?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Երևանում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Երկուշաբթի` հոկտեմբերի 23-ին ժամը 12-ին
Դասախոսություն էպիկական երկվորյակներից մեկի հնագույն` բնիկ հայկական անվան վերականգնման և անձնանունների ստուգաբանության հարցերի շուրջ։
(Հրաչ Մարտիրոսյան, բանասիրական գիտությունների թեկնածու)
 Մուտքն  ազատ է:


Մեր հայրենակից Հրաչ Մարտիրոսյանը ճանաչված լեզվաբան է՝ բանասիրական գիտությունների թեկնածու : Նրա աշխատանքային գործունեության շրջանակը չի սահմանափակվում Հայաստանում կատարած լեզվական հայագիտական գործունեությամբ: Նա ունկնդրել է Լեյդենի (Նիդերլանդներ) համալսարանում, զբաղվել տարբեր հայագիտական աշխատանքներով,      մի շարք լեզվական նախագծերի շրջանակներում համագործակցել է   Լեյդենի   հայագիտության ամբիոնի  պրոֆեսոր, երջանկահիշատակ  Յ. Վայտենբերգի հետ,նույն համալսարանի գիտաշխատող է:  Լեյդենի միջազգային ամառային դպրոցի  դասընթացին Հնդեվրոպական ծրագրում,  նա արդեն չորրորդ անգամ  գրաբար  է դասավանդել : Անհանգիստ խառնվածքի տեր լեզվաբանը ջանք ու եռանդ չի խնայում  օտարներին հասցնելու մեր մայրենիի  յուրահատկություներն ու գաղտնիքները՝  ընդ որում, շատ դեպքերում մեսրոպյան տառերի ուսուցմամբ: Հրաչ Մարտիրոսյանը հայագիտության ու լեզվի խնդիրների վերաբերյալ դասախոսություններ է կարդացել տարբեր երկրների կրթական ու գիտական կենտրոններում, որոնց թվում՝ Օքսֆորդ, Սորբոն, Մոսկվա, Միլան, Միչիգան, Վիեննա (որտեղ նաև աշխատում է) և այլն:
1995 թվականից   հայ գիտնականը բնակվում է Նիդերլանդներում: Նա հաճախ  է այցելում Մայր Հայրենիք, այնտեղ պարբերաբար կազմակերպում  է հայագիտական դասընթացներ՝ ՀԳԱԴ (Հայագիտական արշավային դասընթաց) ձևաչափով,  շփվում գիտական շրջանակների հետ:
 Գիտականի նվիրական երազանքներից մեկը Հայաստան տեղափոխվելն ու այնտեղ գիտական գործունեություն ծավալելն է, որի արդյունքում՝  հայերենի լիակատար լեզվամշակութային ստուգաբանական բառարան ստեղծելն է:Այս ծրագիրը Հրաչ Մարտիրոսյանը ցանկանում է իրագործել իր թիմով: Եվ ահա ուրախալի լուրը, որ ուզում ենք փոխանցել մեր ընթերցողներին (մեջբերում ենք Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը).
«Սիրելի բարեկամներ, առաջին անգամ խնդրում եմ տարածել։
Ասել եմ, որ իմ կյանքի գլխավոր նպատակը Վանաձորում հայագիտական կենտրոն-ինստիտուտիկ հիմնելն է։ Երկուշաբթի օրը ժամը 12-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում խոսելու եմ այս մասին (իսկ դասախոսությանս երկրորդ մասը նվիրված է լինելու էպիկական երկվորյակների անուններին, տես նախորդ գրառումս):
Տհաճ է սեփական անձի մասին այսպես խոսելը։ Բայց տվյալ դեպքում դա անխուսափելի է։ Ինչպես շատերդ գիտեք, ես Եվրոպայում եմ արդեն ավելի քան քսան տարի։ Այստեղ եկել եմ հնդեվրոպաբանություն ու համեմատական լեզվաբանություն սովորելու և հայոց լեզվի պատմության մեջ մասնագիտանալու նպատակներով։ Լեյդենի համալսարանի PhD եմ, աշխատել եմ նաև Ավստր. ակադեմիայում ու Միչիգանի համալսարանում, դասախոսել եմ Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Միլանի, Պավիայի, Մոսկվայի և բազում այլ համալսարաններում։ Գրել եմ բնիկ հայկական ծագման բառամթերքի ստուգաբանական բառարան, իրանական ծագման անձնանունների ստուգաբանական բառարան, հայերենի պատմական հնչյունաբանություն ու ձևաբանությում և այլն։ Ամբողջ ընթացքում մասնակցել եմ Հայաստանի գիտակրթական կյանքին, Հայաստանում հինգ անգամ անց եմ կացրել հայագիտական արշավային դասընթացներ և այլն և այլն։
Հիմա մոտենում է հայրենիք վերադառնալու և կյանքիս գլխավոր նպատակի իրագործմանը լծվելու ժամանակը։ Նախապատրաստական աշխատանքները կտևեն երևի երկու-երեք տարի։ Բայց շատ կարևոր է, որ արդեն հիմիկվանից սկսեմ այդ կենտրոնիս պոտենցիալ աշխատակիցների որոնման աշխատանքները։ Դե` դրանով վաղուց եմ զբաղվում և արդեն իհարկե ունեմ մի շարք հոյակապ երիտասարդ կադրեր։ Բայց հիմա դա պետք է անցնի ավելի կենտրոնացած փուլի։ Մանավանդ որ նրանք նույնպես պետք է մի երկու տարի ժամանակ ունենան նախապատրաստվելու։
Այդ կենտրոնի գլխավոր նպատակը լինելու է ամբողջ թիմի աշխատանքների կոորդինացմամբ հայերենի լիակատար լեզվամշակութային ստուգաբանական բառարանի ստեղծումը։ Ֆինանսավորման ու տեխնիկական հարցերը քննության ենթակա են։ Հնարավոր է, որ մեր կենտրոնը հիմնվի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կազմում. վերջինիս տնօրեն Պավել Ավետիսյանը սիրահոժար կերպով տվել է աջակցելու պատրաստակամություն և երկուշաբթի օրը նույնպես կխոսի այդ մասին։ Այդպիսի նախադեպ կա` Գյումրիի հայագիտական կենտրոնը։ Հնարավոր է նաև համագործակցությունը ՎՊՀ-ի հետ։ Բնականաբար, հավելյալ-հիմնական նյութական օժանդակություն և համագործակցություն ակնկալում եմ արտասահմանից։
Ձեր մեջ կա՞ կայծ ու ձգտում լրջորեն հայագիտական մասնագիտական խորացման ու հետազոտական հետաքրքրագույն աշխատանքի լծվելու։ Ուրեմն եկեք երկուշաբթի օրը` այս ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու։ Ու սա խնդրում եմ տարածեք որտեղ հարկ կհամարեք։
Շնորհակալ եմ»:

Եռանդուն ու պրպտող գիտնականին ասում ենք`  բարի երթ հայրենիք, և  մաղթում` գիտական բեղմնավոր գործունեություն Մայր Հողի վրա, հուսով , որ  նրա ցանկություններն ու  երազանքները սերունդները իրականացած կտեսնեն:
Ի վերջո բոլոր հայերիս նվիրական երազանքը` հենց մայր հայրենիք վերադառնալն ու մեր սիրած գործով զբաղվելն է...
«Նիդերլանդական օրագիր»
https://niderlandakan.livejournal.com/221797.html
http://my.mamul.am/am/post/74710/
«Նիդերլանդական օրագիր»

.

Լուսանկարներում`  Հրաչ Մարտիրոսյանը իր ուսանողների հետ Հայաստանում