?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

abovm
Հոկտեմբերի 31-ին նշվելու է Հոլանդիայի հայկական  «Աբովյան» մշակութային միության 30-ամյա հոբելյարը: Այդ առթիվ  միության տարածած  մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառումը տեղի է ունենալու  Հաագայի Prins27 – Prinsengracht 27  թատրոնում:  Հանդիսությունը կսկսվի ընդունելությամբ ժամը 17-ին, որին կհետևի  հայկական երգ ու պարով հագեցված մշակութային ծրագիրը:
Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միությունը 30 տարիների ընթացքում լծվել է հայապահպանության գործին, որպեսզի օտար ափերում պահպանվի հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները: Միությունը Հաագայում հանդիսացել է հանդիպման վայր ոչ միայն հայերի, այլ նաև հայ ժողովրդի օտարազգի բարեկամների համար, դարձել է կամուրջ հայության և հոլանդական հասարակայնության միջև: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, «Աբովյան» միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները:
Իր հիմնադրման օրից միությունն ակտիվորեն ծավալել է այլ հասարակական գործունեություն, ինչպես օրինակ՝  Մեծ Եղեռնի ոգեկոչում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի տուժածներին օգնության կազմակերպում, հայ ապաստանյալներին աջակցության ցուցաբերում և այլն:
«Աբովյան» միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ֆեդերացիան հիմնադրվել է 2004 թվականին` տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից: «Աբովյան» միությունը նույնպես մասնակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման «Ապրիլ 24 հանձնախմբի» աշխատանքներին: Այս հանձնախումբը կազմվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ: 2015 թվականին ,  մասամբ հայկական և հոլանդական կառույցների հետ համատեղ,  կազմակերպվելու են միջոցառումներ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին:
«Աբովյան» միությունը տարիների ընթացքում կապեր է հաստատել ինչպես անհատների, այնպես էլ տարբեր կառույցների և միությունների հետ, որոնք հրավիրված են այս տոնահանդեսին: Անցած 30 տարիների ընթացքում զանազան հոլանդացի և հայ քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ և արվեստագետներ, ինչպիսիք են` Դիկ Դոլմանը, Յետտա Կլայնսման, Լեյն վան Դեյկը, Անդրե Ռաուվուտը, Էստմե Վիգմանը, Աննիկեն Ռամբերգ Կրունտեսը, Հրանտ Դինքը, Կամո Ուդումյանը, Յոս Վայտենբերգը, Թեո վան Լինտը, Ռուբեն Մաթևոսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Համլետ Գևորգյանը և այլ անձինք եղել են Աբովյան միության կենտրոնում:
«Աբովյան» միությունը բազմաթիվ անգամ Հաագայում և Հոլանդիայի այլ քաղաքներում, միության պարախմբի ելույթներով ներկայացերել է հայկական մշակույթը տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակ Դելֆտում` «Մշակույթն ավելի մոտ», Հաագայի քաղաքապետարանի Ատրիում տարածքում` «Uit փառատոն» և «Մանկական գրքի շաբաթ» և Հաագայի «Էսկամպ փառատոն» բազմազգ փառատոներում:
«Աբովյան» մշակութային միությունը Հոլանդիայի գործող համանման կազմակերպությունների մեջ  ամենագործունն ու  փորձառուն է, շատ քաջալերական է, որ Նիդերլանդների հայ համայնքների ու կազմակերպությունների թվում զգալի ու գովելի, կոնկրետ ծրագրերով նպատակասլաց  գործունեություն է ծավալում, ուշադրության կենտրոնում պահում հայապահպանության  ամենատարբեր  ասպարեզի խնդիրներ: «Նիդերլանդական Օրագիր»-ը շնորհավորում է  բոլոր աբովյանցիներին, հոբելյանական գեղեցիկ տարելիցի  առիթով:

Ա.Կնյազյան