?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՀ Նիդերլանդների դեսպանությունը մայիսին հանդիպում է նախաձեռնել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամի հետ

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամը ստղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման խիստ անհրաժեշտության:Այն գործում է Հայաստանի առաջին տիկնոջ հովանու ներքո:2000թ. դեկտեմբերի 28-ին Երևանում բացվել է ռեեստրի լաբորատորիան: Ներկայումս այն իր տեսակի մեջ եզակին է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:  Ռեեստրում կատարվող հետազոտությունների շրջանակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: 2006թ. լաբորատորիային տրվել է հավատարմագիր Եվրոպական Իմունագենետիկայի Ֆեդերացիայի կողմից: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամը: Հիմնադրամի գործունեության 13 տարիների ընթացքում նրան անդամագրվել են ավելի քան 24000 դիմորդ, որոնցից մոտ 6500-ը սփյուռքից են: Հիմնադրամում ներգրավված  սփյուռքի 13 համայնքների թվում դեռևս ընդգրկված չէ նիդերլանդահայ համայնքը:

Հենց այս նկատառումներից ելնելով էլ Նիդերլանդների Թագավորությունում  ՀՀ դեսպանությունը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում (Potterieplein-50, Maastricht  6216 VB) այս տարվա մայիսի 12-ին, ժամը  14-ին  Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» Բարեգործական Հիմնադրամի գործադիր  տնօրեն Սևակ Ավագյանի հետ:Հանդիպման նպատակն է լինելու հիմնադրամի աշխատանքներին մոտիկից ծանոթանալը, նաև այս ոլորտում սերտ համագործակցություն հաստատելը:

Հ.Գ-Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ  դեսպանությունը այս միջոցառմանը հրավիրում է նաև նրանց, ովքեր հետաքրքրված են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի գործունեությամբ:

«Նիդերլանդական Օրագիր»