամբ։ 1727 թ. Ամստերդամում տպագրվեց Յոհան Ալբերտ ֆոն Մանդելսիոյի հնդկաստանյան ուղեգրության ֆրանսերեն թարգմանությունը։ Հրատարակիչն էր Մանդելսիոյի հետ միասին Գերմանիայից Պարսկաստան ուղարկված դեսպանության անդամ Ադամ Օլեարիուսը, որը միևնույն թվականին և միևնույն քաղաքում միաժամանակ հրատարակեց նաև իր ուղեգրությունը, «Ճանապարհորդություն դեպի Մոսկվա, Թաթարիա և Պարսկաստան» (հրատարակությունը նվիրված է Դանիայի թագավոր Ֆրիդրիխ 4-րդին)։ Շլեզվիգ Հոլշտայնի հերցոգ Ֆրիդրիխը Օլեարիուսին նշանակել էր Մոսկվայի մեծ իշխան Միխայիլ Ֆյոդորովիչի և պարսից շահի մոտ գործուղված դեսպանության առաջին քարտուղար և խորհրդական։ Գերմանացի ճանապարհորդը տիրապետում էր ռուսերենին ու պարսկերենին և հաջողությամբ շփվում էր իր այցելած երկրների ժողովուրդներին։ Երեք տարի տևած ճանապարհորդության ընթացքում նա գրի է առել կարևոր տեղեկություններ նաև հայերի մասին։ Շուրջ հազար էջանոց պատկերազարդ գրքում նա առանձին տեղ է հատկացրել 1637 թ. հունվարի 6-ին Շամախիում իր տեսած ջրօրհներգի տոնին, որը մանրամասն նկարագրել է։ Քրիստոնյա հեղինակը զայրույթով է խոսում տոնը ծաղրող այլադավանների մասին։ Նա այցելել է նաև Սպահան։ Այստեղ տեղի է ունեցել ընդհարում Հնդկաստանի ներկայացուցիչների և գերմանական դեսպանության միջև։ Ոմանք սպանվել են։ Գերմանացիներին փրկել են հայերը, իսկ սպանված գերմանացիները թաղվել են Սպահանի հայկական գերեզմանոցում։

1735 թ. Հաագայում Պ. Բերժերոնի աշխատակցությամբ հրատարակվեցին Մարկո Պոլոյի, Ռուբրուքի, Յ. Մանդեվիլի և եվրոպացի միջնադարյան այլ ճանապարհորդների ուղեգրությունները, որոնց շարքում է նաև Կիլիկյան հայ պատմիչ Հայտոն հայի (Հեթումի) «Պատմության» ֆրանսերեն բնագիրը, որը հոլանդերեն է թարգմանվել դեռևս 14-րդ դարում։ Այս Պատմության հեղինակի մասին ամփոփ մի աշխատություն Ամստերդամում տպագրվել է 1666 թ.։

Ամստերդամի հայկական գաղութը նույնպես իր ներդրումն ունի հայագիտության բնագավառում։ Նրա պատմությանն այս կամ այն չափով անդրադարձած գիտնականներից հայտնի են՝ Բերգ, Ժ. Բորի, Մ. Հաուտսմա, Ֆ. Մակլեր, Ն. Դեռովեր, Յ. Վագենաար, Յ. Վաններիուս, Վան Էմդրե և այլք։ Հատուկ ուշադրության է արժանի Առաքել Սարուխանի «Հոլանդիան և հայերը» մենագրությունը, որը տպագրվել է Վիեննայում 1926 թ.։ Վաստակաշատ հեղինակը մեծ ջանք է թափել հոլանդահայ գաղութի պատմությանը վերաբերող աղբյուրները հայթայթելու և ուսումնասիրելու բնագավառում։ Մենագրությունը վերաբերում է մեծ մասամբ հայ-հոլանդական առևտրական կապերին և գաղութի պատմությանը մինչև 1926 թ.։ Հայերին անդրադարձել է նաև հոլանդական մամուլը։ Այսպես օրինակ, Ամստերդամի քաղաքային թերթը (De Amsterdamer) 1887 թ. օգոստոսի 14-ի համարում գրում է. «Հայ համայնքի պատմությունը մի ոսկյա էջ է Ամստերդամ քաղաքի գրքում»։ Հոլանդահայ համայնքն այսօր էլ գործում է և շահում հոլանդացիների համակրանքը։

Հոլանդիան անտարբեր չի մնացել նաև ընդհանուր հայ կյանքի նկատմամբ։ 1899-ին Ամստերդամում հրատարակվեց Մինաս Չերազի «Խաղաղության կոնֆերանսը և հայոց կոտորածը» աշխատությունը, իսկ 1918-ին Հառլեմում՝ «Նիդերլանդների հայկական կոմիտեի» հաշվետվությունը։ Հոլանդիայում պարբերաբար գումարված արևելագիտական համաժողովներին մասնակցել են նաև հայերը։ 1904 թ. Լեյդենում կայացած համաժողովում Հ. Առաքելյանը հանդես եկավ «Հայոց հարաբերություններն Արևմուտքի հետ միջնադարում և հետո» զեկուցմամբ, որը նույն թվականին տպագրվեց Լեյդենում։ Այստեղ նույն թվականին լույս տեսավ գերմանացի հայագետ Յ. Կարստի «Շփման կետեր հոգնակին կազմելու բնագավառում հայերենի և կովկասյան լեզուների միջև»։ Հոլանդացիները հայերին տեղ են հատկացրել նաև իրենց հանրագիտարաններում, որոնցից մեկում («Իսլամի հանրագիտարան», Լեյդեն, 1913 թ.) զետեղված է Մ. Շտրեքի «Հայաստան» հոդվածը։ Հանրագիտարաններում բազմաթիվ հայագիտական հոդվածներ է տպագրել նաև Ուդենռիյնը, որի մասին հանգամանորեն կխոսենք քիչ հետո։

1911 թ. Լեյդենի նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ նշանակվեց գերմանացի հանրաճանաչ արևելագետ և հայագետ Յոզեֆ Մարկվարտը, որը միաժամանակ դասավանդում էր համալսարանում և քաջ տեղյակ լինելով հայոց պատմությանն ու մատենագրությանը, իր դասախոսությունների ընթացքում առիթն օգտագործում էր միաժամանակ եվրոպացի ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնելու հայագիտության նկատմամբ։

1918-ին Հոլանդիայում բնակություն հաստատեց հայ ժողովրդի ծանր օրերի ականատես Յոհան Լեփսիուսը, որը հայասիրական գործունեության համար Գերմանիայում համարվել էր անցանկալի անձ և հարկադրվել էր թողնել հայրենիքը։ Նոր բնակավայրում նա շարունակում էր գործանեությունը, որը բնականաբար առնչվում էր նաև հայագիտությանը։ Այստեղ նա կապեր հաստատեց անգլիացի և սկանդինավցի հասարակական գործիչների հետ՝ ի նպաստ հայերի։ Հոլանդական շրջանին է վերաբերում նրա և անգլիացի պետական գործիչ լորդ Բրայսի համագործակցությունը (վերջինս հայտնի է Առնոլդ Թոյնբիի հետ միասին հրատարակած «Հայերի նկատմամբ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում» Կապույտ գրքի հրատարակությամբ)։

Քսաներորդ դարի հոլանդական հայագիտության ամենանշանավոր ներկայացուցիչն է Մարկ Անտուան վան դեն Ուդենռիյնը (1890—1962 թթ.)։ Բազմավաստակ հայագետի գիտական գործունեությունն ընթացել է ինչպես հայրենիքում, այնպես էլ դրսում։ 1929—1957 թթ. նա եղել է Ֆրիբուրգի (Շվեյցարիա) համալսարանի դասախոս։ Այնուհետև Իտալիայում դասախոսել է Հռոմի մի շարք ուսումնական հաստատություններում և Վենետիկի Մխիթարյան ճեմարանում։ Լատիներեն, անգլերեն, հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հայերեն և այլ լեզուներով նրա գրած 430 ուսումնասիրություններից մոտ 200-ը վերաբերում է հայագիտությանը։ Սրանք հրատարակվել են Հոլանդիայում, Շվեյցարիայում, եվրոպական այլ երկրներում և Ամերիկայում։ Աշխատությունները վերաբերում են մեր պատմության և մշակույթի գրեթե բոլոր բնագավաոներին։ Գերմանիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում հրատարակված մի շարք հեղինակավոր հանրագիտարաններում նա տպագրել է շուրջ 130 հոդված՝ նվիրված հայոց պատմությանը, մատենագրությանը, մշակույթին, միջնադարյան դպրությանը, հայ նշանավոր գործիչներին։ Զբաղվել է հայերեն գրաբար բնագրերի լատիներեն թարգմանությամբ, առանձին մենագրություններ է նվիրել Մխիթարյան միաբանության գիտական գործունեությանը (Վենետիկ, 1940 թ.), հայ միջնադարյան գրականությանը (Բեռն, 1960 թ.) և այլ բնագավառների։ Ուսումնասիրել է Նիկոզիայում (Կիպրոս), Լեյդենում, Բեռլինում և այլուր պահվող հայկական ձեռագրերը, գրախոսականներով արձագանքել է հայ գիտական կյանքին, որոնել և գտել է օտար երկրներում ապրած հայ գործիչների վերաբերյալ տեղեկություններ։ Լեյդենի 18-րդ արևելագիտական համաժողովում (1932 թ.) հանդես է եկել հայագիտական զեկուցումով, հոդվածներ է տպագրել Վիեննայի «Հանդես ամսօրյայում»։

Հոլանդացի հայագետներին հայերենի ոաուցմամբ հայտնի է նաև Հռոմի Արևելյան ինստիտուտի տնօրենի և Բեյրութի համալսարանի դասախոսի պաշտոններ վարած Պետեր Հանս Կոլվեն, որը հայերենից բացի տիրապետում է նաև ռուսերենին և եվրոպական մի շարք լեզուների։

Հոլանդիայում այսօր էլ գործում են հայագիտական դասընթացներ, որոնք, ի շարս մյուս մասնագետների, պարբերաբար վարում է նաև Մայքլ Սթոունը, որը հիմնականում դասախոսամ է Երուսաղեմի համալսարանում, ինչպես նաև ամերիկյան համալսարաններում։ Նա հեղինակ է հայագիտական բազմաթիվ աշխատությունների, որոնցից են նաև Սինայում նրա հայտնաբերած հայերեն հնագույն արձանագրություններին նվիրված ուսումնասիրությունները։ Նա միաժամանակ զբաղվում է Ամերիկայի և Եվրոպայի գրադարաններում և թանգարաններում պահվող հայկական ձեռագրերի ուսումնասիրությամբ։ Նրա պատրաստած երիտասարդ հայագետներից խոստումնալից են շոտլանդացի Պիտեր Քաուն, հոլանդացի Յ. Ս. Վայտենբերգը և ուրիշներ, որոնք հետազոտություններ են կատարել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ Նրանց ուսումնասիրությունների ոլորտում են մասնավորապես հունարենից, ասորերենից և լատիներենից կատարված հին հայկական թարգմանությունները։

Ժամանակակից հոլանդական հայագիտության առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից է Հոլանդիայում պահվող հայկական ձեռագրերի, վավերագրերի և այլ նյութերի հայտնաբերումը, ուսումնասիրությունը և հրապարակումը։

http://historyarmenia.org/lկայքից