?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Նիդերլանդների հայ համայնքը ծանր կորուստ կրեց: Այս անգամ մահվան գույժը՝ Ալմելոյից էր:
Գիտեինք, որ Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը պայքարում է ծանր հիվանդության դեմ, բայց ապաքինման հույս՝ փայփայում էինք:  Հրաշքը սակայն տեղի չունեցավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու կայքը գուժում է. « Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչ, Ալմելո քաղաքի հայոց դպրոցի տնօրեն՝ պարոն Մանուկ Մկրտչյանը... »
Լուրն անսպասելի է բոլոր նրանց՝  ովքեր գիտեն, ճանաչում են Մանուկ Մկրտչյանին:
Նրան շատերն էին սիրում՝ ոչ միայն որպես հմուտ և խելացի մանկավարժի, նաև՝  լավագույն, ընկերոջ ու բարեկամի: Նա սիրով ու մեծ նվիրումով էր իր գիտելիքներն ու փորձը փոխանցում  դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ու  իր  սաներին: Ալմելոյի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» Եկեղեցու և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 2008 թվականին, Եկեղեցու վարչության առաջարկով՝  մինչ այդ, որպես ուսուցիչ աշխատած Մանուկ Մկրտչյանը նշանակվում է Ալմելոյի 6-7 հազար ամենամեծ հայ համայնք ունեցող կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Այդ ընթացքում Մանուկ Մկրտչյանին հաջողվում է կրթական նոր մակարդակի հասցնել դասավանդումը, կտրուկ ավելանում է սաների թիվը : Տարեց-տարի՝ 100-ից ավելի սաների, հասու է եղել հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն առարկաները, հմտացել են պարի, նկարչության, ասմունքի և այլ ասպարեզներում: Մանուկ Մկրտչյանի տնօրինությամբ դպրոցը սերտորեն համագործակցել է Նիդերլանդներում գործող այլ դպրոցների հետ, ընդգրկված է մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: Մանուկ Մկրտչյանի ջանքերով հիմնվել էր «Զանգակ» անունով թերթը, որտեղ սաներից զատ հոդվածներ են գրել մանկավարժները:

Մանուկ Մկրտչյանը, ով կրթությամբ բանասեր էր և ուներ 28 տարիներից ավելի մանկավարժական ստաժ, աշխատել էր նաև Հոլանդական կրթական համակարգում , մաթեմատիկա և համաշխարհային պատմություն էր դասավանդել հոլանդական դպրոցում: Նա մեծ նվիրումով էր հոլանդացիներին մատուցում հայ ժողովրդի պատմությանը:Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդների ակտիվ հայ անդամներից էր: Նա «Նիդերլանդական օրագրի» ակտիվ թղթակիցն էր և համայնքային կյանքի մասին հոդվածներ էր գրում մեր էջերում ( նաև «Հայերն այսօր» պարբերականին և «Օրեր» Եվրոպական հանդեսին): Հաճախ լինում էր Մայր Հայրենիքում:

Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց » մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան», Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցը ճանաչվել է, որպես լավագույն կրթօջախ:
Դժվար է համակերպվել անդառնալի կորստին, սակայն իրավմամբ՝ Կորստից ավելի ուժեղ հիշողությունն է, որը մնայուն է։
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու պայծառ ու ջերմ հիշատակը միշտ վառ կմնան բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Ինչպես նշում է Ալմելոյի եկեղեցու կայք էջը' Մանուկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-ին,
որից հետո հնարավորություն կտրվի ցավակցել ընտանիքին և հարազատներին եկեղեցուն կից սրահի մեջ։

Կիսելով այս  ծանր  վիշտը' ցավակցություն ենք հայտնում Մանուկ Մկրտչյանի ընտանիքին , հարազատներին, աշխատանքային կոլեկտիվին:


«Նիդերլանդական օրագիր»

Recent Posts from This Journal