?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Այսօր համացանցում տարածում է գտել հենց այս լուսանկարը, որտեղ ռուսալեզու և ֆրանսալեզու մակագրությունը փաստում է՝ Նոյի գերեզմանն է Նախիջևանում:

az azeri grave noah nakhichevan aramyan postcard armenian ark bible

Պարզվում է՝ լուսանկարը բավականին հետաքրքիր պատմություն ունի: Հեռավոր Սիբիրում՝ աքսորավայրում, քաղբանտարկյալ, գրող Վալտեր Արամյանին այս լուսանկարը նվիրել է իր բանտարկյալ ընկերներից մեկը (1938-1953)՝ ասելով, որ այն ստեղծվել է 1903-ին և ծառայել՝ որպես բացիկ: 1968 թվականին այս բացիկի բազմացրած օրինակներից մեկն Արամյանը նվիրում է Կառլոս Նիկողոսյանին, քանի որ վերջինս ծնունդով Նախիջևանից էր, և խնդրում հնարավորինս շատ տեղեկություն հավաքել Նոյի գերեզմանի մասին: Նիկողոսյանը հիշում է, որ դեռևս 1936-1938-ին, երբ Անձի պաշտամունքը մեծ տարածում գտավ, սկսեցին ողջ երկրով մեկ ավերել հոգևոր շինությունները՝ տաճարներ, եկեղեցիներ, իսկ ադրբեջանցիները, օգտվելով ստեղծված նպաստավոր պայմաններից, նպատակադրված պայթեցրին Նոյի գերեզմանը: Դատելով հետագա ավերակներից՝ այն սև տուֆից էր պատրաստված, որի մնացորդները մինչև 1948 թվականը չէին տեղաշարժվել: Նախիջևանի միջնակարգ դպրոց հաճախելու տարիներին՝ համաձայն Նիկողոսյանի խոսքերի՝ հայ աշակերտները սովորություն ունեին այդտեղ հավաքվելու, քարերին նստելու ու դասերն անելու: Տեղի պահակները պատմել էին նաև, որ ավերակներին կից ժամանակին մեծ քանակի հայկական գերեզմանաքարեր են եղել: Նախիջևանի զարգացման հետ մեկտեղ ադրբեջանցիները գետնին հավասարացրին թե՛ գերեզմանը, թե՛ բոլոր գերեզմանաքարերը: Նիկողոսյանին հաջողվել էր կապ հաստատել Նախիջևանում այն ժամանակ բնակվող հայերի՝ զնաբերդցիների հետ: Նրանք պատմել էին, որ իրենցից ոմանք մասնակցել են հենց գերեզմանի տեղում կառուցվելիք «Թավրիզ» հյուրանոցի շինարարությանը. երբ սկսել էին փորել, բազմաթիվ գտածոներ էին դուրս բերել՝ հնագույն խեցեղեն, կենցաղային այլ իրեր: Դրանց հետքն անգամ չկա:
Հավելեմ, որ 1988-ին Նախիջևանի միակ հայաբնակ վայրը հենց Զնաբերդը կամ Ազնաբերդն էր՝ 1600 հայերով: Արցախյան պատերազմի տարիներին զնաբերդցիները բոլոըը զինված էին ու պատրաստ ադրբեջանցիների հարձակումներին, օրուգիշեր հսկում էին գյուղը: Բացի այդ, Զնաբերդը շրջապատված էր ռուսական տանկերով: Որոշ ժամանակ հետո զնաբերդցիների մեծ մասը գալիս է Հայաստան:
Ինչ վերաբերում է Նոյի գերեզմանին, ապա գիտնականները համակարծիք չեն դրա գտնվելու վայրի առնչությամբ: Մի մասը հակված է, որ Նոյին հողին են հանձնել հենց Նախիջևանում, մյուս մասը որպես հուղարկավորման վայր նշում է Թուրքիայի Ջիզրե քաղաքը՝ Շիրնակի գավառում, իսկ որոշ հետազոտողներ էլ՝ Իրաքի Նաջաֆ քաղաքում Իմամ Ալի մզկիթը: Այնուհանդերձ, վերոնշյալ բացիկը՝ շնորհիվ Վալտեր Արամյանի, տարածում էր գտել հայերի և ռուսների շրջանում՝ ընկալվելով որպես Նոյի գերեզմանի պատկերով միակ լուսանկարը:
Հեղինակ: Ani Margaryan Blog