?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սիրիայի ամենամեծ հայաբնակ քաղաք Հալեպը' ալեկոծ, խռովահույզ տագնապների մեջ է: Իմ ֆեյսբուկյան էջին նամակ գրած 16-ամյա այս կենսախինդ աղջնակը' Քրիստինա Տեր Ստեփանյանը, Սիրյայի  այս քաղաքից է: Քաղաք, որ փորձությունների է ենթարկվում մահվան ուրվականն իր մեջ ներառած' բայց ավելի շատ սպասումների ու մաքառումների հույսը չկորցրած:

Համենայն դեպս Քրիստինան և նրա շատ հասակակիցներ,ովքեր դասի են գնում-գալիս սուրացող գնդակների ու արկերի պայթյունների ներքո,  չեն կորցնում իրենց անսասան հավատքը վաղվա օրվա  նկատմամբ:

«Պիտի վերակառուցենք ամբողջ երկիրը ,-գրում է Քրիստինան:վերստին պիտի հիմնենք բոլոր շէմքերը :Ունայն պիտի մնան բոլոր փորձերը ,որոնք կ’ակնկալեն յափշտակել մարդոցմէ խաղաղութիւնն ու արդարութիւնը»:

Այս տողերում' հայրենի եզերքի նկատմամբ անաչառ հավատք ու սեր կա: Աղջնակը, ով անսահման  սիրում ու փայփայում է խաղաղությունը, աղոթք է անում յուրաքանցյուր բարեհաջող օրվա համար: Երբ վերջերս իսլամիստները Հալեպում առևանգել էին անվանի գրող, մանկավարժ Հակոբ Միքայելյանին, Քրիստինան հետևյալը պատմեց.«Պարոն Յակոբը,

պիտի երթար իր աղջկան քով Պէյրութ,ետքը 'միւս աղջկան քով, Հայաստան

աւա՜ղ մեղք եղաւ

բոլոր սրտովս կաղօթեմ թէ շուտով իրեն ձգեն եւ շուտով Հալէպ վերադարնայ իր աշակերտներուն»:Այսօր Քրիստինայի աղոթքը բոլորին ի լուր ի կատար է ածվել' Հակոբ Միքայելյանը վերջապես որոշ գումարի  դիմաց ազատ է արձակվել:

«Բոլոր Հալէպահայերս պարոն Յակոբի վերադառնալուն շատ ուրախացանք»- գրել է մեզ Քրիսինա  Տեր Ստեփանյանը:

«Նիդերլանդական Օրագրի» ընթերցողները կիսում են անչափ ուրախ այս լուրը:

------------------------------------

Կրթասիրաց Սարգիս Չեմպերճեանի Երկրորդական  Վարժարանի սան Քրիստինա Տէր Ստեփանեանն իր մասին

Ծնած եմ  1997-ին ,Սուրիա(Հալէպ) : Աւարտած եմ  Ազգային Կիւլպէնկեան  Վարժարանը , իսկ ներկայիս կը յաճախեմ Կրթասիրաց Սարգիս Չեմպերճեանի Երկրորդական  Վարժարանը :Կը բնակիմ Հալէպ ընտանիքիս հետ  այսինքն ՝  հօրսՄինասի ,մօրսՍօնեայի  , քրոջս եւ եղբօրս հետ:

Ես տասնեկրորդ  պիտի ըլլամ (Պաքալորեա): 2010 թուականին Բերիոյ Հայոց  թեմի  Քրիստոնէական դաստիարակութեան  խորհուրդի  երիտասարդներու վարչութեան կազմակերպուած Միջդպրոցական Շարադրութեան մրցումին առաջնութիւնը  շահած  եմ :Ես որպէս Կրթասիրաց վարժարանի առաջնակարգ աշակերտուհի աւատելէ ետք կը փափաքիմ  Համալսարանի դեղագործութեան ճիւղը ուսանիլ միաժամանակ Հայագիտութիւն կատարելով  Հանճարեղ գրողներու այդ սուրբ ճամբուն քայլերս կ’ուզեմ նետել :Իմ կեանքի  նպատակս   է  արդարօրէն ուրիշներուն առանց  ոտնակոխելով  աշխատիմ   բոլոր գործի ասպարէզներէն ներս բացառիկ դիրքը գրաւելու համար եւ արդարութեան շատ կարեւորութիւն կուտամ :Ես ամէնէն շատ կը սիրեմ  մեր Հանճարեղ Բանաստեղծներէ ն ՝ Պարոյր Սեւակը ,Վահան Թէքէեան ,Աւետիք Իսահակեանը որոնք  ունին գեղասքանչ  ու  աննման քերթուածներ :Երազանքս է նաեւ  բանաստեղծութիւններ ,յօդուածներ գրելուն  կողքին  թատերգութիւններ գրել եւ բեմադրել այսպիսով Հայ ազգին ու գրականութեան մեծ օգուտներ ընծայել:Բանաստեղծութիւններս կ’ուզեմ գրել արեւելահայերէնով եւ արեւմտահայերէնով :

Քրիստինա Տէր Ստեփանեանի ստեղծագործություններից.

Հալէպը երէկ եւ այսօր


Գարնան գեղեցիկ օրերուն էր ,երբ Սուրիոյ նահանգներուն վրայ պտտող սարսափելի մրրիկը պատեց նաեւ Հալէպը : Հրաբուխի մը նման իր կրակն ու իր բոցը տարածեց :Ուստի ,մեր ժողովուրդին կեանքը խոշոր գալարումներով այլայլեց կսկծալիօրէն :Ճակատագրակա՞ն է ամէն փորձանք ու ամէն աղէտ :Ճակատագի՞ր կը կոչուի , երբ բազմաթիւ հայեր գնդակահարուելով կը նահատակուին անակնկալօրէն :
Իսկապէ՞ս անխուսափելի է ճակատագիրը ,իսկապէ՞ս մեր քայլերը մեզմէ զատ որոշող ուժ մը կայ :Ի զո'ւր են բոլոր հարցումներն ու դժգոհութիւնները ,երբ իմ երազային Հալէպ քաղաքս չեն վերադարձներ :Իմ հրաշագե՜ղ քաղաքս նշանաւոր իր բարեկիրթ ու ազնիւ ժողովուրդով ,երջանկութեան ու խաղաղութեան խորհրդանիշ՝ որ ներկայիս,այս տաժանելի օրերուն տառապանքի մղձաւանջ մը կ’ապրի :
Մութ են թաղերը ,մութ են տուները ,գուցէ նաեւ՝մտքերն ու հոգիները :Բոլոր փողոցները լեցուած են ուտելիքի եւ փայտի վաճառականներով ,կը չարչարուին մարդիկ ,գտնելու համար հացը ,խմելիք ջուրը ու ապահով վայր:Թախծոտ են դէմքերը ,անձայն ու անմռունչ են երեկոյեան փողոցները :Կը փախին մարդիկ ռումբերէն , զէնքերէն եւ կործանիչ օդանաւերէն :Կը գլտորին ՝ ճամբան իրենց վազած ընթացքին կ’իյնան ծերերը ոմանք կը հիւանդանան ու կը գոցուին խանութները : Շատեր, տուն է տուն կը փոխադրուին ու օրն ի բուն Կը սպասեն դողահար դէմքով վերջը այս քաօսին :Փաստօրէն մթնշաղի անուրջ մը կ’ապրինք , կ’ապրինք այս կեանքը ՝,այս գժտութիւնը գիտնալով հարդերձ թէ ասի մերը չէ ու կը թուի թէ մերը՝ անդառնալ է :Նոյնպէս ,անհամ կը թուին բոլոր ուտելիքները ,մեր կոկորդներուն մէջ սառած է անանուն կսկիծ մը ,որ հետզհետէ կը բարձրանայ ու կը խանգարէ մեզ՝ թողելով կիսաբաց պատուհանի մը առջեւ սպասելու առաւօտը ,որ գայ ու պարգեւէ մեզ արդարութեան ու խաղաղութեան լոյսը :Քանդուած շէնքերն ու վնասուած ստացուածքները կ’ենթարկեն մեզ յուսահատութեան եւ նոյնիսկ լալու:Ի մտի ունենանք նաեւ , որ այս բոլորով հանդերձ , մեր մէջ արմատացած է պայքարելու զգացումը ,անդրադարձանք ելեկտրականութեան ու ջուրին արժէքին :Թող կարգ մը մարդիկ եղածը պատրուակեն ու կոչեն «Յեղափոխութիւն » կամ «Ազատութիւն »,բայց մենք կ’ուզենք որ եղբայրասպանութիւնը չշարնակուի:Արդարեւ,արդարութեան ու իրաւունքին ձայնը պիտի չլռէ ու պիտի փակուին բոլոր հաշիւները:
Թող շարնակեն ձայները ,թող սարսռան ծարերը ,բայց ես կը հաւատամ թէ մենք որպէս հայ ժողովուրդ ,պիտի տոկանք ,պայքարինք ու պիտի լեցնենք կրկին փողոցները ժպիտներով ու խաղաղութեամբ :Պիտի երգենք միասնաբար ուրախութեան ու յաղթանակի երգը ,խանդավառօրէն պիտի բաբախեն մեր սրտերը ,պիտի վերակառուցենք ամբողջ երկիրը ,վերստին պիտի հիմնենք բոլոր շէմքերը :Ունայն պիտի մնան բոլոր փորձերը ,որոնք կ’ակնկալեն յափշտակել մարդոցմէ խաղաղութիւնն ու արդարութիւնը:Յարատեւ պիտի շարունակենք Սուրիոյ Հանրապետութեան կողքին կենալ,խորապէս հաւատալով որ սեւ ամպերը պիտի փարատին եւ մեր երիտասարդները զոհողութեամբ մինչեւ իրենց արեան վերջին կաթիլները պիտի դիմադրեն ու պաշտպանեն Սուրիոյ խաղաղութիւնը :

***

Ես ինչքան մոմեր վառեմ .
Որ մէկը՞ կրնայ մեզ լուսաւորել .
Լուսաւորել մեզ սարսափելի մութէն ,
Երբ այնտեղ մանուկ մը աչքերը կը բանայ զէնքի ձայներով ,
Երբ կործանիչ օդանաւերը մեր վրայէն կը թռչին կ’անցնին
Առնելով մեր յոյսն ու հաւատքը .
Իմ երեսս ինչպէ՞ս ժպտայ ,
Երբ աչքերուս մէջ վախէն զատ բան չկայ .
Ու գացողը կ’երթայ ,ու զարնողն ալ կը զարնէ.
Անգամ մը եւս մեր աչքերուն առջեւ եղածին կը լռենք,
Շշուկն ու փսփսուքը կը տիրեն բոլոր թաղերը
Ու բոլորս յուսահատ , յոգնած եւ թոռմած
Կը սպասենք լոյս ,յոյս կը սպասենք ուշացած,
շա˜տ ուշացած խաղաղութի˜ւնը .......

Լուսանկարներում ' գրող Հակոբ Միքայելյանը:Կրթասիրաց Սարգիս Չեմպերճեանի Երկրորդական  Վարժարանի սան Քրիստինա Տէր Ստեփանեանը: