?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը հարցազրույց է ունեցել «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերաթերթին: Այն սիրով ներկայացնում ենք նաև մեր ընթերցողներին

IMG_8062[1]

Սիրիայում ծավալվող դեպքերը, սիրիահայերի խնդիրներն անտարբեր չեն թողել աշխարհի չորս ծագերում ապրող հայ մարդուն, հայկական կազմակերպություններին: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում փորձում է օգնության ձեռք մեկնել, մեղմել հայրենակցի ցավը:

Հայաստանում ապրող սիրիահայ մի երիտասարդի էլ օգնության ձեռք մեկնեց Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայկական  կիրակնօրյա դպրոցը:

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ հանդիպման առիթն այս գեղեցիկ նախաձեռնությունն էր:

Բայց նախ «Հայերն այսօրի» ընթերցողների հետ փորձենք ծանոթանանալ Մանուկ Մկրտչյանի և Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի հետ.

- Արդեն 7 տարի է՝ ապրում եմ Հոլանդիայի հայաշատ Ալմելո քաղաքում, որտեղ հայերի ջանքերով կառուցվել է Հոլանդիայում առաջին և թերևս միակ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Պաշտոնական տվյալներով Ալմելոյում 6-7 հազար հայ է ապրում, չնայած հայերի քանակն ավելի շատ է:

- Պարո՛ն Մկրտչյան, քանի՞ տարի է, որ կիրակնօրյա դպրոցի տնօրենն եք:

- Այս տարի նշելու ենք եկեղեցու կառուցման և դպրոցի հիմնադրման 10-ամյակը:

6-7 տարի է, ինչ աշխատում եմ դպրոցում, սկզբում որպես ուսուցիչ, իսկ երբ Եկեղեցու վարչությունը 2008 թվականին առաջարկեց ինձ ղեկավարել դպրոցը, ես սիրով համաձայնեցի:

Նրանք հույս ունեին, որ կկարողանամ կառավարել ու ստեղծել նոր, կատարելագործված դպրոց:

Եվ պետք է ասեմ, որ այդ ժամանակից ի վեր դպրոց հաճախող աշակերտների թիվն ավելացել է մոտ 100-ով: Այժմ դպրոցում սովորում է 4-14 տարեկան 130 աշակերտ:

Ունենք նաև  երիտասարդների խումբ: Սկզբում խմբում ութ երիտասարդ էին սովորում, հիմա արդեն 35-ն են:

Ավելի մեծ տարիքի մարդիկ էլ են ցանկություն հայտնում հայերեն սովորել, բայց մեր ժամանակը շատ սուղ է:

Մեր հիմնական նպատակը փոքրերին ու երիտասարդներին լեզու սովորեցնելն է, որ նրանք չհեռանան իրենց ինքնությունից, արմատներից:

- Ի՞նչ առարկաներ են դասավանդվում դպրոցում:

[Կարդալ շարունակությունը]

- Կիրակնօրյա դպրոցն ունի 6 դասարան: Դասարանները կազմել ենք ըստ լեզվական մակարդակի: Հիմնականում դասավանդում ենք հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն:

Դպրոցը գործում է հայկական եկեղեցուն կից Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ունենք բավարար պայմաններ  դասերը կազմակերպելու համար:

Դպրոցի հիմնական նպատակը լեզու ուսուցանելն է, հետևաբար տարբեր մեթոդներով  աշխատում ենք դասապրոցեսում ներգրավել բոլոր աշակերտներին:

- Ի՞նչ խնդիրներ, ինչի՞ կարիք ունի դպրոցը:

- Որակյալ մանկավարժների կարիք ունենք: Մեր ոչ բոլոր մանկավարժներն են մասնագետներ, և նրանց կրթական մակարդակն այնքան էլ բարձր չէ:

Մի քանի լավ մանկավարժներ ունենք, որոնց վրա ենք հիմնականում հենվում:

Թեև դասագրքերով քիչ թե շատ համալրված է դպրոցը, բայց կարիք, այնուամենայնիվ, ունենք: Հույս ունեմ, որ այս տարի այդ բացը կլրացնենք: Վերջերս մենք դասագրքեր ստացանք Պոլսի պատրիարքարանից: Պատրիարքական փոխանորդը՝ Արամ Աթեշյանը, այցելեց մեր դպրոց, ծանոթացավ դպրոցի, աշակերտների, ուսուցիչներ հետ:

- Պարո՛ն Մկրտչյան, դպրոցում խմբակներ գործում են:

- Այո՛, գործում է «Զարթոնք» պարի խմբակը, որը շատ լավ ղեկավար ունի: Խումբը երկու տարվա պատմություն ունի, և 40-50 երիտասարդ է հաճախում պարախումբ:

- Ձեր խոսքում նշեցիք, որ Ալմելոն Հոլանդիայի ամենահայաշատ քաղաքն է: Իսկ լեզվիմոռացության վտանգը մե՞ծ է:

- Այո՛, վտանգը շատ է մեծ: Ալմելոյում ապրող հայերը հիմնականում Թուրքիայից և Իրաքից են գաղթել: Այդ երկրներում նրանք քիչ թե շատ պահպանել են լեզուն, ավանդույթները, քանի որ մուսուլմանական երկրում կրոնական տարբերությունը չի թողնում ձուլվել:

Իսկ Հոլանդիան քրիստոնեական երկիր է, այստեղ ձուլման վտանգը մեծ է, շատ են խառնամուսնությունները:

- Ասացիք, որ ձուլման վտանգը մեծ է: Հետաքրքիր է, դպրոցի արդյունքը տեսանելի՞ է:

- Այո՛, արդյունքը շատ մեծ է: Դա տեսանելի է աշակերտների զարգացվածությունից, դպրոցի հանդեպ հետաքրքրության աճից:

Այն ծնողներն, ովքեր նախկինում տատանվում էին, հիմա իրենց երեխաներին սիրով են դպրոց բերում:

Ոգևորություն է նկատվում նաև երեխաների մոտ:

Դպրոցում հաճախակի միջոցառումներ ենք կազմակերպում: Սա նույնպես շահագրգռում է ծնողներին, երեխաներին:

- Պարո՛ն Մկրտչյան, դուք նաև դասավանդում եք հոլանդական դպրոցում:

- Այո՛, մաթեմատիկա և համաշխարհային պատմություն եմ դասավանդում հոլանդական դպրոցում: Պատմության դասաժամերին որպես ուսուցիչ  իրավունք ունեմ  անդրադառնալու նաև հայ ժողովրդի պատմությանը:

- Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ գիրք եք գրում Ալմելոյի մասին…

- Ես ապրում եմ Ալմելոյում, և ինձ հետաքրքիր էր, թե երբ և ինչ պատճառով են հայերը հաստատվել քաղաքում, եկեղեցին ինչպես է կառուցվել: Ալմելոյի ամենածեր հայը՝ Իջրի Հայկազը, ով համայնքի հիմնադիրներից է, 1974 թվականին է հաստատվել քաղաքում: Նա անցյալ տարի պարգևատրվեց Հոլանդիայի «Թագավորական ընտանիքի անդամ» պարգևով: Այդ պատվին արժանանում են այն մարդիկ, ովքեր բարեգործություններ են կատարել:

Ես իմ գրքում փորձ եմ անում ներկայացնել Ալմելոյի հայկական համայնքը, քաղաքում ապրող հայերին, թե նրանք ինչ ներդրում են ունեցել քաղաքի հասարակական, մշակութային կյանքում: Ինչու մարդիկ չիմանան, որ Հոլանդիայի քաղաքներից մեկում այսպիսի աշխատանք է կատարվում, այսպիսի համայնք կա:

Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կավարտեմ գիրքը:

- Պարո՛ն Մկրտչյան, զրույցի վերջում ուզում եմ մի գեղեցիկ նախաձեռնության մասին խոսել: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկականամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ձեր դպրոցը «Մայրենիի պաշտպան» անվանակարգում հաղթող ճանաչվեց (լավագույն կրթօջախ, լավագույն ուսուցիչ): Մրցանակաբաշխության ողջ գումարը փոխանցեցիք սիրիահայ ընտանիքի: Կցանկանայի,որ այս մասին խոսեիք:

- Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ սփյուռքի  նախարարությանը՝ մեզ վստահելու և մրցանակի արժանացնելու համար: Երբ այդ մասին իմացանք, շատ ուրախացանք և որոշեցինք գումարը նվիրել որևէ կազմակերպության, մանկատան:

Այդ մասին հայտնեցինք նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Սփյուռքի նախարարությունն առաջարկեց գումարը տրամադրել սիրիահայ երիտասարդի: Այդ գումարով (210 հազար դրամ) հնարավոր կլիներ մասամբ մարել երիտասարդի ուսման վարձը:

Մենք մեծ սիրով համաձայնեցինք:

- Պարո՛ն Մկրտչյան, դուք այսօր նաև ծանոթացաք սիրիահայ երիտասարդի՝ Վանես Աղջոյի հետ: Կարծում եմ՝ այդ ծանոթությունը ամուր բարեկամության հիմք կդնի: Իսկ այս գեղեցիկ նախաձեռնությունը  կդառնա  ոգևորող ու վարակիչ:

- Ես երիտասարդի մասին պատմել եմ արդեն մեր եկեղեցու վարչությանը:

Մենք ունենք շատ լավ վարչություն, որը հետաքրքրված է մեր դպրոցի խնդիրներով և ամեն կերպ աջակցում է մեզ:

Ունենք հիանալի վարչության նախագահ՝ Օնիկ Գելեջի, ով թեև հայախոս չէ, բայց հոգով-սրտով նվիրված է հայ ազգին, համայնքին և մեծ աշխատանք է կատարում: Նա շատ հայասեր անձնավորություն է:

Հնարավոր է, որ նաև այլ կերպ  կարողանանք օգնել մեր սիրիահայ երիտասարդին, ում հետ այսուհետ բարեկամներ ենք լինելու:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հնարավորության սահմաններում օգնել իր ազգին, ազգակցին, ով օգնության կարիք ունի:

Իսկ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ սփյուռքի նախարությանը, Ձեզ՝ հրավերի, զրույցի համար:

Հ.Գ. Զրույցին ներկա էր նաև սիրիահայ երիտասարդ Վանես Աղջոն, ում հայրն անցյալ տարի զոհվեց Հալեպի օդակայանի ճանապարհին: Ինչպես պատմեց Վանեսը, նա վերադառնում էր Հալեպ, որպեսզի նյութապես կարողանա օգնել Հայաստանում գտնվող ընտանիքին: Սակայն վերադարձի ճանապարը նրա համար անդարձ եղավ…

Այսօր Վանեսը Երևանում ապրում է իր մայրիկի ու քրոջ հետ: 21-ամյա սիրիահայ երիտասարդը թարգմանություններ կատարելով է փորձում հոգալ արդեն իր ուսերին մնացած ընտանիքի հոգսը:  Վանեսը նաև ուսանող է, սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանում:

Ինչպես նշեց Վանեսը, Հայաստանում հիմնական խնդիրը նյութական դժվարություններն են.

«Եթե դրսից օգնություն չլինի, այստեղ ապրելը դժվար կլինի: Սիրիայում յուրաքանչյուրն իր գործն ուներ, իր ապրուստը կարողանում էր վաստակել»:

Մինչև ուսումն ավարտելը Հայստանում կմնա, իսկ թե հետո ինչ կլին, դժվարացավ պատասխանել:

Իսկ այսօր ամենակարևորը Վանեսի համար համբերությունն է. «Եթե համբերենք, տոկանք, դիմանանք, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլիի: Ինչպես ասում են, ձախորդ օրերը կուգան ու կերթան: Միայն թե մենք այդ «օրերին» կորուստներ քիչ ունենանք»:

Իսկ վերջում Վանեսն իր երախտագիտությունը հայտնեց պարոն Մանուկին, Ալմելոյի դպրոցին, բոլոր այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել:

Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

IMG_8061[1]