?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սրանով եզրափակում ենք Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդների մասին հուշագրությունների Երկրորդ մասը:
2-րդ մաս-7,8
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2/ 3/ 4

7.Հրաժեշտ Ուտրեխտին

Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:

Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:

Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համը խառնվում է փայտին:

Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:

Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:

Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:

Սերուցքի համը՝ գումարած մորի:

Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:

Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:

Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:

Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:

Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:

Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:

Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:

Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:

Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:

Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:

Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:

Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:

Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:

Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:

Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:

Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում:



8.Ռոտերդամը

Ռոտերդամի Հյուսիսային կայարանում կանգնած էր Պոլը՝ շորտերով և հերթական լաքայոտ մայկայով: Երևում է՝ չէր հասցրել քրտնել: Շոգից բողոքում էր, ու ինձ պարտադրել էր չուշանալ:

Վերցրեց ինձ, միասին գնացինք իր տուն, որ ճամպրուկս շպրտենք, դուրս գանք, ուղղվենք դեպի գազանանոց: Դեռ անցյալ անգամ, երբ Միչի ու Աննիի հետ գնացինք Ամստերդամի կենդանաբանական այգի, Պոլը պնդում էր, որ Ռոտերդամինն ավելի լավն է: Բնականաբար, ես չէի կարող այն տեսնելու առիթը բաց թողնել: Իմ մեկնելուց առաջ արդեն որոշել էինք, որ Ռոտերդամում գտնվելուս մեկ օրը գազանների հետ ենք անցկացնելու, ու Պոլն արդեն տոմսերը պատվիրել էր:

...Եվ իրոք... Նախկինում, երբ հարցնում էին, թե որտեղի գազանանոցն է ամենից շատ դուրս եկել, առանց երկար-բարակ մտածելու պատասխանում էի՝ Լայպցիգի: Հենց այնտեղից ինձ մնացել է "Leipzig Zoo" գրությունով անձրևանոցը, որը մի ժամանակ Երևանում էլ էի հագնում ու վազվզում՝ Լայպցիգի գազազանոցից փախածի տպավորություն ստեղծելով:

Բայց Ռոտերդամի գազանանոցում լինելուց հետո արդեն դժվարանում էի ասել, թե որն է ավելի լավը: Վերջիվերջո, այստեղ կար ինձ համար այդքան սիրելի թիթեռների տունը, ինչը տեսել եմ միայն Ամստերդամում ու մեկ էլ Վիեննայում:

Ես ու Պոլը հասցրինք բոլոր կարևոր կենդանիներին տեսնել, թեև ավելորդ քաշն ու հիվանդությունը թույլ չտվեցին, որ մի պտույտի էլ ձգի, որպեսզի կարողանանք ակվարիում էլ գնալ: Ասենք, ես էլ էի հոգնած, ու ծովային հարստությունը տեսնելու մեծ ցանկություն չունեի:

Տուն գնալու ճանապարհին որոշում ենք, թե ինչպես ընթրենք: Պոլը երկու տարբերակ ուներ. կա´մ ինքը կպատրաստի (ի դեպ, շատ համեղ է ստացվում. նախորդ անգամ հասցրել էի համոզվել), կա´մ կգնանք կենտրոն՝ որևէ ռեստորան:

Չգիտեմ ոնց կանգնեցինք ռեստորանի վրա:

Իսկ Ռոտերդամի կենտրոնը քամոտ էր, բարձրահարկ շենքերով: Լրիվ ժամանակակից քաղաքի տպավորություն էր թողնում: Մի պահ ուզում էիր մոռանալ, որ նման թիթիզության պատճառն ընդամենը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռմբակոծվելն էր:

Ու գնացինք իտալական ռեստորան: Հիշում եմ՝ մոտ երկու ժամի չափ տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք:
- Բլոգի իմաստը չեմ հասկանում,- ասաց,- մարդուն հարցնում ես՝ ո՞նց ես, պատասխանում է՝ բլոգս կարդա: Բայց ախր ես իրեն եմ հարցնում: Եթե ուզենայի բլոգը կարդալ, ոչինչ չէի ասի: Էսպես մարդկային շփումը նվազում է...

Քնեցի նույն սենյակում, նույն մատրասի վրա... Մի տեսակ կարոտել էի:

Առավոտյան միասին գնացք նստեցինք: Պոլն ինձ ուղեկցեց մինչև Ամստերդամի օդանավակայան, ու այդպիսով ավարտվեց երկրորդ ճանապարհորդությունս դեպի Նիդեռլանդներ։

______________________________________________


__Շարունակելի...
_____________________

byurakn.jpgԲյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

Recent Posts from This Journal