?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Արցախում լինելու համար Ադրբեջանի թելադրանքով Բելառուսը ձերբակալել է լրագրողի և ուզում է հանձնել Բաքվին: Վտանգավոր ու արտառոց այս քայլը նախադեպ է հանդիսանում բոլոր Արցախ մեկնած մարդկանց հանցագործ Ճանաչելու: Եվ սա լեգիտիմացնելու է մի երկիր, որ հեռու է ժողովրդավարությունից: Արցախում եղածները նաև տարբեր երկրների դիվանագետներ ու օրենսդիրներ են, արվեստի ու գիտության մարդիկ, ովքեր դարձել են Ադրբեջանի կազմած վ  "սև"  ցուցակի անդամներ:
Փաստորեն տոտալիտար-բռնապետական բաղադրություն ունեցող Բելառուսը' Բադկա-Լուկաշենկոյով, նվագում է Ալիև կրտսերի սազը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը արդեն Բելառուսի իրավապահներին ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար, հաղորդել է դատախազության խոսնակը։
Համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:
Անցած տարեվերջին գործը նոր թափ ստացավ, երբ Բելառուսը, տեղի տալով Ադրբեջանի պահանջին, Մինսկում ձերբակալեց ու երկու ամսով ազատազրկեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լապշինին:
Ընդ որում, ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահի՝ Բաքու կատարած այցից շաբաթներ անց: Այցի ընթացքում Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրել էր Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահն էլ խոստացել էր վաստակել Ադրբեջանի բարձրագույն այդ պարգևը կրելու պատիվը:
Իսրայելական մամուլը գրում է, թե Լապշինի արտահանձնման հարցն արդեն որոշված է, և որ Իսրայելի դիվանագիտական աղբյուրները Բաքվի հետ բանակցություններում այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել: Ավելին, բլոգերի հարազատները իսրայելական Haaretz և Jerusalem Post պարբերականներին պատմել են, թե Բելառուսի անվտանգության ուժերը հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրում նրա նկատմամբ՝ ստիպելով ստորագրել արտահանձման համաձայնագիրը:
Բնականաբար այս փաստը չեր կարող  մտահոգ չթողնել նաև նիդերլանդահայերին:
Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպութիւնները' մասնավորապես
Հոլանդահայ Կազմակերպութիւնների Ֆեդերացիան ( FAON) և
Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ուրբաթ' փետրվարի 3-ին Հաագայում Բելառուսի դեսպանատան առջև, ի պաշտպանություն լրագրողի բողոքի ցույց է նախատեսել:
Հայտարարության ամբողջական տեքստը ստորև.
Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպություններ
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
• Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբ

Բողոքի ցույց Բելառուսի դեսպանատան դիմաց
լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեմ

Թվական` Ուրբաթ, 3 փետրվարի 2017
Ժամը` 14-ին
Վայրը` Բելառուսի դեսպանատան դիմաց
Հասցե` Groot Hertoginnelaan 26 – 2517 EG Den Haag

Ցույցի նպատակը`
Ադրբեջանի կառավարության պահանջով անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի լրագրող-բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Ադրբեջանի կառավարությունը պահանջել է Լապշինին արտահանձնել Ադրբեջանին։ Այս տարվա հունվարի 20-ին Բելառուսի դատախազությունը որոշել է Լապշինին արտահանձնել Ադրբեջանին: Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով, քանի որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա գրառումներ է արել Ղարաբաղի մասին և քննադատել է Ադրբեջանի քաղաքականությունը։ Այդ իսկ պատճառով էլ արդեն մի քանի տարի է, որ նա ևս հայտնվել է Ադրբեջանի կազմած լրագրողների «սև ցուցակում»: Ի դեպ, նա միակ լրագրողը չէ այդ ցուցակում, Ադրբեջանի արտգործնախարարությունը 623 արտասահմանյան լրագրողների է ներառել այդ ցուցակում: Լապշինը մասնագիտությամբ բլոգեր է և զեկույցներ է հրատարակում իր այցելած տարբեր երկրների մասին։

Ինչպես գիտեք, ամեն տարի մենք ցույց ենք կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` ի նշան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համերաշխության և ձգտելով Հոլանդիայի իշխանությունների ուշադրությունը գրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Մեր կարծիքով հիմնահարցի խաղաղ կարգավորման համար հարկավոր է հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման կամքը: Մենք դեմ ենք Ադրբեջանի բռնություններ և պատերազմ հրահրելու կամ սպառնալիքներով հանդես գալու քաղաքականությանը:

Լապշինին ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու պահանջով, թվում է թե այդ երկիրը փորձում է տարածել իր ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն հայերի այլ նաև այլ ազգերի նկատմամբ: Դեռ ավելին արտահանձնումը կհանդիսանա նախադեպ Ադրբեջանի համար, մամուլի ազատության սահմանափակումը տարածելու իր երկրի սահմաններից դուրս։

Մենք դեմ ենք Լապշինի և ընդհանրապես լրագրողների ձերբակալմանը: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի աշխարհի բոլոր անկյուններից զեկույց հրապարակել իրադարձությունների մասին ։ Հետևաբար ցույցի նպատակն է մեր բողոքի ձայնը բարձրացնել և արտահայտել մեր դժգոհությունը Լապշինի ապօրինի ձերբակալության և նրան Ադրբեջանին հնարավոր արտահանձնման կապակցությամբ։ Մենք դիմում ենք ներկայացնելու Նիդերլանդներում Բելառուսի դեսպան պարոն Միկալայ Բարիսևիչին` կոչ անելով Բելառուսի իշխանություններին, որպեսզի Լապշինին չարտահանձնեն Ադրբեջանին: