?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Լրագրող, բանաստեղծ Հասմիկ Բաբաջանյանի սույն հոդվածը հիշողությունից բացի
կոթող է  աշխարհի ամենաթանկ  ու  նվիրական էակին' ՄԱՅՐԻԿԻՆ :


Քարալաց

Մայրս  ասում էր. «Իմ շիրմաքարը տեղական, մեր Սյունիքի քարերից կդնեք»: Իբր կատակով էր ասում, որ չնեղվեինք: Մի օր էլ, չնայած սրտովս արյուն էր գնում՝  իբր կատակեցի. «Ա՜յ մեր, ինչու՞ Սյունիքի»,- ուզում էի հասկանալ նրան: Նայեց ու ժպտաց. «Մեր քարերը փափկասիրտ են, բարի»:

Մահից հետո այդպես էլ արինք: Սիսիանից քար բերել տվինք ու շիրմաքար դրինք: Քարը դնելուց հետո բավականին ժամանակ գերեզման չէի եկել: Մի օր էլ որոշեցի հենց այնպես, առանց մեկին ասելու, գամ Գորիս՝ գերեզմանատուն ու նույն օրը ետ վերադառնամ Երևան: Ուզում էի մենակ լինել: Երբ մոտեցա շիրմաքարին, ինձ թվաց թե քարը լաց է լինում: Քարի վրա մորս պատկերն էր դրոշմված: Մորս նուրբ  այտերին  արցունքի կաթիլներ էին: Աչքերի շուրջ կնճիռների ստվերներ էին առաջացել ու տխուր էին աչքերը: Ձեռքով նրբորեն կպա՝  վերադառնալու իրականություն: Միանգամից էլ ետ քաշեցի ձեռքս, արցունքն իրական էր: Մատներս թրջվել էին: Ես թաշկինակ հանեցի ու մաքրեցի մորս աչքերն ու այտերը: Թաշկինակս թրջվեց: Օրը պա՜րզ, արևոտ էր, ամառային շոգ օր: Միանգամից հիշեցի մորս խոսքերը՝ մեր քարերը փափկասիրտ են ու բարի: Քարը լա՞ց է լինում: Ես քարին ինչպես մարդուն կփաթաթվեն, գրկեցի ու միասին սկսեցինք լաց լինել: Այս բանաստեղծությունս ծնվել է այդտեղ.

Մորս շիրմաքարին

Կնճիռներ են իջել,

Ծերացել է բարի

Քարը անցած հուշի:

Ես շոյում եմ նրա

Մեջքը սառած ու պաղ,

Ջուր է կաթում քարի

Գունափոխված մաշկից:

Աղի արցունք առած

Լաց է լինում անճար,

Ո՞վ է գրկել նրան

Վերջին անգամ, ավա՜ղ:

Սիրտս փուլ է գալիս

Մորս քարը գրկած,

Քարի ուսին թիկնած

Քարալաց ենք տալիս:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

(«Հրապարակ» թերթ)