
ՈՒտրեխտ.18-04-2015
նիդերլանդական «Projectkoor» երգչախումբը' Ինես Լեյենի ղեկավարությամբ քաղաքի Nicolaikerk եկեղեցում հատուկ հայկական երաժշտության համերգ էր կազմակերպել: Համերգային երեկոն ամբողջությամբ նվիրված էր Հայոց Ցեղասպանության թեմային և ընդգրկված էր Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում: Մեզ համար փոքր ինչ անսովոր մթնոլորտ էր եկեղեցու սրահում' բացառապես հոլադացի երաժշտասերներ էին հավաքվել դիտելու համերգը: Երեկոյին այցելած մի քանի հայերի թվում «Կարոտ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Բունիաթովան էր: Մեր զրույցից պարզվեց, որ նա աջակցում է խմբին, օգնում մենակատարներին ճիշտ հայերեն սովորելու, իսկ Հայաստան ճանապարհորդելիս էլ ուղեկցել է, կատարել թարգմանություններ: Խումբը համերգ է տվել հենց հայ-թուրքական սահմանի զորամասերից մեկում:
Երեկոն սկսվում է Հայոց Ցեղասպանության մասին խմբի անդամների դասախոսություններով, նկարագրվում է այդ թվականների պատմական անցքերն ու իրագործած եղեռնական ծրագիրը: Այնուհետև հետևեցին երաժշտախմբի կատարումները Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի,Սայաթ-Նովայի, Խ.Ավետիսյանի ստեղծագործություններից: Մենակատարներ Հելեն Բուրը, Սիմոն վան Դոնգեն, Անժելիկա Էրկելենսը, Մարգրեթ Վոնկը, Յան Գրավեստինը զգում էին հայկական մեղեդին, ապրում նրանով և այդ էր պատճառը, որ երեկոն հագեցված էր հուզականությամբ ու անմեղ զոհերի թափված արյան խորհրդով ու այդ թախիծն էր, որ փոխանցվում էր հանդիսատեսին: Անգամ համարն ավարտվելուց հետո հանդիսատեսը լուռ էր, միայնակ իրենց խոհերում:
Միայն համերգի վերջնամասում ունկնդիրն ասես արթնացավ թախիծի թմբիրից:«Յարըմ գորանի»,«Ազգ փառապանծ» երգերը խումբը հնչեցրեց հանդիսատեսի հետ միասին' խախտելով վերջինիս լռությունը: Հազարի հասնող հոլանդացի հանդիսատեսը ծափողջյուններով իր երախտագիտությունը հայտնեց Ինես Լեյենի երգչախմբին, ում համար հայկական մշակույթի ակունքներից օգտվելը դարձել է հոգեկան պահանջ:
Ա.Կնյազյան
«Նիդերլանդական Օրագիր»
ՈՒտրեխտ
Հուշ-համերգ ՈՒտրեխտում
Հուշ-համերգ ՈՒտրեխտում
Նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին
«Projectkoor» orkest i.s.m. solisten o.l.v. INES LEIJEN.
«Projectkoor» orkest i.s.m. solisten o.l.v. INES LEIJEN.
լուսանկարներ