?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

  aninidoragir.JPG            

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը կոչով դիմել է նիդերլանդահայ բոլոր կազմակերպություններին ու կառույցներին ակտիվորեն մասնակցելու այս երկրում նշվող ազգային տոներին և միջոցառումներին:Դիմումի շարադրանքում մասնավորապես հայտնվում է, որ ինչպես, մեր բարեկամ հոլանդացիներն են մեզ հետ համագործակցում, մասնակցում մեր բոլոր միջոցառումներին, այնպես էլ հայերը, որպես այս երկրի լիիրավ քաղաքացիներ, պարտավոր են իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ և ակտիվությամբ մաս կազմեն Նիդերլանդների հասարակական քաղաքական կյանքին:Ամուր ինտեգրված լինելով Քրիստոնեական այս երկրին' միայն կավելացնենք մեր համակիրների և բարեկամների թիվը, ասվում է դիմումում և օրինակ բերվում Հայոց Ցեղասպանության տարեդարձերին ազգությամբ հոլանդացի բարեկամների մասնակցությունն ու համերաշխության ցուցադրումը ցեղասպանության ճանաչման հարցում:Նիդերլանդներում Մայիսի 4-ին առանձնահատուկ կերպով նշվում է պատերազմում զոհվածների Հիշատակի օրը, իսկ 5-ին' ֆաշիզմից Նիդերլանդների Ազատագրման օրը: Այս օրաթվերին ավանդաբար ջանադրորեն է պատրաստվում Լինբուրգի մարզի հայ համայնքը' Մաստրիխտի Անի կազմակերպության ակտիվ նախաձեռնությամբ ու համագործակցությամբ:Ամեն տարի այդ օրը հայ համայնքի անունից թարմ ծաղկեպսակ է դրվում Մաստրիխտի ազգային հուշհամալիրի պատվանդանին' ի պատիվ զոհված մարտիկների:

Ահա թե ինչու «Անի» կազմակերպության անդամների ցանկությունն է,որ Նիդերլանդներում սփռված հայկական մեծ ու փոքր համայնքներն իրենց բնակավայրերում նույնպիսի ուշադրություն սևեռեն այս կարևոր իրադարձություններին, մասնակցություն ունենան համանիդերլանդական լայնածավալ միջոցառումներին:

«Նիդերլանդական Օրագիրն» օգտվելով պատեհ հնարավորությունից , ընթերցողին է ներկայացնում մայիսի 4-ի և 5-ի տոների որոշակի պատկերն ու խորհուրդը:

4-ը մայիսի' Հիշատակի օր(Dodenherdenking)

Մայիսի 4-ը' որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օր(Dodenherdenking) Նիդերլանդներում նշվում է 1947 թվականից: 1961 թվականին որոշվեց, որ այդ օրը հարգվելու է նաև այլ թվականների կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը:1987 թվականին հիմնադրվեց«Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն,որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները: Հանդիսության գլխավոր մասը ավանդաբար ազդարարվում է Ամստերդամի Dam հրապարակում, այնուհետ տարածվում երկրով մեկ:Երեկոյան' ժամը 19-ին Nieuwe Kerk եկեղեցում տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում են թագավորական ընտանիքի անդամներն ու բարձրաստիճան այլ անձինք:Այս տարի առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ այս միջոցառումներին կմասնակցեն երկրի նոր թագավորն ու թագուհին: Ժամը 19.50-ին արդեն նորընծա թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը տիկնոջ' թագուհի Մաքսիմայի և արդեն նախկին թագուհի Բեատրիքսի հետ, կառավարական ողջ շքախմբի, զինվորականների,պատերազմի վետերանների, քաղաքական գործիչների և այլոց ուղեկցությամբ եկեղեցուց ուղեցույց են վերցնում դեպի զոհվածների հուշհամալիր:Այստեղ «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ի անդամներից մեկը զոհվածների հիշատակի երախտիքի ու շնորհակալական խոսք է ասում, որից հետո առաջինը' թագավորական ընտանիքի անդամները ծաղկեպսակ են տեղադրում հուշակոթողին: ՈՒղիղ ժամը 20:00-ին հնչում է հատուկ ազդանշանը և ողջ երկիրը բառի բուն իմաստով քարանում է, դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը, վայր են իջեցվում պետական դրոշները: Մարդիկ խոնհարվում և հիշում են նրանց, ովքեր իրենց գլուխը վայր դրեցին հանուն այսօրվա  խաղաղ կյանքի:Լռության րոպեից հետո հնչում է պետության հիմնը, որին հետևում է օրվա խորհրդին վերաբերվող ճառերն ու կարճ ելույթները:Դրանից հետո միայն կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները,զինվորականներն ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայիս վարչապետ Ռութի առաջնորդությամբ ծաղկեպսակներ և թարմ ծաղիկներ կդնեն զոհված մարտիկների հուշարձանին:Այնուհետև կսկսվի համընդհանուր երթը հուշհամալիր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է մոտենալ և ծաղիկներ դնել հուշարձանին:

Ամբողջ այս արարողակարգը ռադիոյով և հեռուստատեսությամբ  ուղղիղ եթեր է հեռարձակվում:

5-ը մայիսի'  Ազատագրման օր (Bevrijdingsdag )

Մայիսի 4-ի Հիշատակի օրվան հաջորդում է  մայիսի 5-ի' Ազատագրման օրը:1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման  օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը: Նիդերլանդների բոլոր 12 մարզերում մեծ նշանակություն են տալիս ազգային այդ տոնին: Երբ երկրի վարչապետը ավանդաբար բոցավառում է «ազատության կրակը» , երկրով մեկ սկսվում է տոնախմբությունը:Տարբեր քաղաքներում ու բնակավայրերում սկսվում են տարբեր բնույթի փառատոնները' երգի, երաժշտության, գեղեցկության, թատերական և այլն:Տոնակատարության ազգային կոմիտեի հրավերով նիդերլանդներ են գալիս բազմաթիվ մշակութային խմբեր, ճանաչված մարդիք:Հատուկ թագավորական օդուժի ուղաթիռներով մասնակիցներին մի քաղաքից մյուսն են տեղափոխում միջոցառումներն ավելի բովանդակալից անցկացնելու համար:Ամենամեծ փառատոնային հրապարակները գտնվում են Հարլեմում և Զվոլեում: Այս տարվա տոնակատարության գլխավոր քաղաքը լինելու է ՈՒտրեխտը, ուսանողական կենտրոններից մեկը:Մասնակցելու են 120-ից ավելի խմբեր և արտիստներ, ազատության թեմայով դասախոսություններ են կարդալու հայտնի մասնագետներ:Կազմակերպվող 14 տարբեր փառատոններում ներկա է լինելու  երգչուհի  Միսս Մոնտրեալը' որպես խաղաղության բարի կամքի դեսպան:Միջոցառումը եզրափակվելու է Ամստերդամի Ամստել գետի վրա կառուցված հրապարակում անցկացվող մեծ համերգով,որին մասնակցելու է թագուհի Բեատրիքսը: Համերգի մասնակիցներն իրենց կշրջափակեն 600 մետր երկարություն ունեցող տոնական ժապավենով:Համերգն ուղղիղ եթերով հեռարձակվելու է սկսած 20:45-ից:

Յուրաքանչյուր քաղաք և բնակավայր մայիսյան այս երկու տոնակատարություններին պատրաստվում է յուրովի'  սեփական նախաձեռնություններով ու ծրագրերով:Հայ համայնքը ևս փորձելու է ակտիվորեն ներգրավել Հոլանդիայի հասարակական, քաղաքական մշակութային կյանքին, դառնալով նրա հասարակության մի մասնիկը, ապահովելու և ամրացնելու այս երկրի միասնականության անխախտ  մթնոլորտը:

Հ. Ազիան

(«Նիդերլանդական Օրագրի» թղթ.)