?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մեզանում  քիչ են այսպես ասած՝ «ճանապարհորդ-լրագրողները», ովքեր իրականությունը ֆիլտրում  ու ներկայացնում են սեփական նուրբ աշխարհաընկալմամբ ու լեզվական յուրովի մտածողությամբ՝  միառժամանակ այն դարձնելով գեղեցիկ  հուշապատում: Անչափ հետաքրքիր է կողքից հայացք հառնել այլ իրականությանը, մշակույթին ու  այն երկրին, որի հետ առնչվում ես: Դա  ուսանելի  լինելուց զատ,իր  մեջ ներառում է տեղեկատվական զգալի պաշար : Այս «ձևաչափի»  վավերագիր նյութերը չեն հնանում,  այլ  ընդհակառակը ժամանակի հետ ավելի հետաքրքրական   են  դառնում, ընդգրկում են պատմական  տվյալ  ժամանակահատվածը բնութագրող  կենցաղը , վարքն ու բարքը: Այդ տեսակետից՝ մեզ  համար,  բավական արժեքավոր ու  հետաքրքիր են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը, որն հեղինակը ավելի վաղ զետեղել է նաև իր բլոգներում:

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան ու աշխատել Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, սակայն կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
«Նիդերլանդական օրագիրը»  Հեղինակի կողմից արտոնած բացառիկ իրավունքով, իր ընթերցողներին   պարբերաբար՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ ,  ժամանակահատվածային հերթականությամբ, ներկայացնում է Բյուրակն Իշխանյանի  այդ երկրի ու  իր մասին արված գրառումները:
Նիդերլանդներում Բյուրակնի հուշերի սկզբնական ակունքը 2007թվականն  է, երբ նա առաջին անգամ Երևանից  Ամստերդամ տանող ինքնաթիռով վայրեջք կատարեց  Նիդերլանդների մայրաքաղաքում: Թե ի՞նչ է տեղի ունենում ինքնաթիռից  իջնելուց հետո՝ ներկայացնում ենք ստորև... ԲԱՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ.
_______________________________

Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական օրագիրը

ԻՍԿԱՊԵՍ, ԻՆՉՈՒ՞ ԵՄ  ԵՍ ՀԱՅ
-1-

Ինչպես միշտ, զարմացա, երբ ինքնաթիռից իջնելիս չփսխեցի: Չնայած անհիշելի ժամանակներից այլևս չեմ փսխում ինքնաթիռում, բայց ամեն անգամ զարմանում եմ: Իմ գիտակցական կյանքում ընդամենը երկու անգամ է թռիչքն ինձ վրա վատ ազդել, այն էլ կեղտոտ գործս տաքսու մեջ եմ արել երկու անգամն էլ, երկուսն էլ Պրահայում:

Անձնագրի ստուգման հերթս հասել է, և ես սպասում եմ, որ մի քանի րոպե անց իրերս կվերցնեմ, կհանդիպեմ Յոլանդային ու Մարիամին (ի դեպ, այս տողերը գրելիս ես ծովափում եմ, իսկ կողքիս հենց նույն Յոլանդան է պառկած), դուրս կգամ Ամստերդամ (վերջապե՜ս): Օդանվակայանում արդեն հոլանդացիները գեղեցիկ են երևում:

- Ինչի՞ համար եք եկել,- ինձ հարցնում են անգլերեն:

- Հիվանդանոցում ամառային պրակտիկայի:

- Ինչքա՞ն ժամանակով:

- Մեկ ամիս:

- Կարո՞ղ եմ ձեր վերադարձի տոմսը տեսնել:

- Իհարկե,- պայուսակիցս հանում եմ այն ու մեկնում:

- Հրավե՞րը:

- Խնդրեմ:

- Փող ունե՞ք ծախսելու:

- Այո՛:

- Ինչքա՞ն:

- Մոտ հինգ հարյուր եվրո:

- Հազա՞ր:

- Հարյուր:

- Հինգ հարյուրը քիչ է: Հաստատման նամակ ունե՞ք:

- Դա ի՞նչ է:

- Պետք է հրավերի հետ ուղարկեին:

- Բայց իմ մնալու ծախսերը նրանք հոգում են:

- Հաստատման է պետք… Ես հիմա կկանչեմ իմ գործընկերուհուն, նա կզբաղվի ձեզնով: Դա մի քիչ ժամանակ կխլի:

Եկավ մի հաղթանդամ սևամորթուհի (ուհի՞), վերցրեց փաստաթղթերս և կարգադրեց հետևել իրեն: Մի դռնով ներս մտավ, ինձ ասաց, որ սպասեմ կողքի պատուհանի մոտ: Վերևում գրված էր "Immigration": Այդ պահին բոլոր հոլանդացիները տգեղ երևացին իմ աչքին: Նույնիսկ հավաքարարուհին, որը քիչ առաջ գեղեցկուհի էր:

Նայեցի շուրջս: Այնտեղ էին ռուս կանայք և մի կին, որը պետք է որ ինչ-որ մահմեդական երկրից լիներ, որովհետև միայն դեմքն էր երևում: Պատուհանից ներս նայեցի: Սեղանի վրա անձնագիրս ու մյուս փաստաթղթերս տեսա: «Երևի հերթի է սպասում»,- մտածեցի:

Նոր անձնագրեր, նոր ռուս կանայք էին գնում-գալիս, բայց իմը մնում էր անօգնական ու մենակ, ոչ ոք չէր նկատում: Մահմեդական կինը նույնպես դեռ այնտեղ էր: Ինձ նման ձանձրույթից ու անհանգստությունից մեռնում էր: Մի թեթև զրույցի բռնվեցինք: Իմացա, որ Իրանից է, եկել է ընտանիքի անդամներին տեսնելու: Նա էլ իր հերթին պարզեց, որ հայ եմ, Հոլանդիայում ազգականներ չունեմ: Դրանից ավելի նրա անգլերենը չներեց:

Ինչու՞ եմ ես հայ: Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ երկրից շատերն այստեղ ապօրինաբար են մնում… 500 եվրոն ավելի քան բավարար է: Մի՞թե դուք հազարներ եք ծախսում: Ես մեքենա չեմ գնելու… Չէ՞ որ մնալու տեղ ունեմ: Ես ձեր պետության վզին բեռ չեմ դառնա: Թերթե՛ք անձնագիրս: Վիզաներս չե՞ք տեսնում: Եթե երկրից փախչող լինեի, նախորդ հնարավորություններս բաց չէի թողնի… Գուցե կասկածելի մարդկանց քանա՞կ եք լրացնում: Ես երևի ձեր հերթական զոհն եմ… Ինձ հաջորդ ինքնաթիռով Երևան կուղարկեն: Բայց կհատուցե՞ն ծախսերս: Իսկ ի՞նչ եմ անելու պրակտիկայի ստուգարքս… Մի՞թե ինձ պակաս փաստաթղթեր են ուղարկել: Ինչի՞ մասին էր ասում Լևոնը: Բայց կարծեմ դա վիզայի համար էր, որը ստանալուց խնդիրներ չունեցա: Մամա՛… ես շատ լավ հասել եմ, բայց ինձ դուրս չեն թողնում… Ամստերդա՛մ, դու ինձ չես սիրում…

"Immigration" կոչվող պատուհանի տակ արհամարհված անձնագրիս սպասեցի ավելի քան մեկ ժամ, մինչ աշխատողները ասես չէին էլ շտապում. ուրիշներով էին զբաղվում կամ ուտում, կատակներ անում ու ծիծաղում:

Ի՞նչ կլինի, եթե ինձ դուրս թողնեն: Ի՞նչ եմ անելու, եթե դիմավորողներս չսպասեն: Ու՞ր է պայուսակս: Ի՞նչ կլինի, եթե գողանան:

Այդ ընթացքում մորս երկու հատ կարճ հաղորդագրություն գրեցի, կերա այն խնձորը, որը տնից դուրս գալու պահին էր ծառից ընկել ու չմոռացա անհանգիստ հետ ու առաջ անել՝ աչքերս չկտրելով անձնագրիցս:

Պատուհանի մոտ մարդ չմնաց: Անգամ պարսկուհուն էին արդեն ճանապարհել: Սեղանին միայն իմ անձնագիրն էր մնացել, բայց բոլորն ասես թքած ունենային: Մայրս էլ Երևանում էր անհանգստանում: Ուզում էր բանկային գրքույկի պատճենը ուղարկել (միակ բանը, որ կարող էր անել այդ պահին): Աչքերս լցվում էին արդեն: Ու հանկարծ.

"Hi!"

Սկզբում չհասկացա, թե ովքեր են ինձ ողջունողները, բայց շուտով տեսա նրանց ձեռքի թուղթը.

Byurakn Ishkhanyan

IFMSA

Մարիամն ու Յոլանդան էին: Ավելի քան երկու ժամ ինձ սպասելուց հոգնել են, անհանգստացել: Տեղեկատուից պարզել են, որ եկել եմ, ներս են մտել, որ իմանան, թե ինչու ինձ դուրս չեն թողնում:

Պատուհանից այն կողմ գտնվողներին մի քանի հոլանդերեն բառ ասացին, և անմիջապես անձնագիրս ու փաստաթղթերս վերադարձվեցին:

- Քեզ հաճելի պրակտիկա,- ասվեց:

Եվ վե՛րջ: Դուրս եկա: Մարիամն ու Յոլանդան անվերջ ներողություն էին խնդրում, ասում, որ նման դեպքն անսպասելի էր: Բայց նրանք մեղք չունեին, որ որոշվել էր ինձ ձևի համար օդանավակայանում պահել:
Շարունակելի...

Recent Posts from This Journal