?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հաագա, 26 փետրվարի 2013 – Ղարաբաղյան ազատամարտի 25-ամյակի կապակցությամբ այս տարի Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) կազմակերպում է մի շարք միջոցառումներ, այդ թվում  դասախոսություններ, քննարկումներ, գիտաժողով, ինչպես նաև նամակներ պաշտոնական կառույցներին և հանդիպումներ Հոլանդիայի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ Հոլանդահայ Ֆեդերացիան հարգանքի տուրք է մատուցելու Սումգայիթի (փետրվար 1988), Կիրովաբադի (նոյեմբեր 1988) և Բաքվի (հունվար 1990) ջարդերի զոհերի հիշատակին:


2013 թվականի փետրվարի 24-ին Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոնում տեղի ունեցավ Ամստերդամի համալսարանի Կովկասի հարցերով փորձագետ դոկտոր Շարլոտ Հիլլի դասախոսությունը: Դոկտոր Հիլլը հեղինակն է «Կովկասում պետականության կազմավորում և հակամարտությունների կառավարում» գրքի:

«Լեռնային Ղարաբաղը 25 տարիների պայքարից հետո. որտե՞ղ ենք հիմա կանգնած» խորագրով դասախոսության ընթացքում դոկտոր Հիլլը արցախյան շարժման պատմական ակնարկից հետո կանգ առավ Լեռնային Լարաբաղում պետականության կազմավորման տարրերի և հակամարտության բանակցային գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի և հակամարտության լուծումների տարբեր տարբերակների վրա: Նա շեշտեց, որ հույժ կարևոր է Նիդերլանդներում շարունակաբար անդրադառնալ Ղարաբաղի չլուծված և տագնապալից իրավիճակին: Դասախոսությանը ներկա էր նաև ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, որն իր բացման խոսքում անդրադարձավ Սումգաիթի ջարդերի 25-ամյակին, ինչպես նաև Կիրովաբադի և Բաքվի ողբերգություններին: Տիկին Աղաջանյանն իր ելույթում նշեց, որ ղարաբաղյան պայքարի 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք է բերել բազում նվաճումներ, որոնք իրականացել են նույնպես թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի հայերի համատեղ ջանքերի շնորհիվ: Ըստ դեսպանի կան չլուծված բազում հարցեր, սակայն նա հույս հայտնեց, որ հակամարտությունը կկարգավորվի արագ և խաղաղ պայմաններում և տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն:

Հոլանդահայ Ֆեդերացիան նախատեսում է գալիք ամիսներին կազմակերպել դասախոսություններ և գիտաժողովներ, որտեղ գիտնականների և քաղաքական գործիչների մասնակցությամբ կքննարկվի Ղարաբաղի հիմնահարցը:

Այսօր Հոլանդահայ ֆեդերացիան մի գրությամբ դիմել է հոլանդական կառավարությանը և խորհրդարանին կոչ անելով ուշադրություն դարձնել ղարաբաղյան հիմնախնդրին:

Դիմելով Նիդերլանդների կառավարությանը և խորհրդարանին, Հոլանդահայ Ֆեդերացիան նշել է, որ անհրաժեշտ է բացահայտ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտությանը, որն արդեն 25 տարի է ինչ շարունակվում է` մարդկային ողբերգության պատճառ հանդիսանալով, որը հարատևում է ցայսօր: Հոլանդահայ Ֆեդերացիան մասնավորապես իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ, որտեղ անընդհատ սպառնում են վերսկսել զինված պայքարը և որտեղ սպառազինության վազքը մեծ ծավալների է հասել, միչդեռ երկրում իշխում է հակաժողովրդավարական ռեժիմ, որը խախտելով մարդու իրավունքները, մամուլի և խոսքի ազատությունը, անտեսում է միջազգային իրավական կարգը: Սպառնալից է նաև հայերի դեմ ստեղծված ատելության մթնոլորտը, որին միտումնավոր կերպով նպաստում են Ադրբեջանի իշխանությունները: Հանրահայտ է Սաֆարովի պարագան, երբ Հունգարիայի արտահանձնումից հետո նրան Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի և ներում շնորհեցին նախագահական հրամանագրով: Սաֆարովը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում քնած հայ սպային կացինով սպանելու համար: Իսկ վերջերս հալածանքի մեծ ալիք է բարձրացել Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ, այն պատճառով միայն, որ նա իր գրքում գրել է թե հայերն իր թշնամինները չեն եղել:

Հոլանդահայ Ֆեդերացիան դիմում է կատարել, որպեսզի հանդիպումներ կազմակերպվեն հոլանդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդմների և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի հոլանդական պատվիրակության անդամների հետ, որպեսզի հավելյալ տեղեկություններ հաղորդվեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին և մտքերի փոխանակում տեղի ունենա հակամարտության հետագա ընթացքի, ինչպես նաև հնարավոր լուծումների շուրջ: