?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

brus
Այն, ինչ տեղի ունեցավ  դեկտեմբերի  6-ի երեկոյան Բրյուսելի Jacques Franck մշակութային կենտրոնի լեփ լեցուն համերգասրահում,  գերազանցեց ներկա ունկնդիրների  սպասելիքները, ովքեր չլռող, երկարատև ծափողջույնների միջոցով հիացմունքի գնահատանքին արժանացրեցին  «Արաքս» երաժշտական և  «Հայք» պարային  խմբերին: Համերգի առաջին մասում բեմը տրամադրվել էր «Արաքս» երաժշտական համույթին: Այս խումբը  2003 թ. ստեղծել  են  շնորհալի երաժիշտներ  Տիգրան Տեր-Ստեփանյանն  ու Վարդան Հովհաննիսյանը: Խումբը 2005 թվականին World fusion ազգագրական երաժշտության փառատոնի մրցանակակիր է: Բացի հիմնադիրներից, որոնց գերագույն նպատակը դուդուկի ներկայացնելն է  եղել, խմբում ելույթ են ունենում ազգությամբ ռուս, հրեա և մեքսիկացի մասնակիցներ: Հենց այս համադրությունն էլ  խումբն ավելի ուժեղ է  դարձրել : Տիգրան Տեր-Ստեփանյանը արդիականացրել է հայկական երաժշտության նմուշները նոր գործիքավորվամբ` համատեղելով հայկական դուդուկն ու շվին արևմտյան դասական գործիքների հետ`ակուստիկ կիթառ, սրինգ, թավջութակ ու հարվածային գործիքներ: Երեկոյին  հնչեցված Սայաթ-Նովայի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները  այս ֆոնին դիտվեցին և ընդունվեցին մեծ  հետաքրքրասիրությամբ:
Ընդմիջումից  հետո բեմում էր  «Հայք»  պարային խումբը, որի  հիմնադիր,  գեղարվեստական ղեկավար և պարուսույց` Արթուր Նիկողոսյանը հետաքրքիր լուծումներով բեմադրել էր յուրահատուկ պարային կոմպոզիցիա'   «Հայոց գրեր, հայոց մեծեր» վերնագրով: Ասմունքի (Գուրգեն Սայադյան) և տեսաֆիլմի ուղեկցությամբ հաջորդող պարային համարներն  էքսկուրս էին  հայոց պատմության ու մշակույթի քառուղիներ, ձոն' հայոց այբուբենի նվիրական տառերին, հարգանք  ու խոնարհում հայոց մեծերին, որոնց շնորհիվ կա ու հավիտյան լինելու է մեր ազգը:
Բեմադրության Հագուստների  ձեւավորման աշխատանքներն  իրականացրել  էին Թերեզա Բադիկյանն ու Սուսաննա Իսկանդարյանը:
Ընդհանրապես «Հայք»  պարային խումբն ու նրա ղեկավար Ա.Նիկողոսյանն արժանի են ամենաջերմ ու լավ խոսքերի'  սա  ոչ  միայն մեր ու նրա երկրպագուների գնահատականն է:«Հայք»-ն  այս տարվա ապրիլին արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալին, իսկ Բրյուսել քաղաքի  Ժետ համայնքը նրան արժանացել է  վաստակավորի կոչման:
Երեկոն հիրավի ստացվեց ու «Արաքս»-ի և «Հայք»-ի կատարումները դեռ երկար կհիշվեն:
Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»

bruss..  .bruse