niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում

Ապրիլի 24-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:

Միջոցառումները սկսվեցին լռության քայլարշավով՝ գերեզմանատնից մինչև Եկեղեցի: Երկու հազարից ավելի հայրենակիցներ քայլեցին մոտ 7կմ ձգվող ճանապարհով, որը խորհրդանշում էր հայերի տեղահանությունը և աքսորը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քաղաքապետարանն ապահովել էր քայլարշավի մասնակիցների անվտանգությունը: Փակվել էին փողոցների երթևեկելի մասերը, ոստիկաններն ամբողջ ճանապարհն ուղեկցում էին՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը:

Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:

Հուշահամալիրի Հուշատախտակի բացումը, Տարոն Սրբազանի օծումից հետո, կատարեց Ալմելոյի քաղաքապետը՝ մասնակցությամբ Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիների: Հուշատախտակի բացմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր:

Բացումից հետո երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը:

Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների կողմից: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19:15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:

Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:

Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:

Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:

Ալմելո5 Ալմելո6 Ալմելո7 Ալմելո8 Ալմելո9 Ալմելո11 ԱԼմելո12 Ալմելո13 Ալմելո14 Ալմելո15Ալմելո Ալմելո1 Ալմելո2 Ալմելո3 Ալմելո4 Ալմելո16ԱԼմելո17 Ալմելո18 Ալմելո19

Tags: Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, հաղորդագրություն. միջոցառում, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments