?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նարեկ Կիրակոսյանը հազվագյուտ ու ինքնատիպ մտածողությամբ օժտված, իր ուրույն ոճն ու ձեռագիրն ունեցող անհատականություն է: Նրա ստեղծագործությունները տիեզերական մեր ժամանակաշրջանի կնիքն ունեն:Իհարկե ամեն բան դեռ առջևում է  և անելիքներ էլ շատ կան, բայց մի բան ակնհայտ է' Նարեկը շնորհալի բանաստեղծ է: Ավելին ' ժամանակը կհղկի նրա  պոեզիայի  ադամանդը և ամեն բան իր տեղը կդնի: Կարևորը երիտասարդ բանաստեղծի անկեղծությունն է, նրա վառ մտքի լուսառատ պոռթկումը:

Վստահաբար կարող ենք ասել, որ կա մեր կողքին մի  նոր բանաստեղծ.

Նարեկը (Նարեկ Կիրակոսյան)

Ծնվել է 1987թվ. Երևանում:

2003 թվ. ավարտել է Նար-Դոսի անվան դպրոցը:

2003-2008 թվ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը;

1995թվ. Ռազմիկ Դավոյանի գրախոսականով «Կանչ» թերթերում տպագրվել են

առաջին բանաստեղծությունները:

Տպագրվել է՝ «Կանչ», «Ժամանակ», «Հայաստան» թերթերում , «Արևածաղիկ»,

«Աղբյուր», «100 էջ» , «Անդին» և «Համայնապատկեր» (ԱՄՆ) գրական ամսագրերում:

2004 թվ. հրատարակվել է «Ժամանակի սիմֆոնիա» բանաստեղծությունների ժողովածուն:

2012 թվ. թարգմանվել է Բոստոնում (ԱՄՆ):

«Նիդերլանդական Օրագրի» ընթերցողներին ենք ներկայացնում Նարեկի բոլորովին նոր ստեղծագործություններից, նաև նրա մասնակցությամբ ՀՌ-ի «Գիրք ճանապարհի» հաղորդման ձայնագրությունը:

Չարենցին՝ ԱՐԵՎԱՊԱՇՏ ՄԱՐԳԱՐԵԻՆ

Եթերային լուսաշողով երազներս երկնատարած

ջրվեժվեցին մետաղածոր մենությունից:

Տաղ է հյուսում վերջալույսը հուզախռիվ

պատրանքներից ոսկեմոխիր առագաստի:

Վարդաշղարշ ասուպների աստղահետքից

կամելիազարդ լճակները փոթորկվեցին:

Գունատ լուսնի կաթնացոլքից պոկված մի շող

բորբ կաթոցով գահավիժեց կոպերից մեջ:

Մարմարեպատ մեռելների ժանգոտ փոշին

հոշոտում է մղձավանջը կիսաթափանց:

Արծաթահոս անուրջներում

առինքնել են տեսիլքները Աստեղային:

Կեսգիշեր է:

Զառանցանքը մտրակում է խենթությունը մռայլատես:

Մետաքսածոր սոսափյունով,

աստղաճառագ մշուշի մեջ

արծաթվել է Լռությունը Լուսաբորբոք:

Ձյունափրփուր, հին հեթանոս կույսի նման

հայտնվում է հրեշտակը շամանդաշաղ՝

տարածելով պատմուճանը կիսալուսնի,

խորհրդավոր գոհարներով լուսաթաթախ՝

զարնվելով խավարի պիրկ ճաղերին:

Գիշերապահ ուրվականի կերպարանքով

պատանքվել է Վենետիկը խարտիշահեր:

Սևամրրիկ անձրևների հորդահոսուն արցունքներից

ղողանջում են տաճարները մթնապարար:

Տխրատեսիլ ջրանցքներում

հառաչում է ծովը խոնավ՝

ակոսելով գորշությունը պատառոտված կղզիների:

Եվ արնածուփ հորիզոնի

շիկակարմիր անդորրի մեջ

մաքառում է իրիկունը բոցավառված՝

հնչեցնելով ԱՆԳԵՐԵԶՄԱՆ ՊՈԵՏՆԵՐԻ

տառապանքը տենդաբորբոք,

որ մեռնում են շղթայակապ՝

խոշտանգվելով Զնդաններում Դագաղահոտ,

իբրև վերջին ԱՐԵՎԱՊԱՇՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ՝

հավերժացած տիեզերքի միրաժներում:

___________________________________

ԱՂՈԹՔ

Աղոթում եմ քե՜զ, Մուսա պանծալի,

թող որ իմ հոգում

մոլեգնի քամին երկունքի ահեղ,

ու մրրկածուփ ոգորումներիս վիհերին նեցուկ

արարեմ խրոխտ երգեր ոգողեն,

որ թնդա՜,

ցնդի՜,

Աստվածային լույսով ողողված…

Վարակիր դու ինձ հրացաս բոցով,

լարմամբ եթերի,

պաթոսով ռիթմի:

Ներարկիր վառվող հոսանքով տոկուն,

թող շառագունի ցնորքն աստղածոր: Օծիր ոսկեշող արևի լույսով,

որ պարպեմ խրոխտ,

լինեմ զինավառ`

լիցքավորելով նյութը ներազդման:

Թող ժայթքի հուրը գրչից իմ բոսոր,

և պատկերներս դաջեմ գույնորով տիեզերական:

Պոռթկամ` շանթլով ակնթարթները գալիքի եզրին:

Հորդահոս կամքը ենթարկելով ինձ`

օգնիր, որ գտնեմ դեղին Նիրվանան մտասևեռման ուղղեծիրներում:

Ինչպես մի անհայտ

Հեքիաթի հերոս`

մնամ ես հավերժ:

_______________________________________

Երկունք

Վերջալույսը վարդագույնով ծորաց հորիզոնի քունքին,

այրվեց ծովը ծանրությունից արնաշաղախ աղջամուղջի,

մայրամուտի քուղերն օծվեց ոսկե հրով,

լույսը խուժեց Խանձարուրը Խավարի:

Հոգեվարք է ապրում օրը մթնշաղի ճիրաններում,

հրդեհ ու բոց խնկարվեցին և բեկվեցին`

տարածելով Մարխե Մուժը բոցավառվող:

Շողը սառեց լռության մեջ լուսաթաթախ:

Արևն այրեց ուղեծիրը ծիածանի`

գոլորշիացնելով գույները հրաճաճանչ:

Պոռթկաց քաոսը Լռության:

Գիշերն ասեղվեց տարածության մեջ

լազուր ջրերի լաբիրինթոսում,

մակնթացությամբ կաթնալույս ցոլքի,

հունցված անագի ու մեգի փոշուց`

խեժոտ խավարում հառնեց մահիկը մագաղաթե:

Մարմարե արահետը լուսնի

ակոսեց թանաքագույն կոհակները հորձախռիվ`

հնչեցնելով մոխրացող աստղերի երգը:

Արծաթե արտացոլքն ալիքների

ձուլվեց շիկացած ժայռերին`

խանձելով ամպերը ֆոսֆորափայլ:

Շառաչում են ծփանքները փրփրադեզ`

բախվելով խութերին խելահեղ:

Երկունքի մեջ մաքառում է ծովը կապույտ,

դիվոտել են կայծակները ահեղասաստ`

փշրվելով ապառաժյա հորձանքներին,

մխրճվելով բոսորագույն մառախուղում:

Լուռ հոսում է մենությունը կիսալուսնի

հարդագողի ճանապարհով անվերջության`

ընկղմվելով փիրուզագույն ծովախորշում`

արարելով երգեհոնը Հրամարմին Արեգակի:

-------------------------------------------------------------

Դիտելով այս տեսաերիզը ունկնդիրներից մեկը գրել է. «Հրաշալի մտածողություն, արտակարգ խորունկ, տարողունակ պոեզիա...Հիացած եմ, ապրես...Նարեկացի ես սիրում, ու այս մի հատիկ սերդ էլ բավական է, որ բացատրելի դառնան պոեզիայում քո որոնումները....Հուզվեցի...Դժվ­ար է հուզվել հիմա, երբ գրեթե ոչինչ զարմանալի չէ , ուր մարդակային զգացմունքները քարանալու ճանապարհին են...Դու կարողացար հուզել...Շնորհակալ եմ, Նարեկ ջան»: