?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Ինչպե՞ս է պատահում, որ Մոսկվան հնազանդվում է Բաքվի պահանջներին։ Ինչպե՞ս է, որ  ռուս-ադրբեջանական կապերի վատթարացման սպառնալիքն այնքան է ազդում պաշտոնական Մոսկվայի վրա, որ պետական ,,ՌԻԱ նովոստին,,  հանում է իր իսկ քաղաքական մեկնաբանի հոդվածը....

Այս մասին Orer.eu անկախ ամսագրի կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանի տեսակետը.

Ընթերցողներին ենք ներկայացնում Ադրբեջանի ճնշմամբ արգելափակված Ռուս Վադիմ Դուբնովի հոդվածը :                      

                                                                                                                                                             

Ղարաբաղը 25 տարվա ընթացքում սովորել է լինել չճանաչված

28 փետրվարի, 2013 | 13:18

ՎԱԴԻՄ ԴՈՒԲՆՈՎ

Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովի կարծիքով՝ այսօր Ղարաբաղը թեկուզ չճանաչված, սակայն լիովին կայացած պետություն է։ Այստեղ պատերազմի մասին չեն խոսում. դա պատմություն է, որը չի խանգարում ապրել։

ՄՈՍԿՎԱ. - 2013թ.-ին Ղարաբաղը նշում է 25-րդ տարեդարձը, որը սկսվել է փետրվարից։ 1988թ.-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ն անկախանալու հարցով դիմել է խորհրդային Ադրբեջանի օրենսդիրներին։

Այդ օրվա պատվին է անվանակոչվել մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը։

Ստեփանակերտում քառորդ դար անց էլ այդ օրվա պատվին, որը դեռ Ղարաբաղում փոխարինում է Անկախության օրվան, խորհրդարանի տոնական նիստ է անցկացվել։

Փետրվարի վերջին օրերին սգո արարողություններ տեղի կունենան ի հիշատակ Սումգայիթի հայերի ջարդի, որը տեղի ունեցավ հենց նույն՝ 1988թ.-ի փետրվարին։ Ապա տեղի կունենան առաջին ռազմական հոբելյանները, կնշվի Գյուլիստանի հաշտության պայմանագրի 200-ամյակը, որով Պարսկաստանն ընդունեց Կովկասյան տարածքները, այդ թվում՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմ հանձնելը։

Սակայն 1988թ.-ի փետրվարի 13-ը Ղարաբաղի անկախության առաջին ամսաթիվն է, երբ Ստեփանակերտի ուսանողները բողոքի ակցիա նախաձեռնեցին, ինչը վերածվեց բազմահազարանոց երթի։

25 տարի անց՝ կրկնելով երթը, կազմակերպիչները Ստեփանակերտի գլխավոր հրապարակում հանրահավաք կազմակերպեցին՝ ավելի համեստ,  ոչ պաշտոնական և փոքր- ինչ ավելի տարօրինակ. երևի, որովհետև այն ուսանողները, ովքեր այժմ արդեն մոտ 50 տարեկան են, այդ ժամանակ դեռ չգիտեին, որ իրենց պոռթկումը կավարտվի պատերազմով։ Իսկ հրապարակում նրանց փոխարինել են երեխաները, որոնց համար հայրերի պատերազմը միայն պատմություն է։

Կարծես պատերազմ չի եղել

Կարծես հատուկ Ղարաբաղյան պատերազմի տարեդարձին ԼՂ ռազմական հրամանատարությունը հաղորդեց, որ միայն փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 1500 անգամ։

Ղարաբաղի մասին վերջին տարիներին տագնապով են խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, ռազմական մասնագետները և խոսում հնարավոր հակամարտության ելքի մասին։ Բաքուն մշտապես հիշեցնում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր իրավունքի մասին, եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի։

Ի պատասխան՝ Երևանն ու Ստեփանակերտը հիշում են 1994թ.-ը, երբ, նրանց պնդմամբ, միայն Մոսկվան թույլ չտվեց ղարաբաղյան բանակին հասնել մինչև Բաքու, կամ գոնե Գանձակ։

Ղարաբաղյան հակամարտությունը 1990-ականների պատմության մեջ ամենաարյունալին է և ամենաբարդը՝ կարգավորման տեսանկյունից։

Ոչ մի այլ հակամարտության մեջ հակամարտող կողմերը պատով չեն բաժանված, այլ իսկական շփման գծով, որտեղ ժամանակ առ ժամանակ գործում են դիպուկահարներն ու ականանետները։

«Եթե վաղը պատերազմ լինի՞» հարցը Ղարաբաղում անկախության տարիներին այնքան արդիական էր, որքան այն, որ այստեղ առանց պաթոսի միշտ խմել են խաղաղության կենացը։

Այսօր Ղարաբաղում, կարծես, հոգնած այդ ամենից, պատերազմի մասին չեն խոսում։ Կարծես տեսնելով, թե ինչպես են մեծանում երեխաները, ծնողները սովորել են չհիշել ռումբերի տակ ապրած կյանքի մասին, իսկ եթե ամեն դեպքում վաղը պատերազմ լինի, թող լինի ինչ լինելու է։ Քանի դեռ պատերազմ չկա, պետք չէ թունավորել գոյությունդ։

Իսկ ճանաչման համար, որին մի ժամանակ սպասում էին ինչպես հրաշքի, դադարել են մտածել դեռ ավելի վաղ ժամանակներից։ Եվ վերջնականապես հստակ է եղել այն, ինչը բոլորը գլխի էին ընկել դեռ վաղուց. նախ՝ ճանաչում չի լինի և երկրորդ՝ դա այնքան էլ պետք չէ։

Ազատության գնաճ

Սկզբում Ղարաբաղի անկախության պատմությունը զարգանում էր ավանդական ճանապարհով։ Էյֆորիան աստիճանաբար փոխակերպվում է հաղթանակը ցանկացած գնով պահելու պատրաստակամության։ Այդ գինը նման դեպքերում նշանակում են ուսադիրներով մարդիկ։

Սակայն որքան ազատ և անվտանգ է դարձել կյանքը, այդքան ավելի է այն լցվել սովորական տնտեսական պատկերներով։ Գները չեն նվազել, սակայն ոչ այն պատճառով, որ շրջափակում է։ Ցանկացած շրջափակում խելացի մարդկանց համար նույնպիսի հաջողություն է, ինչպիսին ավելի երջանիկ տեղերում հանդիսանում է օլիմպիական օբյեկտների կառուցումը։

Իսկ հետո ռազմական մաքսանենգության մենաշնորհը նորմալ կյանքի հաստատվելու ընթացքում վերափոխվեց սովորական մենաշնորհի։ Նա, ում բախտը բերեց, դառնում է տեղական նշանակության օլիգարխ կամ պաշտոնյա։ Մի խոսքով՝ ճիշտ այնպես է, ինչպես ամեն տեղ։

Այստեղ հիմնական բիզնեսը դարձավ շինարարությունը։

Օլիգարխիայի լոկոմոտիվը

Այն բանի համար, որ Ղարաբաղում ամեն ինչ մարդկային է դարձել, իրեն կարող է շնորհավորել նաև Երևանը։
Հայկական իշխանությունը, ով էլ որ այն գլխավորի՝ ղարաբաղցի Սերժ Սարգսյանը, թե երևանցի գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ գիտի, թե ինչ խնդիրներ նրա համար կարող է ստեղծել Ղարաբաղը։

Դրա համար ցանկացած երևանյան իշխանության համար՝ լավ Ղարաբաղն այն Ղարաբաղն է, որը փաստացի անկախ է, սակայն, ըստ էության, իշխանությանն ուղղահայաց է և ոչնչով չի տարբերվում այլ շրջաններից։

Ոչինչ, որը կարող էր հետաքրքրել հայկական բիզնեսի հսկաներին, չկա։ Դրա համար էլ ղարաբաղցի օլիգարխներին չեն խանգարում, ղարաբաղյան քաղաքականության մեջ չեն խառնվում, միայն թե ամեն ինչ կայուն լինի։

Ստեփանակերտի բնակիչները կարող են միայն տխրությամբ հիշել մանկության կառուսելները, որոնց վայրում հերթական հյուրանոցը կկառուցվի։

Չէ՞ որ Ղարաբաղում տուրիստական բում է, տուրիզմն առաջնային ոլորտներից մեկն է հռչակված։

Մոռանալ Մադրիդը

Մի խոսքով՝ Երևանը գտել է Ղարաբաղի հետ համաձայնության գալու ձևը։ Ամեն դեպքում՝ Ստեփանակերտի կարծիքը Հայաստանի վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում որևէ մեկին չհետաքրքրեց։

Վերջին անգամ Ղարաբաղում բանակցային գործընթացին իրենց մասնակցության մասին անհանգստացել են 2008թ.-ին՝ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում։ Նախագահ Սերժ Սարգսյանը թուրք գործընկերոջ՝ Աբդուլլահ Գյուլի հետ այն անցկացրեց Երևանի «Հրազդան» և թուրքական Բուրսա քաղաքի մարզադաշտերում. ցավելով դաշտում մրցակցող իրենց թիմերի համար՝ նրանք քննարկում էին պատմական հաշտեցման հեռանկարները։

Ղարաբաղը մտահոգվում էր, որ իր շահերը, մասնավորապես՝ 7 շրջանները, որոնք ղարաբաղցիներն ազատագրել են պատերազմի տարիներին, կարող են դառնալ փոխզիջման առարկա։

Սենսացիա տեղի չունեցավ և առ այսօր կարգավորումն առաջընթաց գրանցեց միայն 2009թ.-ին, երբ ներկայացվեցին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները։

Կարծես երկու կողմերն էլ դրանք անընդունելի են համարում, և սպասում էին, թե նրանցից ո՞ր մեկն առաջինը կմերժի այն և աշխարհին ցույց կտա իր բանակցելու ունակ չլինելը։

Մեկ տարի առաջ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով ՆԱՏՕ-ի դասընթացի շրջանակներում կացնով սպանել էր իր հայ գործընկերոջը։ Այս գործընթացից հետո կարգավորումը սառեցվեց, հրաձգությունը շփման գծում ավելի հաճախակի դարձավ։

Երևանում դեռ մարգինալ են համարում այն մարդկանց, ովքեր ցանկանում են հռչակել Ղարաբաղի անկախությունը,  իսկ Ադրբեջանում վառում են ազգային գրող Աքրամ Այլիսլիի գրքերը, ով իր «Քարե երազներ» գրքում նկարագրել է 1990-ականներին իր համերկրացիների դաժանությունները հայերի նկատմամբ։

Իսկ այժմ, այդ ամենից բացի, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել Երևանի ինքնաթիռները։

Քաղաքական քաղաքացիական ավիացիա.

Ինքնաթիռներն այս օդանավակայանից Երևան էին թռչում դեռևս խորհրդային տարիներից, սակայն 1990-ական թվականներին ղարաբաղյան իշխանությունները ցանկացան ուղղաթիռային հաղորդակցություն սկսել։

Այժմ զինվորականների կողմից օգտագործվող տարածքում կառուցվել է ժամանակակից օդանավակայանի շենքը։

Օդանավակայանի վերանորոգման որոշումը կայացվել էր Երևանի կողմից՝ 2008թ.-ին, սակայն միայն 2011թ.-ին, երբ օդանավակայանը գրեթե կառուցվել էր, Բաքուն հայտարարեց ինքնաթիռներին հարվածելու մտադրության մասին։
Փորձագետների կարծիքները դրա տեխնիկական հնարավորությունների մասին տարբերվում են։

Ասում են, որ ավիահաղորդակցության վերաբացման հարցում պնդում է հայկական սփյուռքը, որի շնորհիվ Ղարաբաղը հույս ունի լցնել իր բազմաթիվ հյուրանոցները։

Ենթադրվում է, որ ինքնաթիռի տոմսի գինը կկազմի 19-25 հազար դրամ՝ 50-տեղանոց CRJ-100 ինքնաթիռների համար։
Կես ժամանոց թռիչքին պետք է ավելացնել նաև օդանավակայանի ուղևորային գործողությունները՝ գրանցումը, վայրէջքը, հնարավոր մաքսային ստուգումը, դեպի օդանավակայան և օդանավակայանից տեղափոխումը. ընդհանուր առմամբ՝ դա կտևի 3 ժամ։

Տաքսին Երևանից Ստեփանակերտ տեղափոխում է 35-50 հազար դրամով, սակայն դա 4 ուղևորի վրա բաժանելու արդյունքում այն ավելի էժան է, քան ինքնաթիռը։ Ամռանը մեքենաներն այդ տարածությունն անցնում են 4, իսկ ձմռանը՝ 5-6 ժամում։

Ղարաբաղում առանձնապես չեն պնդում, որ այդ նախագիծը տնտեսական հենք ունի։ Այստեղ այն երբեմն անվանում են «հումանիտար»։

Միավոր՝ Բաքվի համար

Չնայած աչալրջությանը, որը միշտ առաջացնում են ուժի կիրառման սպառնալիքները, Բաքվի պատրաստակամությունն աշխատում է միայն շանտաժի ժանրում։

Հայաստանը, որը հետաքրքրված է «ստատուս քվոյի» պահպանմամբ և պատերազմի արդյունքների ամրագրմամբ, կցանկանար հակամարտությունը փակված տեսնել։

Երբ աշխարհը հոգնի անմիտ կարգավորումից, Հայաստանը կշահի։ Ճիշտ նույն կերպ էլ կպարտվի Ադրբեջանը, և նա տրամաբանորեն պետք է դրամատիզմ ավելացնի և ի վերջո վախեցնի բոլորին, այդ թվում՝ միջազգային միջորդներին։ Եվ գնահատելով նոր պատերազմի հավանականությունը, որի մասին իրենց զգուշացրել է Բաքուն, նրանք ստիպված են գնալ Երևան, համոզել, ճնշել, իսկ այժմ արդեն մեղավոր դառնալ, որ հակամարտության կարգավորումն անհաջող կատակի է վերածվում։

Ու թեև քաղաքական հետևանքներ այդ կարգավիճակը չի ունենա, Բաքուն միավորներ է շահում՝ իր իսկ ներքաղաքական խաղում, քանի որ որևէ այլ մեկին չի հետաքրքրում։

Օդանավակայանի հարցում Բաքուն, հնարավոր է, ստանա այդ միավորը։

Ղարաբաղում կարծես առանձնապես հպարտ չեն այն բանի համար, որ օդային տարածքը կբացվի դեպի Երևան։

Խաղաղություն հնարավոր չէ, սակայն դա անհանգստանալու համար լուրջ պատճառ չէ։ Ճանաչում չի լինելու, սակայն դա այլևս երազանք չէ։ 25 տարիների ընթացքում Ղարաբաղը հասել է նրան, ինչին պետք է հասներ. վերածվել է պետության,  ոչ հարուստ, չճանաչված, սակայն լիովին կայացած։ Եվ մի սերունդով, որի համար թշնամությունն ու պատերազմը պատմություն են, որն առաջվա պես բացատրում է, սակայն այժմ չի խանգարում ապրել։

ՎԱԴԻՄ ԴՈՒԲՆՈՎ

«ՌԻԱ Նովոստի» գործակալության քաղաքաակն մեկնաբան

25.02.13.

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքին

Թարգմանությունն ըստ newsbox.am

Orer.eu