niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանի շնորհավորական ուղերձը

Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու քահանա

Տեր Տարոն  Թադևոսյանն ամփոփել է տարին և իր

շնորհավորական ուղերձը  հղել հայ համայնքին



Սիրելի քույրեր և եղբայրներ,

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՏՆԵՑԱՒ բերկրալի ավետիսով շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ և մաղթում, որ Փրկչի շնորհները շեն ու պայծառ պահեն ձեր ընտանեկան օջախները, քաջառողջության և բյուր օրհնության արժանացնեն բոլորիդ:
2015 թվականը ևս դարձավ պատմություն: Նոր տարի մուտք ենք գործում աղոթքով, հույսով ու հավատքով, եկեղեցաշեն նորանոր ծրագրերով ու դրանց իրականացման պատրաստակամությամբ:
Փառք ենք տալիս Աստծուն, որ անցնող տարում Իր օրհնությամբ կարողացանք մի շարք հաջողություններ արձանագրել մեր համայնքային կյանքում: Միասնաբար կազմակերպեցինք մի քանի միջոցառումներ, իրականացրեցինք որոշ ծրագրեր, որոնցից առավել կարևորները կցանկանայնք հանձնել ձեր ուշադրությանը:
Առաջին կարևոր միջոցառումները Ցեղասպանության 100 ամյա տարելիցի նվիրված ոգեկոչման արարողություններն էին: Սուրբ Հոգի եկեղեցու վարչությունը, բացի հայկական խաչքարի մոտ կազմակերպած հոգեհանգստայն արարողությունից, համայնքի ներկայացուցուցիչների համար հնարավորություն էր ստեղծել ուղիղ միացումով եկեղեցում հետևելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող սրբադասման արարողությանը: Ուղիղ միացումով կապ էր հաստատվել նաև տարբեր երկրներում և Մայր Հարենիքում այդ պահին Սրբադասման արարողությանը հետևող բոլոր համայնքների հետ: Արարողությանը ներկա էին քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր:
Եկեղեցու վարչությունը կազմակերպել էր նաև «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես:
Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին իրենց ավանդն ունեցան նաև մեր եկեղեցու ԱՅՕ երիտասարդաց միության անդամները, ովքեր մաս էին կազմել Հոլանդիայում Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի: Ոգեկոչման միջոցառում կազմակերպվել էր նաև Սուրբ Գրիքոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցում: Դպրոցի սաները հանդես եկան ասմունքներով և բեմադրությամբ:
Հաջորդ կարևոր իրադարձությունը, որ կազմակերպել էր մեր եկեղեցական համայնքը, Մեռոնօրհնության կապակցությամբ դեպի Հայաստան ուխտագնացությունն էր: Սեպտեմբերի 19-ից 28-ը Ամստերդամի և Ալմոլոյի համայնքներից շուրջ 31 հավատացյալ հայորդիներ, որոնցից շատեր առաջին անգամ էին գտնվում Հայաստանում, առիթ ունեցան շրջելու Հայաստանի գրեթե բոլոր պատմական վայրերով, իսկ շրջագայության վերջում՝ սեպտեմբերի 27-ին, մասնակցեցին Մեռոնօրհնության արարողությանը:
Հիշարժան արարողություններից էր նաև Սուրբ Հոգի եկեղեցու 300 ամյակին նվիրված միջոցառումը: Ինչպես տեղյակ եք, նախորդ տարում սկիզբ դրվեց եկեղեցու 300 ամյակին նվիրված հոբելյանական տարուն: Այս տարի հոկտեմբեր ամսին կազմակերպվեց գլխավոր միջոցառումը: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու և համայքի 300 ամյակի կապակցությամբ իր օրհնության գիրն էր հղել ազգիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգի Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբության օրհնության գիրն ընթերցեց հատուկ այդ նպատակով Ամստերդամ ժամանած Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը: Սուրբ Հոգի եկղեցական համայնքին իր շնորհավորական խոսքն էր ուղել նաև ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը: Նախագահի ուղերձն ընթերցեց հայտուկ այդ նպատակով Ամստերդամ ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Կաթոլիկ եկեղեցու Ամստերդամ-Հարլեմի եպիսկոպոս Գերաշնորհ Սրբազան Հենդրիկսը, Ամստերդամի «Աուդը կերկ»-ի հոգևոր հովիվ Էդդի Ռեֆհաուսը, Ռուս ուղափառ եկեղեցու ներկայացուցիչը, Եկեղեցիների համաշխարհայի խորհրդի Ամստերդամի ներկայացուցիչ Հենկ Մյուլնիկը և այլոք: Արարողությանը ներկա էին նաև Ասորի, Ղպտի և Ռուս Ուղափառ եկեղեցիների առաջներդներ և հոգևորականներ:
Հիշարժան օր էր նաև Սուրբ Հոգի եկեղեցուն նվիրված բարեգործական ճաշկերույթը (Մատաղօրհնությունը) (traditionele benefietdiner (mataghzegening)): Այս տարի արարողությունը հանդիսապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին շուրջ 300 հոգի:
Անցնող տարում մեր ծխական համայնքն ակտիվ էր նաև միջեկեղեցական կյանքում: Այցելություններ եղան Ասորի եկեղեցու գահակալի այցելության կապակցությամբ, Ղպտի եկեղեցու գահակալի այցելության կապակցությամբ, Ամստերդամում բոլոր քրիստոնեական համայնքների հետ մասնակցեց խաչապտույտ, մասնակցեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Ամստերդամյան մասնաճուղի ժողովներին և այլն:
Այս տարում ավարտին հասցվեց նաև եկեղեցու նոր վեբ կայքի աշխատանքները: 2016 թվական մուտք կգործենք նոր վեբ կայքով, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Հրանտ Բաղդասարյանին:
Ինչպես տեղյակ եք մեկ ու կես տարի է, որ ԱՅՕ երիտասարդական միության օգնությամբ ու նախաձեռնությամբ իրակնացվում են Սուրբ Գրքի դասընթացներ: Անցնող տարում մեկնարկեցինք Սուրբ Գրքի սերտողության մի նոր ծրագիր՝ «Սուրբ Գրքի սերտողություն տնային միջավայրում», ինչը հնարավորություն է տալիս մեր ժողովրդին իրենց հարմար պայմաններում և իրենց հարմար ժամին և օրը հաղորդակից լինել Սուրբ Գրքի ճշմարտություններին, ինչպես նաև ավելի անկաշկանդ միջավայրում իրենց հուզող հարցերն ուղել հոգևորականին:
Իր հաջող ընթացքի մեջ է նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցը: Չնայած հանդիպող դժվարություններին, դպրոցն արձանագրում է հաջողություններ: Անցնող տարում նոր աշակերտներ և ուսանողներ համալրեցին դպրոցի աշակերտների թիվը: Ներկայումս դպրոցն ունի շուրջ 75 աշակերտ: Այս տարի, ամավերջյան հանդեսի ավարտի դպրոցի սաները այբբենարանն ավարտելու կապակցությամբ պատվոգրեր ստացան: Դպրոցն անցնող տարում կազմակերպեց նաև մի քանի բաց դասախոսություններ: Հայ լսարանի առջև անցնող տարում ելույթ ունեցան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ամստերդամի «Աուդը կերկ»-ի հոգևոր հովիվ Էդդի Ռեֆհաուսը և այլոք:

Շնորհիվ պարուսույց տիկին Ռիտայի, հաջող ընթացք ունեցավ նաև եկեղեցու ազգային պարերի խմբակը: Շուրջ 20 և ավելի երիտասարդներ ամեն շաբաթ եկեղեցու հարկի տակ ստանում են հայկական ժողովրդական պարերի դասեր: Վերջիններիս, առաջին անգամը լինելով, նոյեմբերի 29-ին, Սուրբ Հոգի եկեղեցուն նվիրված ամենամյա բարեգործական ճաշկերույթին հանդես եկան մի քանի ազգային պարերով`ներկաներին ոգեշնչելով և ազգային մշակույթի հանդեպ ունեցած սերն էլ ավելի ջերմացնելով:
Եկեղեցու կամավոր աշխատողների թիվը ևս ընդլայնվեց: Շնորհակալությամբ պիտի նշենք, որ այս տարում մեր աշխատանքներին միացան Սարո Այքազն ու Ալեքս Չակմակը, ովքեր օգնում են հաշվապահական հարցերում, Դենիս Թամարն ու Մարիամ Կիրակոսյանը, ովքեր օգնում են տարբեր միջոցառումներ լուսանկարելու և լուսաբանելու հարցում, Դավիթ Ավագյանն ու Վալենտինա Բեգլարյանը, ովքեր օգնում են հայերեն տեքստերը հոլանդերենի թարգմանելու հարցում: Այս առիթով մեր շնորհակալություններն ենք հայտնում նաև մեր մյուս կամավոր աշխատողներին`եկեղեցու վարչությանը, տիկնանց միության անդամներին, երիտասարդական միության անդամներին, դպրաց և սարկավագաց դասին, դպրոցի ուսուցչական կազմին, ովքեր տարիներ շարունակ իրենց ջանքն ու եռանդն են ներդնում եկեղեցական համայնքը պահելու, պահպանելու և ծաղկեցնելու նվիրական գործում:
Սիրելիներ, Սուրբ Հոգի եկղեցին ունի դեռ շատ ու շատ ծրագրեր որոնք կյանքի պիտի կոչվեն գալիք տարում: Մենք առավել հաջողությունների ենք հասնում այն ժամանակ, երբ դադարում ենք անհատաբար գործելուց. մեր ուժերն ի մի բերելով և միասնաբար աշխատանքով կարող ենք ավելի շատ հաջողությունների հասնել: Լիահույս ենք, որ մեր ապագա ծրագրերն իրականցնելու ճանապարհին դարձյալ միասնական ուժերով, սիրով ու ջերմեռանդությամբ պետք է հաջողություններ արձանագրենք մեր համայնքային կյանքում:
Աղոթենք և հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները տարածվեն համայն աշխարհում, խաղաղությունն և համերաշխությունը ուղեկից լինեն բոլոր ժողովրդներին և սերն ու երջանկությունը թագավորեն բոլոր ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Տեր Տարոն քահանա Թադևոսյան

tttarq.JPG

tttarttt.JPG

Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումների լուսանկարներից

Tags: Հոլանդահայ կայքեր, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments