?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24» հանձնախումբը ի լրումն եկող տարի լայնամասշտաբ կերպով անցկացվող Հայոց Ցեղասպանության 100 ամյակի, այս տարի ևս միջոցառումների  շարք է կազմակերպելու հետագա ամիսներին: Հերթականն անց է կացվելու շաբաթ' մայիսի 10-ին Ամստերդամի 300-ամյա հնամենի «Սուրբ Հոգի» Եկեղեցում: Բանախոսը  ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես է գալու «Հայոց ցեղասպանության վերջին փուլը` 1922 թ. Զմյուռնիայի աղետը» թեմայով: Դասախոսությունը' պատկերների ցուցադրմամբ Զմյուռնիայի հայկական ծաղկուն համայնքի և 1922-ին դրա ոչնչացման մասին է: Հովհաննիսյանն անձամբ է շրջագայել Իզմիրում և նրա շրջակա վայրերում, Կալիֆորնիայի համալսարանի   «Պատմական Հայաստանի քաղաքներն ու գավառները» գիտական աշխատության 11-րդ հատորում է հենց տեղ գտել «Հայկական Զմյուռնիա / Իզմիր» հատվածը:

Այս աղետը, որ հայոց ցեղասպանության վերջնական փուլի մի մասն էր կազմում, նշանավորեց նրանով, որ վերջ տրվեց պատմական Էգեյան ափամերձ շրջաններում հզոր քրիստոնեական ներկայությանը և փախուստի մատնեց հարյուր հազարավոր հույների եւ հայերի:

Ռիչարդ Հովհաննիսյանը  Ծնվել է 1932թ. նոյեմբերի 9-ին: Կալիֆորնիայի Լոս Անջելեսի պետական համալսարանի դասախոս (1962–1969), պրոֆ. (1969-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փ.դ. կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962-ից), հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987-ից): Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահ (1974, 1977, 1991–1992), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատմությանը, պատմագրությանը: Հեղինակ է «Հայաստանի Անկախության ճանապարհին»,  «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր աշխատությանը, խմբագրել ու հրատարակել է մի քանի տասնյակ գրքեր, այդ թվում ` «Հայոց ցեղասպանության հեռանկարը», «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», «Ոգեկոչում և ժխտում» . «Հետ նայել, առաջ շարժվել» , «Հայոց ցեղասպանությունը` մշակութային եւ էթիկական ժառանգություններ» աշխատությունները:

Պրոֆեսոր Հովհաննիսյանը դասախոսություն կունենա  նաև Նիդերլանդների հայաշատ մեկ այլ քաղաքում: Մայիսի 11-ին Ալմելոյի հայկական եկեղեցու «Գուլբենկյան» սրահում հայազգի պրոֆեսորը «Պատմական Արևմտյան Հայաստանը» թեմայով,  կներկայացնի Տիգրանակերտի վերջին հայերի և Սև Ծովի ափերում բնակվող հայախոս համշենահայերի պատմությունները:Այս մի ձեռնարկն էլ կազմակերպել է  Հայկական Բարեգործական Ընդհանուր  Միության տեղական մասնաճյուղը:

«Niderlandakan Oragir»