?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքը հայտնում է.

Հ.Յ.Դ. Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ և Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ ու օժանդակութեամբ թուականիս Մայիսի 17-19-ին Նիդերլանդների Ալեկմաար քաղաքում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողով, որին մասնակցեցին 42 երիտասարդներ` Եւրոպայի 8 երկրներից` Շուեդիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Յունաստան և Նիդերլանդներ։

Խորհրդաժողովին մասնակցում էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Հ.Յ.Դ. Եւրոպայի պատասխանատու ընկերներ։

Խորհրդաժողովի բնաբանն էր «Հայութիւնը 2025 թուականին»։

Խորհրդաժողովի նպատակներից էր քննարկել Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների իրավիճակն ու խնդիրները և ճշտորոշել ուղիներ քաղաքական կեանքում աւելի մեծ դերակատարութիւն ստանձնելու համար։
Եռօրեայ խորհրդաժողովի աւարտին, յետ զեկոյցների, քննարկումների և խմբային աշխատանքների, ընդունուեց բանաձև, որը ներկայացւում է ստորև.

Ա. Եւրոպահայութիւնը, մասնաւորապէս Եւրոպահայ երիտասարդութիւնը պէտք է աշխատի, որպէսզի 2025 թուականին ունենանք աւելի կազմակերպուած Եւրոպահայ համայնքներ և աւելի ամուր կապեր Հայաստանի հետ։ Ուստի անհրաժեշտ է վերակազմակերպել և աշխուժացնել եւրոպահայ համայնքները, ամրապնդել Սփիւռքի տարբեր կառոյցների աշխատանքները` հայոց լեզուն, մշակոյթը, ինքնութիւնը և հայկական դիմագիծը անաղարտ պահելու նպատակով։

Բ. Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնները պէտք է շատացնեն իրենց ջանքերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, հատուցման և հայութեան իրաւունքների հետապնդման ուղղութեամբ։ Այս առումով պէտք է գործողութիւնների աւելի իրատեսական ծրագրեր մշակուեն։ Պէտք է աշխատել ազատ և անկախ Արցախի պաշտօնական ճանաչման և հզօարցման ուղղութեամբ։ Պէտք է պայքարել ջաւախահայութեան իրաւունքների ապահովման ուղղութեամբ։

Գ. Աշխուժօրէն հետևել և նպաստել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, ընկերային և այլ ոլորտների խնդիրների լուծմանը, որն իր հերթին նպաստելու է Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների մակարդակի բարձրացմանը։

Դ. Անհրաժեշտ է մշակել և նախաձեռնել կանխարգելիչ ծրագրեր` Եւրոպայում թրքաադրբեջանական օրէցօր աւելի մեծացող և կազմակերպուող սփիւռքի հակահայկական գործողութիւնները չեզոքացնելու նպատակով։

Ե. Եւրոպահայ երիտասարդութիւնը պէտք է աւելի մեծ դեր ստանձնի Հայ Դատի աշխատանքների և հայութեան առջև ծառացած մարտահրաւէրների լուծման ուղղութեամբ, ուստի անհրաժեշտ է պատրաստել գաղափարապաշտ, գործունեայ և գիտակից եւրոպահայ երիտասարդներ, ովքեր ունակ և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ հայրենանուէր և ազգանուէր բոլոր աշխատանքներում։

Խորհրդաժողովն աւարտուեց աշխատանքները ծաւալելու և աշխատանքների արդիւնաւէտութիւնը բարձրացնելու վճռական ոգևորութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
22.Մայիս.2013 թ