?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հուսով եմ, որ մի օր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջի անունը կփոխվի` «Պահանջեցինք և ստացանք ֆինանսավորում»


14:38, 14 մայիսի, 2013

Հռիփսիմե Սնխչյանն աշխատում է Ամստերդամի Ազատ համալսարանի բժշկական կենտրոնում, դոկտորական թեկնածու է (ասպիրանտ) նյարդաբանության գծով: Միշտ հետաքրքրվել է մոլեկուլային կենսաբանությամբ ու մանավորապես դրա համատեղմամբ պաթոֆիզիոլոգիայի հետ: Ներկայում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դարձել են միլիոնավոր մարդկանց անլուծելի խնդիրը: Դա մեծ մոտիվացիա է առաջացնում` աշխատելու այս ոլորտում և փորձելու ինչ-որ ներդնում ունենալ նոր թերապևտիկ միջոցների զարգացման մեջ: Իրեն դեռևս գիտնական չի համարում, քանզի դեռ շատ սովորելու բաներ ունի իր դոկտորական աշխատանքի ընթացքում:

Երկու տարի աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ և պատրաստել է մագիստրոսական թեզը դոկտոր Արսեն Առաքելյանի ղեկավարությամբ: Շատ ուրախ է, որ պատիվ է ունեցել աշխատելու այդ լաբորատորիայում: Մագիստրոսական թեզը եղել է հայերի շրջանում իշեմիկ ինսուլտի հանդեպ գենետիկական հակվածության վերաբերյալ:

Ապա մեկ տարի աշխատել է Գերմանիայում` Էսսենի համալսարանի բժշկական կենտրոնում, որտեղ գիտահետազոտական թեման եղել է ուղեղում դեղերի տեղափոխիչների (տրանսպորտրների) կարգավորումը իշեմիկ ինսուլտի ժամանակ: Այժմ Ամստերդամում աշխատում է այդ նույն տեղափոխիչների կարգավորման վրա, սակայն Ալցհեյմերի հիվանդության համար:

-Հռիփսիմե, ի՞նչ գիտական մրցանակներ կամ դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանքկարևոր։

-Գերմանիայում աշխատելու ժամանակ մեկ ամսվա ընթացքում տեղեկացա, որ միաժամանակ շահել եմ Եվրոպայի երկու ամենամրցակցային դրամաշնորհները իմ դոկտորական աշխատանքը իրականացնելու համար: Կարելի է ասել` դա իմ կարիերայի ամենաշրջադարձային պահերից մեկն էր: Առաջին դրամաշնորհը երեք տարի Գերմանիայում աշխատելու համար էր (DAAD), իսկ երկրորդը ` դոկտորական ծրագիր (Erasmus Mundus), որը հրավորություն է ընձեռում աշխատել և համագործակցել երեք համալսարանի հետ (Ամստերդամ, Ցյուրիխ և Բորդո): Անչափ ուրախ էի, ու ընտրությունս եղավ Erasmus Mundus-ը:

-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր հետագա մասնագիտական աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

-Երկարաժամկետ տեսլականով պատկերացնում եմ ինձ Հայաստանում, սակայն մասնագիտական հետագա աճի մասին դժվար է խոսել... Հուսանք, որ մինչ այդ այնպիսի պայմաններ կլինեն, որ իմ փորձն անհրաժեշտ կլինի և ի օգուտ կծառայի: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում գիտական գործունեության համար պայմանները շատ հեռու են անհրաժեշտ նվազագույնից...

-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյոք գիտնականի միակ գործը չպե՞տք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու արդյոք իսկական գիտնականը միայն նա չէ՞, ով զբաղվում է գիտությամբ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, ավելի խիստ՝ արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինելուց այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

-Ցանկացած գիտնական արժանավայել ապրելու և իր գործով ընտանիք պահելու իրավունք ունի: Իսկ եթե գիտնականը աշխատում է 2-3 տեղ, որպեսզի մի կերպ կարողանա գոյատևել, արդեն նշանակում է, որ գիտության մեջ նրա ներդրումն էլ համապատասխան է լինելու: Իսկ առանց հողեղեն-նյութական բաների ինչպե՞ս կարելի է գիտական հետազոտություններով զբաղվել: Մանավորապես, իմ ոլորտում ֆինանսավորումը և գիտական հետազոտությունը սերտորեն կապված, անբաժանելի բաղադիչներ են: Կարծում եմ` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջը բավականին լուրջ արդյունքների է հասել կարճ ժամանակի ընթացքում: Հուսով եմ՝ մի օր իսկապես էջի անունը կփոխվի, կդառնա` «Պահանջեցինք և ստացանք ֆինանսավորում»։ Ամեն դեպքում, դեռ շատ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն լուծման:

-Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

-Երիտասարդ գիտնականներին մաղթում եմ զինվել ուժեղ ոգով և չհանձնվել: Բաց մի՛ թողեք արտերկրում վերապատրաստվելու և որպես մասնագետ կայանալու հնարավորությունները: Իսկ հետագայում, եթե անգամ ձեզ չեք տեսնում Հայաստանում, փորձեք համագործակցել գործող լաբորատորիաների հետ և ունենալ ձեր ներդրումը Հայաստանում գիտության զարգացման մեջ:

Մանե Հակոբյան

Hetq.am

Tags: