?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ կազմակերպությունները 2014 թվականին ևս պատրաստվում են լայնամասշտաբ կերպով նշել Մեծ Եղեռնի տարեդարձը:Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ողջ Հոլանդիայի տարածքով մեկ, անգամ այնտեղ, որտեղ սակավաթիվ հայեր են ապրում: Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություններն արդեն մեկնարկել են և շարունակվելու են նույնիսկ ապրիլի 24-ից հետո: Ապրիլի 11-ին ՈՒտրեխտում Գլաձոր հայ ուսանողական միությունը ցեղասպանության թեմայով  ընթերցանության երեկոյին հյուր էր հրավիրել երիտասարդ գրող-տեսաբան Էնթոնի Հոլսլագին, ով հետազոտություն է կատարել հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Նա հայ ուսանողներին է ներկայացրել Իր «In het Gesteente van Ararat» գիրքը:

Այդ օրը Դեն Բոսի « Կանթեղ» գրական ստուդիան էլ ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպել էր հուշ-երեկո:

Նույն օրը' ապրիլի 11-ին, Նիդերլանդների հարավում գտնվող Օսթբուրգ քաղաքում բացվել է  "T Armeense Hoekje" (Հայկական անկյուն) անունը կրող ռեստորանը: Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը Մեծ Եղեռնին նվիրված թեմատիկ նյութեր է պատրաստում ցուցադրել այստեղ այցելող հաճախորդներին, իսկ ապրիլի 24-ին' նախատեսված է ցուցադրել Հայկական Ցեղասպանության մասին ֆիլմեր, նաև հարցազրույց է կազմակերպվելու մարզային ռադիոյով:

Ապրիլի 22-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հաագայում իրականացնելու են բողոքի ակցիա նվիրված Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին:Ցույցն սկսվելու է Հաագայի Պլեյն հրապարակում` Հոլանդիայի խորհրդարանի մոտ:Խորհրդարանին է հանձվելու բռնություններն ու ցեղասպանությունը դատապարտող մի հանրագիր, այնուհետև  երթի մասնակիցները շարժվելու են դեպի Թուրքիայի դեսպանատուն , Քեսաբի դեմ ագրեսիան դադարեցնելու ու նոր ցեղասպանությունը կանխելու կոչերով:

Հաջորդ օրը' երեկոյան, Հոլանդիայի «Հայ Դատ»-ի հանձնախմբի Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամներն ու նրանց համախոհները Դեն Հաագում իրականացնելու են գիշերային քայլարշավ և մոմավառություն:

Ապրիլի 23-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը կազմակերպում է հուշ երեկո: Այս միջոցառումը տեղի կունենա Ամստերդամի վերանորոգված Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցում, որի 300-ամյակը նշվելու է այս տարի: Ծրագիրը պարունակում է ելույթներ և երաժշտություն: Ելույթ կունենան Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ն.Գ. Տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր պարոն Գերտ Յան Սեգերսը, Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն պարոն Ռոնի Նաֆտանիելը և այլ անձինք:

Կցուցադրվեն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության թեմայով հոլանդական թերթերում լույս տեսած նյութեր, այդ թվում Հոլանդիայի դեսպանի զեկույցները: Այս ցուցահանդեսը ներկայացնելու է քաղաքական գործիչ Պետեր վան դեր Ֆելդենը: Կցուցադրվեն հայոց ցեղասպանության մասին հրատարակված գրքերի հավաքածո:

Ապրիլի 24-ին ժամը 11-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում Ասենի Մեծ Եղեռնի հուշարձանին, որը գտնվում է այդ քաղաքի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը:Այս միջոցառումը նախաձեռնել են  Ասենի «Արմենիա» հաստատությունն ու  հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24» Կոմիտեն: Մեկ այլ վայրում' Ալմելո հայաշատ քաղաքում, բացվելու է Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց  տուֆից խաչքարերը պատրաստվել են  Հայաստանում: Այդ օրը Նիդերլանդների, նաև հարևան երկրների հայաշատ վայրերից բազմաթիվ պատվիրակություններ են ժամանելու  հարգանքի  իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշհամալիրին:

Ապրիլի 26-ին Վստերվորդում   Հայ Տիկնաց Միությունը Արնեմի Հայ Եկեղեցու  խորհրդի հետ համատեղ կազմակերպելու են   հուշ-երեկո:

Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան  Նիդերլանդների մեծ ու փոքր  բնակավայրերում, ամենուր, որտեղ ապրում են հայեր:

«Նիդերլանդական Օրագիր»