?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Բրյուսելի ազատ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Գրիշա Սաֆարյանը նամակ է գրել  Բրյուսելի Սեն Ժոս տեն Մյուդ շրջանի ղեկավար ծագումով թուրք  բելգիացի պատգամավոր Էմիր Քիրին։

Ինչպես հաղորդում է  NEWS.am` հղում կատարելով La Libre բելգիական պարբերականին,  նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ Էմիր։ Դու պարտվեցիր։ Ողջ աշխարհի կողմից ճանաչված պատմական ճշմարտության դեմ քո անիմաստ պայքարը զուր է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակն է անցնել արժանապատվության կողմը։ Ոչ թե նրա համար, որ հաճույք պատճառես մեզ՝ հայերիս, այլ հենց քեզ համար եւ քո պատվի համար։

Գիտե՞ս, թե ով է պատկերված այս լուսանկարում, որը արվել է 1926թ. Թեհրանում։ Սա իմ պապն է՝ Գրիշա Սաֆարյանը։ Նրան հաջողվել էր փախչել Ցեղասպանությունից։ Մի քանի տարի անց նա մեկնեց Բելգիա, ինչպես եւ դու, եւ դարձավ Իրանի հյուպատոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա պարաշյուտիստներ էր փրկում, որոնց որոնում էին գերմանացի բռնագրավողները։ Մի՞թե դա չէ քեզ ապաստան տված երկրի համար ամենագեղեցիկ արարքը՝ ազնիվ եւ վտանգավոր պայքար մղել նացիզմի դեմ։

Արժանապատվությունը մարդու մեջ դաստիարակված որակներից ամենակարեւորն է։ Վստահ եմ, որ դու դրա հետ համաձայն ես, Էմի՛ր։

Կարդացե՞լ ես, թե «թուրքական պետության պատմագրության» մասին ինչ է գրում պատմաբան Պիեռ Վիդալ Նակեն իր «Հիշողության մարդասպաններ» գրքում։ Ամենայն հստակությամբ ասվում է. «Թուրքերը ժխտման պատմագրության կենդանի օրինակ են»։

Իսկ դու, Էմի՛ր,  գիտե՞ս արդյոք  Թաներ Աքչամին եւ թուրք մտավորականներին, որոնք դանդաղ, սակայն վստահորեն ընտրում են ճշմարտության ճանապարհը։

Դու չես կարող հավատալ նրան, ինչ դու ինքդ ես ասում։ Դու չես կարող ապրել հոռետեսի պիտակով։

Իսկ ես կդադարեմ անհանգստանալ հոռետեսների մասին։ Նրանք պարտվել են։ Մենք նշում ենք հայ ազգի հաղթանակն ու վերածնունդը։

Ընտրությունը քոնն է»։
Hayern aysor