niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Արցախին զորավիգ կանգնելու ցույց Հաագայում

2015 թ. փետրվարի 27-ին, հոլանդահայությունը բողոքի ցույց կանցկացնի Հաագայի Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990  թթ. տեղի ունեցած հայերի ջարդերի: Բացի հիշյալ միջոցառումից   Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները նաև  հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես  հետևյալն է ասվում.
sumg
«Այս տարի լրանում է ոչ միայն Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակը, այլ նաև Բաքվի ջարդերի 25-րդ տարին։ Հայոց նորօրյա ազատագրական պայքարը սկսվեց քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով։ Հինավուրց Արցախի ժողովուրդը հավատում էր 20-րդ դարի հասարակական կարգերի բարձր մակարդակին և մտադիր էր իր պահանջները բացառապես սահմանադրական և խաղաղ ճանապարհով առաջադրել։ Սակայն հայ ժողովրդի հաշվարկները սխալ դուրս եկան և պարզվեց որ քաղաքակրթության արդի զարգացումները անհաղորդ անցել են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողքով։ Հայ ժողովրդի արդար սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանեց աննախընթաց ագրեսիայով, որի սկիզբը դրվեց 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթում և հետագա տարիներին Գանձակում ու Բաքվում գտավ իր զարհուրելի շարունակությունը։ Արդեն քառորդ դար Ադրբեջանը շարունակում է բռնության և ուժի քաղաքականությունը և փորձում է խեղդել Արցախի ժողովրդի ազատ կամքը։ Արհամարելով իր սեփական զինվորների կյանքը, նա շարունակում է արկածախնդիր հարձակումներ գործել Արցախի և Հայաստանի սահմաններին՝ անընդհատ խախտելով 1994 թվականին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը:
Միացյալ ազգերի կազմակերպությունը տարիներ առաջ այս հարցի հանգուցալուծումը հանձնարարել է ԵԱՀԽ-ին և վերջինս ամեն անգամ հաստատել է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Այդուհանդերձ Ադրբեջանի կառավարությունը արհամարելով միջազգային հասարակայնության կարծիքը, շարունակում է պատերազմական գործողությունները՝ խլելով բազում անմեղ կյանքեր:
Հոլանդահայությունը պատերազմական այս գործողությունները դիտում է որպես թուրք-ադրբեջանական միավորման, արդեն հարյուրամյակներ տևող, ցեղասպանության քաղաքականության շարունակություն։ Այս միավորումը պետք է վերջնականապես հաշվի նստի հայոց պետության գոյության փաստի հետ և հարգի հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը իր պատմական հայրենիքում։ Մենք պահանջում ենք նաև մեր երկրի կառավարությունից հստակ և հետևողական քաղաքականություն Ադրբեջանի իշխանության ֆաշիստական դրսևորումների հանդեպ։ Իրերն իրենց անունով կոչելով և իրական ագրեսորին սաստելով միայն կարելի է հասնել հարատև խաղաղության:
Ամեն տարի մենք փետրվարի 27-ին հարգում ենք Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքներում, անցած դարի 90-ական թվականներին, զարհուրելի ձևով սպանված մեր հայրենակիցների հիշատակը։ Կես միլիոնից ավելի հայ քաղաքացիներ ստիպված եղան թողնելու իրենց օջախները և դարձան փախստական։ Այս տարի նույնպես հոլանդահայությունը իր բողոքի հզոր ձայնը կհնչեցնի Հաագայում՝ Ադրբեջանի դեսպանության առջև կազմակերպված հանրահավաքին։ Աշխարհի ողջ հայության նման մենք զորավիգ ենք Արցախի բնակչության իրավունքներին»։
Tags: Առաջին էջ, Կարևոր, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments