?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հաագա, 26 ապրիլի 2014 – Ապրիլի 24-ին, Հոլանդիայի խորհրդարանում ներկայացվել է առաջարկ, որը կառավարությանը կոչ է անում հանդես գալ Սիրիայի պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցով միջազգային անկախ հետաքննության օգտին: Առաջարկի նախաբանում նշված են այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք արդեն բավական ժամանակ է, որ շրջանառության մեջ են և վկայում են Սիրիայի պատերազմում Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի հնարավոր ներգրավվածության մասին:

Առաջարկը ներկայացրել է պատգամավոր Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական ​​կուսակցություն – SP), պատգամավորներ Ջոել Ֆորդեվինդի (Քրիստոնեական միություն – CU) և Պիտեր Օմտզիգտի (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) հետ միասին: Վան Բոմելը նախ անդրադարձել է այն փաստին, որ ուղիղ 99 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Նա կարևորել է այս անդրադարձումը, քանի որ նույնիսկ այժմ էլ հարձակում է կատարվում մարդկանց վրա, որոնք պատկանում են որոշակի կրոնական և ազգային խմբի, ինչպես Քեսաբում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում: Այս հարցը հարկավոր է լիովին պարզաբանել: Վան Բոմելը հայտարարել է, որ առաջարկը դիտավորյալ խոսում է «ուղղակի կամ անուղղակի» ներգրավվածության մասին, քանի որ կա լուրերի հոսք, որը ցույց է տալիս, որ իրոք թուրքական կառավարությունն առնվազն չի խոչնդոտել Թուրքիայից Քեսաբի վրա հարձակում կատարող խմբերի գործողությունները:

Իր պատասխանում Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը կրկնել է այն, ինչ նա ասել էր Քեսաբի մասին պատասխանելով նախորդ քննարկումների ժամանակ և նամակներում բարձրացված հարցերին: Նա պնդել է հատկապես, որ հոլանդական կառավարության համար ապացույց չկա, որ Թուրքիան ներգրավված է ջիհադիստների կամ ջիհադիստական խմբերի գործողություններում: Այնպես որ, նա դրա կարիքը չի տեսնում, անկախ հետազոտություններ կատարել: Բացի այդ նախարարն այն կարծիքին է, որ դա անպատեհ կլիներ Նիդեռլանդների և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններում: Այնպես որ, նա խորհուրդ չտվեց ընդունել առաջարկը: Այս առաջարկին կողմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմությունը բացի (Դեմոկրատներ 66) D66-ից, որը իշխանական կուսակցությունների` (Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության համար) VVD-ի և (Աշխատանքի կուսակցություն) PvDA-ի հետ միասին դեմ է քվեարկել և հետևաբար առաջարկը չի ընդունվել: Ակնկալվում է, որ սրանով քննարկումը դեռ չի փակվել:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Քեսաբի իրադարձությունները մի քանի անգամ քննարկվել են Հոլանդիայի խորհրդարանում: Արդեն մարտի 26-ին Պիտեր Օմտզիգտը հենվելով ստացված առաջին մտահոգիչ լուրերի վրա, խորհրդարանի ընդհանուր խորհրդակցության ժամանակ հարց է տվել արտգործնախարարին Թուրքիայի կողմից սիրիական ՄիԳ ռազմական ինքնաթիռի կործանման և Քեսաբի վրա հարձակման մասին: Նախարարը միայն տեղյակ է եղել ՄիԳ ինքնաթիռի մասին և Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ խոստացել է նամակով պատասխանել: Այնուհետև երբ լուր ստացվեց, որ Թուրքիան փակել է YouTube կայքէջը, խորհրդարանը այս հարցադրումներին ավելացրեց մի շարք այլ հարցեր:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), հոլանդացի պատգամավորներին հետևողականորեն տեղեկություններ տրամադրելուց բացի, ապրիլի 2-ին նամակով դիմել է Հոլանդիայի արտգործնախարարին և խորհրդարանին Քեսապի իրադարձությունների հարցով, պահանջելով մանրակրկիտ հետաքննություն: Սիրիայի ողբերգական իրավիճակը թվում է թե թևակոխում է մի նոր փուլ, հակամարտության մեջ Թուրքիայի աճող և տեսանելի դերով, որն այլևս չի կարողանում թաքցնել իր ներգրավվածությունը Սիրիայի հակամարտության գործում, առանց արգելող միջոցների դիմելու, ինչպիսիք են Twitter կամ YouTube կայքէջերի փակումը, նշված է Հոլանդահայ Ֆեդերացիայի նամակում:

Հոլանդահայ Ֆեդերացիան խոր մտահոգված է Քեսաբի հարցով և կոչ է անում հատուկ զգոնություն, քանի որ իզուր չէ, որ Քեսաբի իրադարձություններն արթնեցնում են 100 տարի առաջվա հայերի տեղահանության և կոտորածների սև հուշերը:

Խորհրդարանին ուղղված իր պատասխան նամակում Հոլանդիայի արտգործնախարարը բնութագրել է Հյուսիսային Սիրիայի իրավիճակը խճճված: Նախարարը գրում է. «մարտի 24-ին, ծանր մարտեր են տեղի ունեցել զինված ընդդիմադիր խմբերի և սիրիական զինված ուժերի միջև` ռազմավարական կարևորություն ունեցող սիրիա-հայկական սահմանամերձ Քեսաբ քաղաքի շուրջ: Այդ կռիվների իրական փաստերը և զոհերի թիվը մնում են անհայտ: Այժմ օրակարգում չկա ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու հարցը, քանի որ ակնհայտ չէ սիրիական ռեժիմի համաձայնությունը, նաև չի կարելի ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը»:

Այնուհետև ապրիլի 15-ին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լայնորեն քննարկել է այս հարցը Հոլանդիայի արտգործնախարարի հետ` Թուրքիայի մասին խորհրդակցության ժամանակ: Այստեղ ևս, նախարարը պնդել է, որ չկա «Թուրքիայի ակտիվ ներգրավվածության» վերաբերյալ ապացույց:

Քեսաբի իրադարձությունների հարցը կրկին բարձրացվել է հոլանդահայության կողմից ապրիլի 22-ին, Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովին հանրագիր հանձնելու ժամանակ, որը տեղի ունեցավ Հաագայում Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հանրահավաք-ցույցի ընթացքում: Հանրահավաք-ցույցը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները: Հանդես գալով հանրահավաքում, հոլանդացի պատգամավորները արտահայտել են իրենց մտահոգությունը Քեսաբում ստեղծված իրավիճակի մասին:

Վերջին շաբաթներին Հոլանդական ԶԼՄ-ները համեմատաբար քիչ ուշադրություն են դարձրել Քեսաբին: Մի կարճ հոդված տպագրվել է հոլանդականReformatorisch Dagblad օրաթերթում: Ապրիլի 24-ին եղել է ռադիո հաղորդում հոլանդական առաջին ալիքով նվիրված Քեսաբին, տարածաշրջանում լրագրողների զեկույցներով, հայ ականատեսների վկայություններով և հոլանդացի պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի մեկնաբանությամբ:

Ապրիլի 24-ին հոլանդական NRC Handelsblad օրաթերթում հրատարակված հոդվածում, որը նվիրված էր Մեծ Եղեռնի տարելիցին, վարչապետ Էրդողանի հայտարարությունից բացի, հոդվածն արնդրադարձել է նույնպես Քեսապի հայերի տեղահանությանը և դրա հիմքում ընկած զարգացումներին Թուրքիայում և Սիրիայում: Հոդվածը նշում է, որ «անհերքելի ապացույցներ» կան, որ Թուրքիան օգնում է Սիրիայի ընդդիմությանը զինվել, սկզբում արևմտյան դաշնակիցների լուռ աջակցությամբ: Երբ ընդդիմադիր խմբերը դառնում են ավելի արմատական իսլամական սպառնալիք, այս աջակցությունը կարելի է համարել հակասական: Նիդեռլանդներում օր օրի շատանում է կասկածանքը Թուրքիային ՆԱՏՕ-ի շրջանակում օդային օժանդակություն ցույց տալու վերաբերյալ, այնտեղ պահելով տեղակայված հակաօդային պաշտպանության Patriot հրթիռները, այն պարագայում երբ ստացված լուրերի համաձայն Թուրքիան ներգրավված է Սիրիայի քաղաքացիական պատերազմում:

Հոլանդահայ Ֆեդերացիան հայտարարել է, որ շարունակելու է հոլանդական քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների ուշադրությանը ներկայացնել Քեսաբի հարցը: Հարցի քննարկումը դեռ չի ավարտվել:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Հասցե` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ
Կայքէջ` www.faon.nl
Էլ. փոստ` info@faon.nl