?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մամլո հաղորդագրություն





Հաագա, 23 մայիսի 2014 – Ս.թ. մայիսի 22-ին Հաագայում տեղի ունեցավ Նիդեռլանդների Սոցիալական գործերի և զբաղվածության նախարար Լոդեվեյկ Աշերի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպումը կայացավ Սոցիալական գործերի և զբաղվածության նախարարությունում: Նախարար Աշերը կրում է նույնպես ինտեգրացիայի պորտֆելը: Հոլանդահայ ֆեդերացիան տեղեկացրեց նախարարին հոլանդահայերի դիրքի և նրանց դեմ ծառացած խնդիրների և դրանց լուծման համար հոլանդահայության մղած պայքարի մասին:

Հոլանդահայ առաջին համայնքը կազմվել է դեռևս 17-րդ դարում Ամստերդամում շնորհիվ հայ առևտրականների ներկայության: 1714 թվականին հիմնադրվել է Ամստերդամի Կրոմ Բոմսսլոտ փողոցում գտնվող հայկական եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է և որի 300-ամյակը կնշվի այս տարի: 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում հայերը հաստատվել են Նիդեռլանդներում` Ինդոնեզիայից, Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Հայաստանից, Ադրբեջանից և նախկին խորհրդային այլ հանրապետություններից և վերջերս նաև Սիրիայից: Այժմ հոլանդահայության թիվը հասնում է շուրջ 20 հազարի:

Մի կողմից, հոլանդահայությունը ունի ինտեգրման չնչին խնդիրներ, ինչպես դա կարելի է եզրակացնել 2008 թ. Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդեռլանդներում» գրքից, որը պարունակում է հոլանդական կառավարության կողմից ֆինանսավորված և ղեկավարված հետազոտություն հոլանդահայության մասին:

Սակայն հոլանդահայությունը բախվում է մի շարք խնդիրների, հատկապես անցյալի և հայոց ցեղասպանության նկատմամբ հոլանդական իշխանությունների վերաբերմունքի և դիրքորոշման առնչությամբ: Չնայած, որ 2004 թվականին Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Ռաուֆուտի բանաձևը, որը պարունակում է հայոց ցեղասպանության ճանաչումը խորհրդարանի կողմից և չնայած հոլանդական հասարակության մեծ մասի լայն աջակցությանը և համակրանքին, Հոլանդահայ ֆեդերացիայի կարծիքով կառավարությունը հանիրավի վերապահորեն է մոտենում այս հարցին: Չկա հայոց ցեղասպանության ժխտման դեմ ակտիվ պայքարելու մտադրություն, չնայած որ թե համացանցում և թե Ռոտերդամի իսլամական համալսարանի ռեկտոր Ահմեդ Ակգյունդյուզի պարզորոշ հայտարարություններում առկա են ցեղասպանության բացարձակ ժխտում և չնայած որ ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեական հանցագործություն: Բացի այդ, վերջին շրջանում որոշ թուրքական կազմակերպություններ կրկին հանդես են գալիս բողոքի ցույցերով և հանրահավաքներով ընդդեմ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Հանդիպման ընթացքում Հոլանդահայ ֆեդերացիան նախարարի ուշադրությանը ներկայացրեց և ընդգծեց այն փաստը, որ Թուրքիայում և Նիդեռլանդներում, կան շատ թուրքեր և քրդեր, որոնք ծանոթանալով շուրջ 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի ողբերգական պատմության հետ, ոչ միայն հեռու են մնում նման բողոքներից ու ցույցերից, այլ ընդհակառակը մասնակցում են հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին հարգելով բյուրավոր նահատակների հիշատակը:

Բացի այդ, ապագայում խնդիրների կանխման համար, Հոլանդահայ ֆեդերացիան խնդրեց աջակցել, որ պատմության դասավանդման փաթեթում ներառվի նաև հայոց ցեղասպանության մասին նյութ: Այդ առնչությամբ Հոլանդահայ ֆեդերացիան կարևորեց կրթական տարբեր մակարդակների համար դասավանդման նյութերի պատրաստման անհրաժեշտությունը և նշեց, որ Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների NIOD ինստիտուտում առկա է տարբեր ցեղասպանությունների, այդ թվում հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին, որ մոտ ապագայում կլինեն սերտ շփումներ արծարծված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու այն շրջանակները, որտեղ նախարարը կկարողանա արտահայտել իր ներգրավվածությունը հոլանդահայության հարցերում: