June 1st, 2017

Օգնեք ձեր երեխային լինել Հայրենիքում: Մեկնարկում է՝ «Արի տուն» ծրագիրը


ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանիսյանը «Նիդերլանդական օրագրին»  տեղեկացնում է, որ այս տարի նույնպես  ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է  «Արի տուն» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը մեկնարկելու է 2017թ. հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Մասնակիցները, ցանկության դեպքում, ծրագրի ընթացքում կարող են ապրել նաև իրենց բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տանը: Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրին մասնակցողների համար Սփյուռքի նախարարությունը կապահովի՝
1.      օդանավակայանում դիմավորումը և ճանապարհումը,
2.      կացարանով ապահովումը (մասնակիցները 9 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում և 4 օր ճամբարում)
3.      այցելություններ, շրջայցեր Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր, թանգարաններ,
4.      հայոց լեզվի դասընթացների կազմակերպում,
5.      ազգային երգի ու պարի դասընթացների կազմակերպում:
Ծրագրին մասնակցելն անվճար է. մասնակիցները միայն ապահովում են իրենց ճանապարհածախսը (ինքնաթիռի ուղևորատոմս):
Ծրագրին դիմելու հայտադիմումները և ավելի մանրամասն տեղեկությունները ներկայացված են կից (արևելահայերն, արևմտահայերեն, անգլերերն): Հայտադիումները կարելի է ներկայացնել էլ. փոստով:
Սիրով սպասում ենք երիտասարդներին Հայաստանում:
Ծրագրի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կապվել
Tel. 0037410 58 56 01 (608) հեռախոսահամարին, կամ գրել
E-mail. europedep@yahoo.fr էլեկտրոնային փոստին:
Կարող եք գրել նաև «Նիդերլանդական օրագրին»' սիրով կպատասխանենք

Հունիսի մեկը երեխաների համաշխարհային օրն է : 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր

Հունիսի մեկը երեխաների համաշխարհային օրն է : 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս տոնը։ Տոնի նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։

Фото Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր..
.
.
.

Նկարում են հայ երեխաները

Հունիսի 1-ը երեխաների համաշխարհային օրն է

Որպեսզի ոչ մի երեխա չիմանա ինչ բան է պատերազմի ու ցեղասպանության դառնությունը: Որ բոլոր երեխաների նկարներում շողշողա արևն ու ապահով երկինքը'  մեր երազանքների հայկական Մասիս սարով:

.
.
.
.

Հունիսի 1-ը երեխաների համաշխարհային օրն է : Բացի նրանից, որ տոնի նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը և տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքներ կատարել՝ շատ կարևոր է, որ մեր մոլորակը խաղաղ ու անվտանգ դարձնել, որպեսզի ոչ մի երեխա չիմանա ինչ բան է պատերազմի ու ցեղասպանության դառնությունը: Որ բոլոր երեխաների նկարներում գերիշխի արևն ու ապահով երկինքը, որ իրականանան հայ երեխաների բոլոր նվիրական երազանքները:
Նիդերլանդահայ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը Հաագայում ՀՀ դեսպանատանը' Հայոց Ցեղասպանության 102-ամյա տարելիցին:

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը (2)


Սկիզբն այստեղ՝  1
Բյուրակն Իշխանյանը տարբեր երկրներում ունեցած իր տպավորություններն է գրառել իր օրագրում:«Նիդերլանդական օրագիրը»  Հեղինակի կողմից արտոնած բացառիկ իրավունքով, իր ընթերցողներին   պարբերաբար՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ ներկայացնում է Նիդերլանդներին վերաբերվող մասը: Պատմությունները կթվագրենք համարներով: Այսօր կներկայացնենք 2-րդ մասը

Բյուրակն Իշխանյանը  ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։

_______________        

                            -2-     
Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես


- Իմ անունը Շակ է,- ասաց տանտերս, որը եկավ օդանավակայան, ինձ դիմավորեց, մեքենայով տուն բերեց ու քիչ անց, փորձելով սովորել անունս, միջանցքում գտնվող գրատախտակին գրեց նաև իրենը:- Մաքուր հոլանդական անուն է: Գրվում է Sjaak: Իսկական անունս՝ Jacobus, բայց շատերը նախընտրում են ֆրանսիական տարբերակը՝ Ժակ (Jacques):

Ես կավելացնեմ հայկականը՝ Հակոբ, բայց բնավ չի սազում: Նա Շակ է՝ իսկական հոլանդացի, ոտքից գլուխ, ամբողջ հոգով ու սրտով:

- Ամստերդամը գեյերի մայրաքաղաքն է,- փորձելով ներկայացնել իր քաղաքը՝ շարունակեց Շակը,- բոլոր երկրների գեյերն այստեղ են ապաստան գտնում: Չնայած ես նրանց դեմ չեմ, բայց ես գեյ չեմ:

Ի դեպ, վերջին ասածը նա կարողացավ ապացուցել, երբ մի օր ուշ երեկոյան տուն մտա ու նրա սենյակից տղամարդու ու կնոջ տնքոցներ լսեցի:

- Ամստերդամ… միասեռականություն, Ռեմբրանդտ, սեքս, Վան Գոգ, մարիխուանա…- մի անգամ մտածկոտ ասաց սերբ Նիկոլասը:

Եվ նա շատ ճիշտ էր բնութագրել Ամստերդամը: Դա քաղաք է, որտեղ ամեն ինչ կա, բացարձակապես ամեն ինչ: Եվ այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու: Այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, և ոչ ոք նրանց չի մեղադրի: Ծայրահեղությունների քաղաք է Ամստերդամը, որը մնացած գլուխներում ավելի մանրամասն կնկարագրվի: Ու նման չէ եվրոպական մյուս քաղաքներին: Այստեղ եկած լեհը, պորտուգալացին ու ֆրանսիացին են անգամ զարմանում:

Ջուրը շատ է, շա՜տ-շա՜տ: Մոծակներն էլ քիչ չեն: Մեկը կա իմ սենյակում, համառորեն չի ուզում հեռանալ: Ամեն գիշեր տզզում է ականջիս տակ ու 3-4 նոր խայթոց նվիրում: Դրանք պարտադիր ձեռքերիս վրա են տեղակայվում, ուղիղ շարքով, միևնույն հեռավորությամբ: Միայն երբեմն-երբեմն մոծակն անցնում է մարմնիս մնացած մասերին: Մի անգամ նույնիսկ ոտքիս տակ էր իր կնիքը թողել: Բայց երբե՛ք-երբե՛ք գիշերանոցիս վրայից չի կծում: Կա՛մ ամաչում է, կա՛մ էլ հայ մոծակների նման խելացի չէ:

Ամստերդամը չափից դուրս աշխույժ քաղաք է: Կենտրոնի փողոցները միշտ լիքն են, իսկ անցյալ շաբաթ օրը մարդիկ այնքան շատ էին, որքան մեզ մոտ լինում է, ասենք, Օպերայի հրապարակում բացօթյա համերգների ժամանակ: Բայց Ամստերդամում մարդիկ ծածկում են փողոցները, ամենուր տոն է, բացօթյա համերգ:

Գողերն էլ են շատ այստեղ: Սովորել եմ ուսապարկս դիմացից հագնել, որ աչքիս առաջ լինի: Իսկ այսօր մի միամիտ սևամորթ փոքրիկ տղա ուզում էր գրպաններս դատարկել: Ես քնած էի տրամվայի մեջ (կես ժամ տևողությամբ ճանապարհորդության ընթացքում ամենաօգտակար զբաղմունքն է), երբ նուրբ հպում զգացի: Աչքերս բացեցի ու տեսա սևամորթ տղային, որը ձեռքը գրպանիս էր մոտեցնում: Նորից քնեցի, սակայն քիչ անց նույն հպումը զգացի, աչքերս բացեցի, և նա ձեռքը փախցրեց: Չգիտեր, որ գրպաններս դատարկ էին, իսկ թանկարժեք ու կարևոր իրերս՝ պայուսակիս մեջ, որը պինդ գրկել էի: Ուզեցի աչքերս նորից փակել, թույլ տալ, որ գրպանս մտնի ու համոզվի, որ այնտեղ ոչինչ չկա: Հետո ցանկացա ապտակել կամ պարզապես տեղս փոխել: Բայց մինչ որևէ բան կորոշեի, տրամվայը կանգնեց հերթական կանգառում, և անփորձ գողն իջավ:

Ինչ-որ շատ եմ շեղվում թեմայից: Ասենք, մի՞թե այն գոյություն ունի: Ես խոստացել էի ժամանակագրություն պահպանել, բայց միանգամից սկսեցի հետ ու առաջ անել: Լավ, սա ընդունիր որպես մեծ նկար, որի առանձին մասերին խոշորացույցով կմոտենանք: Դեռ չե՞ս ձանձրացել: Գնանք Աննա Ֆրանկի մոտ:

Հանդիպում Աննա Ֆրանկի հետ
Ամստերդամում գտնվելուս առաջին երկու օրերը քնած եմ անցկացրել: Նախ, սարսափելի հոգնած էի, երկրորդ՝ քաղաքում թափառելու հավես չունեի: Ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել: Առաջին օրը Շակը ինձ տարավ մոտակա սուպերմարկետը. ուտելու բան գրեթե չունեի: Իսկ երկրորդ օրը երեկոյան ինքս դուրս եկա, որ գնամ տրանսպորտի մշտական տոմս առնելու: Բայց նույնիսկ ավտոբուսի կանգառը չգտա: Միայն մի քիչ շրջեցի, ծանոթացա թաղամասին, նստեցի ջրի մոտ, երազեցի։ Հետո հասկացա, թե որտեղ է կանգառը, և տուն վերադարձա:

Մշտականս երրորդ օրը ձեռք բերեցի: Սկսում էի կամաց-կամաց սովորել քաղաքին:

Այդ օրը Դավոն պետք է Ուտրեխտից Ամստերդամ գար. Աննա Ֆրանկի տուն-թանգարանում դաս ունեին: Ես, որ տարիներ առաջ կարդացել եմ նրա օրագիրը ու երազել ճանաչել նրան, վազելով որոշեցի Դավոյենց միանալ:

Տարբեր տուրիստական գրքեր, քարտեզներ և ինտերնետն օգտագործելով կարողացա ոչ միայն հասցեն պարզել, այլև իմանալ այնտեղ գնացող տրամվայների անունները և մոտակա կանգառի անունը:

Երբ տրամվայից իջա, չգիտեի՝ որ կողմ գնալ: Որոշեցի հարցնել: Մեկը պատասխանեց.

- Չգիտեմ կոնկրետ տեղը, բայց գիտեմ, որ մոտերքում է:

Իսկ երկրորդը պայուսակը երկար քրքրեց, հետո ասաց.

- Կներեք, քարտեզն ամուսնուս մոտ է մնացել:

Ջղայնացա ու որոշեցի ինքս գտնել: Մի քիչ այս ու այն կողմ անելուց հետո նկատեցի, որ խաչմերուկներում ցուցանակներ կան, որոնք սլաքներով են և ցույց են տալիս, թե որ ուղղությամբ գնալով ուր կհասնես: Հետևեցի դրանց և հասա մի հսկայական հերթի, որի մասին Դավոն հեռախոսով ասել էր (նա արդեն ներսում էր): Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ դրա մեծությունը, որ հասկանալի լինի: Ասենք, մոտ հիսուն մետր կլիներ (եթե ոչ ավելի): Մարդիկ էլ խելոք մի շարքով կանգնել էին, ոչ թե հայավարի իրար գլխի լցվել: Չնայած չէի ուզում հավատալ, բայց դա իրոք Աննա Ֆրանկի տան մոտ գոյացած հերթն էր: Այդ պահին հասկացա, որ Ամստերդամում որևէ բան հարցնել պետք չէ. ցուցանակները շատ ավելի ինֆորմատիվ են (հիշեցի Երևանի ցուցանակները, որոնց սլաքներն ուղղված են շենքերի վրա ու կրում են, ասենք, «Գառնի» գրությունը):

Մոտ մի ժամ հերթ կանգնեցի, հետո մտա Աննա Ֆրանկի տուն։ Պատերին գրություններ էին նրա օրագրից: Լուսանկարներ ու տարբեր իրեր կային ցուցադրված, որոնց բացատրությունները հենց օրագրից էին մեջբերված: Էկրաններ կային: Տարբեր մարդիկ, որոնք Աննային ճանաչել են, պատմում էին նրա մասին: Հայրը՝ Օտտո Ֆրանկը, ասում էր, որ չգիտեր, որ այդքան խորն է եղել իր աղջիկը: Է՛հ, հայրե՛ր, որքա՜ն բան դուք չգիտեք ձեր սեփական երեխաների մասին: Նորից նույն հարցն է ծագում. ի՞նչ կլիներ, եթե Աննան ապրեր: Այդպես էլ հայրը երբևէ չէր ճանաչի դստերը: Տխուր է հնչում… Իսկ մի՞թե հավատում եք, որ Աննան կենդանության օրոք իր օրագիրը կվստահեր հորը:

Ու շարունակ մի միտք էր պտտվում իմ գլխում. «Նա այստեղ եղել է… Հիմա էլ երևի շրջում է այս սենյակներում ու տխրում…»:

Մի սենյակում՝ ապակե պահարանի մեջ, տեղադրված էր «Աննա Ֆրանկի օրագիրը» տարբեր լեզուներով: Ես ցնցվեցի, երբ հայերեն տարբերակը տեսա: Ազգային սովորություն է. երբ օտար երկրներում մերն ենք տեսնում, խառնվում ենք իրար:

Թանգարանից դուրս եկա՝ նորից ու նորից երազելով ճանաչել Աննային:

Շարունակելի...