?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։

Ճամփորդական լրագրողներն իրենց առաջին ֆիլմով հոլանդացի զբոսաշրջիկներին ներկայացնում են Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Շախմատի տունը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։ Պատասխանելով «Ինչո՞ւ են հայերը շախմատից այդքան լավ» հարցին, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պատասխանում է, որ հայերը շախմատ խաղում են հաճույքի համար ,և որ Երևանով քայլելիս կարելի է տեսնել մեծահասակ տղամարդկանց, որոնք իրենց բակերում շախմատ են խաղում՝ փորձելով երիտասարդներին ևս սովորեցնել։ Իսկ թե ինչո՞ւ են դպրոցներում շախմատ դասավանդում, Տիգրան Պետրոսյանը պատասխանում է. «Մենք հավատում ենք, որ երեխաները, որոնք փոքր տարիքից են սովորում շախմատ խաղալ, յուրահատուկ մտածողության տեր են դառնում, ավելի ստեղծագործ են խնդիրների լուծման ուղիներ գտնելիս»։

Երկրորդ ֆիլմով նիդերլանդական հեռուստաընկերության լրագրողները ներկայացնում են Հայաստանը։ Երևանից երթուղայինով մեկնում են Սևան` ճանապարհին անկաշկանդ զրույցի բռնվելով ուղևորների հետ։ Ներկայացնում են Սևանի հմայքը, այցելում Նորատուսի խաչքարերի համալիր, ավտոստոպով փորձում հասնել Նորավանք։ Լրագրողները նաև հյուրընկալվում են հայկական ընտանիքում, մի քանի հայերեն բառ սովորում, հետևում օղու թորման արարողությանը, փորձում և դիմանում 60 տոկոսանոց թթի օղու «ազդեցությանը»։ Ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները` նրանք նաև հայկական բնաշխարհով զմայլվում են աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ Տաթևերի բարձունքից և երկրի մասին ֆիլմն ամփոփում պատմության ու բնության ներդաշնակությունը խորհրդանշող Տաթևի վանական համալիրով։

Հայաստանի մասին տեսաֆիլմերը կարելի է դիտել հետևյալ հղումներով՝ http://3opreis.bnn.nl/afleveringen/366950 և http://3opreis.bnn.nl/afleveringen/366789

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն