
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
_______________
-3-
Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ
Մենք՝ Ամստերդամում մնացող նույն ծրագրով եկած ուսանողներս, ստիպված էինք սպասել, որ մնացած քաղաքներից ժամանածները պայուսակները մի տեղ թողնեին ու դուրս գային, որ միասին անցկացնեինք այսպես կոչված սոցիալական ծրագրի առաջին օրը:

Ժամանակին, երբ Ամստերդամի մասին լսում էի, միանգամից կարմիր լապտերների թաղամասն էի պատկերացնում, որտեղ կան մարմնավաճառներ ու սեքս շոփեր: Ու կարծեմ մեկնելուց առաջ որոշել էի անպայման գնալ այնտեղ, տեսնել այդ ամենը։ Բայց երբ արդեն Հոլանդիայում էի, լրիվ մոռացել էի դրա մասին: Հնդիկ Վիկասը, սերբ Նիկոլասը և ես անմիջապես համաձայնեցինք, բայց լեհ Աննան չեմուչում էր անում։ Դրանից առաջ էլ թույլ չէր տվել սեքսի թանգարան գնալ. երևի նամուսով աղջիկ է:
Ի դեպ, նա շատ նման է հայ ծիտիկի, միայն թե բնականանից է շիկահեր: Թե՛ այն, որ նույնիսկ երկար զբոսանքներին կարճ կիսաշրջազգեստով էր գալիս (բայց, ի տարբերություն հայ աղջիկների, համարձակվում էր բարձրակրունկների փոխարեն սպորտային կոշիկներ հագնել), թե՛ փողոցի մեջտեղում դիմահարդարանքը «թարմացնելու» սովորությունը՝ պատճառաբանելով, որ ահավոր տեսք ունի, թե՛ «լավ» աղջկա կերպարի մեջ մնալու ձգտումը:

- Սրանք բոլորը մոդելի կառուցվածք ունեն,- ասաց Նիկոլասը,- ես չաղերին եմ սիրում:Երբ մի քիչ էլ անցանք, հայտնվեցին գեր ու սևամորթ կանայք: Նրանցից մեկը՝ ամենագերը, վախեցած նայում էր անցորդներին՝ ասես վստահ լինելով, որ այդ գիշեր ոչ մի հաճախորդ չի ունենալու:
Ու ես զարմանում էի, թե ինչպես են այդ կանայք թույլ տալիս, որ իրենց այդքան ստորացնեն (գիտեք, Հայաստանում էլ մարմնավաճառներ կան, բայց նրանք տուրիստների համար տեսարժան վայր չեն):
- Ես զայրանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվում այդ կանանց հետ,- ասաց վաղեմի հոլանդուհի ինտերնետային մտերիմս՝ Լիկեն, երբ նրան պատմեցի, թե ինչ եմ հասցրել տեսնել Ամստերդամում:

- Բայց դա նրանց ընտրությունն է,- պատասխանեցի:
- Ո՛չ, այդպես չէ: Գուցե ոմանք իրենք են ընտրել, բայց համարձակվում եմ ասել, որ 70 տոկոսն իր կամքով չի այնտեղ: Նրանք արևելքից բերված ստրուկներ են: Բազմաթիվ լեհ, ռուս և այլ ազգերի կանանց հիանալի ապագա են խոստանում, խաբում, բերում Հոլանդիա ու ստորացնում:
Թրաֆիքինգ։
Իսկույն աչքիս առաջ եկավ գեր սևամորթուհու վախեցած դեմքը։
Շարունակելի...