?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Կարինե Աշուղյան
Գիշերն եմ վերադարձել Պատմական Հայաստանից/ Պատմականն ավելի ճիշտ է, երևի, քանի որ Արևմտյանի հետ Արևելյանի զգալի հատված կա, այն էլ՝ ինչ քաղցր ու թանկ/: Մինչ գնալս միամիտ- միամիտ կարծում էի՝ որքան էլ ծանր ՝ լուսանկարների նման հընթացս կգրառեմ, կգամ ու կգրեմ... Բայց ապրումների ու տպավորությունների, մտածումների ու զգացողությունների, կսկիծների ու հիացմունքի էս հրաբուխի ածխացնող լավայի մեջ եփվում եմ հիմա: Մեր հին հայրենիքը առասպելի և իրականության ջնջված սահմաններում է, բարու և չարի, գեղեցիկի և այլանդակի, Հայկի և Բելի չընդհատված ռազմի դաշտը: Մեր հին հայրենիքում անցյալի ոսկեցոլ հրայրքն է, ապագայի տեսիլքները , և ներկան մխիթարվելու չափ անիրական է թվում: Մինչ Անիի առեղծվածի մեջ կրկին ներսուզվելը, մինչ մեր հին աստվածների հայելի Վանի միստիկ ջրերի մեջ կրկին օծվելը, մինչ Մհերի դռան գաղտնիքին ընդառաջ կիսաքայլ անելը: Մինչ քրդերի և թուրքերի հանդեպ իմ ոչ-քրիստոնեական մղումներից գլուխ հանելը... Մինչ....Կարսում, Չարենցի կիսավեր տան առաջ հուզմունքից դողահար՝ բերանքսիվայր կրկին ընկնելս...

Չորս օր պատմական Հայաստանում
կամ հարյուր տարվա ցավ

[Կարդալ ' Կարինե Աշուղյանի տպավորությունները]
Պատմական Հայրենիք գնալու ցանկությունը տարիներով ինձ հետ էր, ներկա էր Չարենցի կերպարանքով ու խոսքով. գիտեի՝ երբ էլ գնամ, այդ ճանապարհն անցնելու եմ Չարենցի հետ: Այդպես մի օր հաղթահարեցի երկու օտար սահման հատելու գնով մեր հին Հայրենիք գնալու վարանումներս: Զբոսաշրջիկի կարգավիճակով ուխտի գնալու անպատվաբերության ու անպատշաճության զգացումը։ Նաեւ ամոթի ու անօգնական շվարանքի բռնկումները՝ թաքուն ինքնախոստովանանքից, թե իրականում սա ուխտագնացություն չէ, այլ, գուցե, ինչ-որ բան հասկանալու փորձ: Գուցեեւ կորուսյալ Հայրենիքի հանդեպ իմ անհատական վերաբերմունքը վերջնականապես ճշգրտելու փորձ. հույսի լիցք վերագտնելու կամ հուսաթափ լինելու վճռականության ակնկալիքով: Ցեղասպանության տարելիցից առաջ մեր նախնիների արյամբ հերկված բնաշխարհում անցյալի եւ ապագայի հնարավոր հանդիպման նշանակ ու կռահումներ փնտրելու: Կամ՝ անդառնալիի հետ հաշտվելու…   Կուզեի, որ հարյուր տարվա կարմիր կսկիծների այս ճանապարհն անցնեն բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության ճակատագիրն են տնօրինում, մտքի մեջ զգաստ չպահելով սարսափը՝ մեզ մնացած այս մի բուռ հող ու ջուրը կորցնելու մղձավանջից, նրանք, ովքեր չգիտեն, որ Հայաստանից ու հայ ժողովրդից «ընտանիք պահելու» համար փող գողանալով՝ ամեն անգամ թուրքերի համար եւս մի ոտնատեղի են բացում: Կուզեի, որ պետականության հանդեպ մեղք գործածները ոտաբոբիկ ուխտի գնային այս ճանապարհներով եւ վերադառնային ներկա Հայրենիքի հանդեպ քաղցր խոնարհությամբ… Մինչ գնալս միամիտ-միամիտ կարծում էի՝ որքան էլ ծանր, լուսանկարների նման հընթացս կգրառեմ, կգամ ու կգրեմ... Բայց ապրումների ու տպավորությունների, մտածումների ու զգացողությունների, կսկիծների ու հիացմունքի հրաբխի ածխացնող լավայի մեջ եփվում եմ դեռ: Մեր հին Հայրենիքը առասպելի եւ իրականության ջնջված սահմաններում է, բարու եւ չարի, գեղեցիկի եւ այլանդակի, Հայկի եւ Բելի չընդհատված ռազմի դաշտը: Մեր հին Հայրենիքում անցյալի ոսկեցոլ հրայրքն է, ապագայի տեսիլքները, եւ ներկան մխիթարվելու չափ անիրական է թվում: Հիմա կփորձեմ պատմել անպատմելին՝ մինչ Անիի առեղծվածի մեջ կրկին ներսուզվելը, մինչ մեր հին աստվածների հայելի Վանի միստիկ ջրերի մեջ կրկին օծվելը, մինչ Մհերի դռան գաղտնիքին ընդառաջ կիսաքայլ անելը: Մինչ քրդերի եւ թուրքերի հանդեպ իմ վերաբերմունքից գլուխ հանելը... Ուղեկիցներս ինձ միանգամայն անծանոթ մարդիկ էին՝ տարբեր տարիքի, մասնագիտությունների եւ մանավանդ աշխարհայացքի կրողներ: Բայց նրանց բոլորին միավորում էր զբոսաշրջիկ չլինելը. նրանք գիտեին, որ ուխտագնացության քաղցրադառն ճանապարհով են գնում: Եվ ես արդեն որերորդ անգամ ինքս ինձ համար վերասահմանում եմ աշխարհի բոլոր հայերին միավորող միակ գաղափարը՝ Հայ Դատը: Ազգային չձեւակերպված, բայց սրտերի մեջ արմատներ գցած գաղափարախոսության առանցքը, որ Արցախում դարձավ հաղթանակ եւ մեր պետական անկախության կերտման շաղախը: Երբեւէ, երբ մեր պետական գաղափարախոսությունը մի կերպ բացված կածաններից դուրս կբերվի լայնահուն մայրուղի, մենք կամ մեր սերունդները դեռ կապրեն ազգային գաղափարախոսության վերազարթոնքը՝ աներազելի տիրույթներում: 4 օր, որ տարիների չափ լեցուն են: 4 օրվա ընթացքում մեր փոքրիկ խումբը հասցրեց հայավարի վիճել ու անգամ կռվել Ցեղասպանության մեջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մեղսակցության հարցի շուրջ, եվրոպամետ-ռուսամետ հայացքների բախումը, հայ-թուրքական, հայ-պարսկական հարաբերությունների գնահատումները մեր սուղ ժամանակից նյարդային պահեր խլեցին: Բայց բոլորը միասնական-արյունակից էին Ցեղասպանության ճանաչման, արդար հատուցման պահանջի մեջ: Մենք բոլորս մի հոգի՝ ուղղակի հայ էինք, երբ ոտք էինք դնում խոնարհված եկեղեցիները, երբ հայացքով փարվում էինք Էրգրի բնապատկերներին ու անարդար համարում, որ նոր տերեր ունի աստվածների կողմից մեզ համար սահմանված Հայրենիքը: ՕՐ ԱՌԱՋԻՆ Բավրայում հատում ենք հայ-վրացական սահմանը եւ անցնում Ջավախք աշխարհի միջով: Հայկական շեների աղքատությունը որձ սարուձորերի եւ շքեղ անտառների կանաչ համապատկերում մեխվում է որպես անպատասխան դառը հարց՝ ինչո՞ւ: Այդ հարցը ժամեր անց մեր գլխին թափվող ավելի անպատասխան ու արյունոտ հարցերի նախավարժանքն է: Վրաց-թուրքական սահմանից անդին ենք: Պատմական Այրարատ աշխարհի Արդահանի նահանգում ենք: Ժամանակակից Թուրքիայի վարչատարածքային բաժանմամբ՝ Կարսի իլում: Արսեաց լեռնաշղթան է՝ թարմագեղ անտառներով: Հին հայկական առաջին գյուղն է՝ Փոսոֆը: Երեւի՝ Փոսով, որովհետեւ շուրջբոլորը սարուփոսեր են, փոսով անցնող ճանապարհներ: Բաքու-Ջեյհան նավթամուղն է՝ չգործող, բայց եւ սպառնալից կանգնած: Հետո Կարսով ուղղակի անցնում, ուղղվում ենք պատմական Շիրակի գավառ՝ Անի: Մեքենայի պատուհանից հափշտակված կլանում եմ սրընթաց անցնող տեսարանները, ուզում եմ գրկել մեր բնաշխարհը, ամեն ինչ պահ տալ սրտիս մեջ… Ինձ անընդհատ շեղում են, սակայն ճանապարհները եվրոպական ստանդարտներով ճանապարհներ են՝ նոր նորոգված կամ նորոգման բուռն ընթացքի մեջ: Երկրով մեկ անցնող այսպիսի ճանապարհների ցանցը ոչ միայն պետականության ուժի, այլեւ համառ ամբիցիաների վկայություն է. այսպիսի ճանապարհները նահանջի ու արտագաղթի համար չեն: «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»,- մրմնջում ենք կրակված սրտով մեծ Շիրազի տողերը: 1000 եւ 1 եկեղեցիների քաղաքամայր Անիում խումբը հափշտակված լսում է թուրքագետ Անդրանիկին: Մինչեւ վերջին տարիները Անիի տարածք առանց հատուկ արտոնության մուտք գործելն արգելված է եղել, լուսանկարելու արգելքն էլ համեմատաբար վերջերս է հանվել: Ներկայում Անին գտնվում է միջազգային մի քանի կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, նրանք պատասխանատվություն են վերցրել հնարավորինս վերահսկել նաեւ Թուրքիայի կողմից իրականացվող վերանորոգումների ընթացքը՝ աղավաղումները կանխելու նպատակով: Նկատում եմ, որ թուրք մեկը «կգբ-ականի» հայացքով լարված հետեւում է մեզ: Ուրեմն՝ կովերին ու ոչխարներին բաց են թողնում քաղաքակրթության այս հնավայրում արածելու եւ աչալուրջ հսկում են, որ հայերը հանկարծ մոմ չվառեն։ Անցյալի եւ ներկայի միջեւ վերքի պես բացված Ախուրյանի կիրճից անդին Հայաստանի Հանրապետությունն է, այնքան մոտիկ, որ գոռաս՝ կլսվի, եւ մենք հազարավոր կիլոմետրեր շրջանցելով ենք հասել կես ժամվա այս ճամփան: Չթվարկեմ Անիի հրաշալիքները՝ Հովվի, Տիգրան Հոնենցի, Գագկաշեն, Սբ. Ամենափրկիչ, Սբ. Առաքելոց եկեղեցիները, ատրուշանի՝ շուռ եկած հսկա փղերի ոտքերի նման չորս սյուները, քաղաքի սալարկված փողոցները, եռաշերտ քաղաքի քարանձավային, ստորգետնյա եւ վերգետնյա հատվածների մնացորդները, ի դեպ, նաեւ տեղեկությունը, որ քաղաքի ստորգետնյա ենթակառուցվածքը ժամանակակից մետրոյի նախատիպն է… Մայր տաճարը սքանչելիք է, եւ ես վառում եմ «ապօրինի» մոմերը: Կատրամիդե թագուհու բարձրաճաշակ ոճով կառուցված տաճարի առաջ ինձ հիացրած բոլոր կառույցներին անգամ այս՝ կիսավեր վիճակում ստվերում է թողնում: Մտքումս օրհնաբանում եմ Նիկողայոս Մառին, որ առաջինը մոռացության փոշիներից վեր հանեց Անին: Քաղաքի հազար ու մեկ ավերակների ցուցանակներից միայն մեկում է հիշատակված «հայ» բառը. իբր, մի հայ պայթեցրել է մզկիթը: Թուրքերի մեծ մասն իրականում գաղափար չունի, որ իրենցից առաջ պատմություն է եղել, եւ որ իրենց արմատները բոլորովին ասիական խորքերում են։ Անդրանիկը պատմում է, որ մի անգամ լսել է այսպիսի զրույց. ավերակների վրա հայկական գրեր տեսած թուրք աղջիկը, երբ իր ընկերոջը հարցրել է, թե այս ինչ լեզվով են Անիի գրությունները, ջահել թուրքը մի պահ տատանվելուց հետո պատասխանել է՝ «հին թուրքերեն են»:   Մեզ ակնդետ հետեւող թուրքն անհետացել է: Նրա փոխարեն մուտքի մոտ դիմավորում են քուրդ երեխաները, Անիի շուրջ քրդական երկու խղճուկ գյուղերից մեկի բնակիչներն են, հայրն էստեղ պահակություն է անում: Մոտենում են մեզ, չգիտես ինչու՝ համոզելով, թե իրենք քուրդ չեն, այլ՝ «թյուրք»: Մերոնք բուռ-բուռ կոնֆետ են հյուրասիրում: Նրանց, ովքեր իրենք իրենց մասին ասում են «անեցի», չնայած ավերակների մեջ չոր խոտն ու փուշը որոճացող անասուններն ավելի անվտանգ ու անմեղ են, քան մեր կարոտի ու մորմոքի դիմաց փող ու կոնֆետ մուրողները: Տեր, հնարավոր է, որ մի օր քո ունկերը բաց էին այն պահին, երբ թուրք մտավորական Ս. Զարաքոլուն ասում էր. «…ուզում եմ կոչ անել Թուրքիային եւ ողջ աշխարհին՝ վերադարձրեք Արարատն ու Անին հայերին, վերադարձրեք, որովհետեւ ձեզ համար դրանք միայն տարածք են, իսկ հայերի համար՝ Հայրենիք»:

շարունակելի
Նյութի աղբյուրը ` hraparak.am