?

Log in

No account? Create an account

July 6th, 2018


ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Նկարիչ,արվեստագետ

____________

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:

Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում:

Նիկոլ Փաշինյան 

ՀՀ վարչապետ 

Այս իրական պատմությունը՝ Նիդերլանդներում ապրող հայերից շատերը կհիշեն, և կարող են վկայել գրածիս ճշմարտացիությունը: Այն կապված է«Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործունեության հետ:

Արդեն երկար տարիներ առաջ էր, հավանաբար 90-ականների կեսերը:Մի օր  թակեցին տանս դուռը, բացեցի, ընկերս էր՝  Ալեքսանդրը, Ամերսֆորտ քաղաքից: Ալեքսանդրը ծնվել է Պարսկաստանում, ապրում է  Հոլանդիայում, մի ֆանատիկ ազգասեր ու հայրենասեր հայ, որ  երբևէ դեռ Հայաստանում չէր եղել:  Ապրում էր  իր  երազ Հայաստանի կյանքով,  նրա հրաշք, աներևույթ հեքիաթներով: Բավականին ակտիվ   գործունեություն էր ծավալել Հոլանդահայ համայնքային կյանքում,  կարճ ասած՝ ամեն բան Հայաստանի համար:

Ալեքսանդրը ներս մտավ շատ ոգևորված, ձեռքին մի տոպրակ կար, որի մեջից հանեց մի 4 մետրանոց սպիտակ կտոր: Ասաց.

- Ալիկ ջան մի խնդրանք: Այս կտորի վրա պետք է մեծ և գեղեցիկ տառերով գրես՝  ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ:

Այնուհետև ավելացրեց, որ  խնդրում է այս գործն արագ անել , քանի որ Հայաստանից՝ Համահայկական հիմնադրամից պատվիրակություն է եկել  Ամստերդամ:  Հավաստիացրեց, որ արդեն դահլիճ է վարձվել  և Հոլանդիայում ապրող բոլոր հայերին նամակներով տեղյակ է պահվել , դրամահավաք է կազմակերպվելու, որպեսզի օգնեն  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, մեր Հայաստան երկրին, բավական մարդ է լինելու և այդպես ոգևորող էլի բառեր ու բառեր:

Ալեքսանդրը զարմացավ, երբ տեսավ , որ  իր խոսքերն ինձ չվոգևորեցին ու ես էլ  ուրախությունից իր պես չթռչկոտացի : Տարակուսած հայացքով ինձ նայեց: Ասացի.

 - Ալեքսանդր,  բերածդ կտորի վրա այդ նախադասությունը կգրեմ և  դա կանեմ քո  համար, և ոչ թե «Հայաստան»  Համահայկական հիմնադրամի պարզ է՞:

Ալեքսանդրը շատ զարմացավ, ասաց,

-Ալիկ էս ինչե՞ր ես խոսում՝ բաբամ ...

Ասացի.
-Ալեք ջան, ես այդ երկրից եմ եկել ու սեփական աչքերով եմ տեսել ամեն բան, այդ հիմնադրամներին չեմ հավատում, դու Հայաստանում երբեք չես եղել, ու չգիտես ինչն ինչոց է:
Մի պահ տիրեց լռություն: Ալեքսանդրը երևի մտքերի մեջ ընկավ ՝ թե ու՞մ հավատա. ի՞նձ, թե՞ իր սիրած և երազած երկրից եկած պատվիրակությանը:
Դե ես անտրտունջ իմ գործն արեցի , այդ կտորի վրա գրեցի՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ.
Այս գրությամբ պաստառը կախվելու էր Ամստերդամում՝ հոլանդահայերի կողմից վարձված դահլիճում , որպեսզի շուքով ու ըստ պատշաճի դիմավորեն Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը: 2 ժամում գործը վերջացրեցի, սպասեցինք տառերը չորացավ , հանձնեցի Ալեքսանդրին : Նա գոհ և ուրախ էր, ինձ էլ առաջարկեց, որ վաղն իր հետ լինեմ հիմնադրամի հիշյալ հավաքին: Ես քաղաքավարությամբ հրաժարվեցի և այդպես էլ չգնացի:

Անցավ մեկ շաբաթ, զանգեցի Ալեքսանդրին, որպեսզի իմանամ թե հիմնադրամի պատվիրակության հետ ինչպե՞ս անցավ հանդիպումը :
Ալեքսանդրը պատասխանեց զանգիս: Բարևից ու «ոնց ես՝ ոնց չեսից» հետո հետաքրքրվում եմ.
-Ալեքսանդր , ինչպե՞ս անցավ հանդիպում-հավաքը:
Ալեքսանդրը թե.
-Բաբամ, ես ամաչում եմ.. Գետինն եմ մտնում... Էդ ինչ մարդիկ են... Ես շատ զայրացած եմ...
-Ալեքսանդր,- ասում եմ, պատմիր ի՞նչ է եղել...
(Ահա թե ինչ պատմեց Ալեքսանդրը)
Ամստերդամի Հայկական համայքում հանդիպում են Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը՝ երեկոյան հանդիպման մանրամասները ճշտելու համար, ասում-խոսում են, սուրճ են խմում և պայմնանավորվում են արդեն նախօրոք վարձած դահլիճում ժամը 17:00-ի հանդիպման համար: Հիմնադրամի մի քանի հոգանոց պատվիրակները՝ մինչ կգար հանդիպման ժամը, ինքնուրույն որոշում են շրջել՝ տեսնել Ամստերդամ քաղաքը:
Մոտենում է արդեն հանդիպման ժամը, ակտիվիստները դահլիճը նախապատրաստել են , բեմում աթոռ ու սեղան են դրել, ելույթների, խոսելու համար միկրոֆոն տեղադրել , հայկական դրոշ կախել, ջուր ու ծաղիկ, նաև չեն մոռացել իմ մեծատառերով գրված՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏԻ պլակատը կախել, մի խոսքով տեղը տեղին պատրաստվել են հավաքին: Հոլանդահայերը եկել են տարբեր քաղաքներից, գնացքով, մեքենայով, ավտոբուսով՝ ով ինչպես կարողացել է, հավաքվել են դահլիճում ավելի քան 200 հոգի սպասում են, որ հիմնադրամի պատվիրակությունը կավարտի զբոսանքը և ուր որէ դահլիճ կմտնի ու կկայանա երկար սպասված հանդիպումը:
Ահա և ժամը 17:00 է՝ պայմանաորված ճիշտ ժամը, հիմնադրամի պատվիրակները չկան:
Դե մտածում են, ոչինչ, հայերը միշտ էլ մի քիչ ուշանում են, ուր որէ կգան...
Ժամը դառնում է 17:30, պատվիրակությունը չկա, դահլիճում հավաքվածները սկսում են անհանգստանալ.
- Էս ի՞նչ եղան էս մարդիկ...Միթե՞ Հասցեն են շփոթել... Հո մի բան չի՞ պատահել...
Ոչ կապ, ոչ խաբար, ոչ էլ հեռախոսազանգ: Չկան ու չկան:

Ահա ժամը 18:00 էլ եկավ, արդեն 1 ժամ է անցել պայմանավորված ժամից , հիմնադրամի պատվիրակությունը չկա ու չկա:

Բայց հարյուրավոր մարդիկ սպասում են ու սպասում: Մի մասը անհանգստացած է, մի մասը զայրացած, մի մասն էլ դուրս ու ներս է անում դահլիճ : Ոմանք դրսում ծխում են, մյուսները՝ փողոցում են սպասում, իսկ հյուրերը չկան ու չկան:

Դառնում է ժամը 18:30 , սրանք չկան,դահլիճում սպասող ժողովուրդը գնալով ավելի է զայրանում, վարձած դահլիճի ամեն մի ժամն էլ փող արժի:

Դառնում է ժամը 19:00-ը, սրանք չկան ու չկան, արդեն 2 ժամ է անցել, դահլիճում իրարանցում է, ժողովուրդը չգիտի ինչ անի, սպասե՞ն, գնա՞ն կգա՞ն, չեն գա ՝ ոչ ոք չգիտի, հավաքվածների մեծ մասն էլ տարբեր քաղաքներից են եկել մեքենայով, ոմանք 2, 3 ժամ ճանապարհ են կտրել անցել, վերջը դեռ այդքան էլ հետ պետք է գնան, որ տուն հասնեն:

Դառնում է ժամը 19:30, հիմնադրամի պատվիրակությունը՝ չկա ու չկա, դահլիճում հավաքված ժողովուրդը զայրացել է և մի քանի հոգի թողնում գնում են:

Դառնում է ժամը 20:00, անցել է 3 ժամ, Համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, արդեն ի զարմանս բոլորի հանկարծ դահլիճ է մտնում, վերջապես վերադարձան զբոսանքից: Բարձրանում են բեմի վրա, նստում իրենց հատկացրած տեղերը, դե ժողովուրդը սպասում է, որ հիմա պատվիրակության անդամներից մեկը կպատմի իրենց 3 ժամ ուշանալու պատճառը, և կսկսեն ժողովի քնարկումները, խոսք ու ելույթը, հարց ու պատասխաները, ինչպես նախորոք նախատեսված էր հանդիպման ծրագրում:

Հիմա դահլիճը սպասում է, սրանք եկել նստել ու ծպտուն չեն հանում, միայն նայում են միմյանց ու ժպտում են: Պատվիրակության անդամներից ոչ մեկի բերանը չի բացվում, որ վերջապես մարդկանց հետ հաղորդակցվեն: Քթների տակ քչփչում են, ուզում են. փորձում են մի բան ասել, բայց չի ստացվում ՝ ծիծաղում ու ծիծաղում են:

Խոսել այդպես էլ չի ստացվում, միայն ծիծաղում են ու ծիծաղում: Դե դահլիճում հավաքվածները գլխի են ընկնում ու հասկանում, որ Համահայկական հիմնադրամի պատվիրակության անխտիր բոլոր անդամները քաղաքը տեսնելուն զուգընթաց հատուկ սրճարան են մտել մարիխուանա, կամ պլան քաշել, և լավ քաշած եկել են, կայֆի տակ , ժամ ու պատարագ մոռացած, նաև թե ինչի համար են Հոլանդիա եկել , ինչու՞ են այս դահլիճում, ու ծիծաղում են, հա ծիծաղում...
Այդպես էլ արդեն միջոցառման համար սահմանված ժամն ավարտված և ուշացումով դահլիճ մտած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու հայ համայնքի անդամների միջև ոչ մի կարգի զրույց տեղի չի ունենում , իսկ դահլիճում հավաքված ժողովուրդը իհարկե զայրանում է, մի քանիսը արտահայտում են իրենց զայրույթը, և բարկացած հեռանում:
Ահա հեռախոսով այսպիսի պատմություն իմացա իմ ընկեր Ալեքսանդրից՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու Ամստերդամի հայ համայնքի անդամների ՝՝բացառիկ՝՝ հանդիպման մասին:

Հիմա, բավական տարիներ անց,
երբ բացահայտվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրենի առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելը և զվարճալի խաղերի նկատմամբ նրա թուլությունն ու անպատասխանատու վերաբերմունքը, հիշեցի այս պատմությունը: ամեն վայրկյան ականջիս արձագանքում է իմ ընկեր Ալեքսանդրի մեխող հետևյալ խոսքերը.
-Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...

Սա խորքային ու համակարգային արատի ձևավորված արդյունքն էր, որտեղ արագորեն կորում էր մարդկանց լավատեսությունն ու վստահությունը՝ վերածվելով հիասթափության:Հիմա, երբ անզիջում պայքար է մղվում այս անպատասխանատվության դեմ և չի հանդուրժվելու չարաշահման որևէ դրսևորում, ակնհայտ է դառնում, որ ավելանալու են մարդկանց վստահությունը՝ առ մեր երկիր և իշխանություններ:
Ոնց որ հավատքի վերականգման և հիասթափության վերացման նախադրյալներ են ստեղծվում :
Տեսնե՛նք, կյանքը շարունակվում է...