?

Log in

No account? Create an account

November 7th, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին, որպես ուսումնական տարվա մեկնարկային, ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում: Նախաձեռնության նպատակն է տեղերում կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական վերհանումը և առավել արդյունավետ ու օպերատիվ լուծումներ գտնելը: Աշխատանքային նոր մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր և փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազամթիվ հարցեր քննարկել և լուծել տեղերում:
________________
ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ կողմից- Սփյուռքահայ ընթերցողին Հայաստանի մարզերը ներկայացնելու և ճանաչողությունը բարձրացնելու համար, մեր կողմից կներկայացնենք մարզերին նվիրված հոդվածներ և լուսանկարներ:


Լեզվի կոմիտեն հորդորակ է հղել որ և որպեսզի
շաղկապների կիրառության վերաբերյալ,
որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:


20181010_143342-COLLAGE.jpg

Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ:
Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս:
Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզի-ին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզի-ն որ-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է:
Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է:
Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզի-ի գործածության սխալները:
Բերենք օրինակներ.
«Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»:
«Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»:
«Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:
«Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»:
«Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:
Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝
«…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»:
«…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ) , որ իր իրավունքները խախտվեն»:
«Նախընտրելի է (ի՞նչը) , որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:
«Նա պնդում է (ի՞նչ) , որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»:
«Ժամանակն է (ինչի՞) , որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:
Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը:
Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված.
«ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով) , որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»:
«Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով) , որպեսզիկարողանան մոռանալ ողբերգությունը»:
Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»:
Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզիկամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:
Լեզվի կոմիտե

Grigor Narekatsi. Het boek der weeklaging

«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում

Նոյեմբերի 7-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը:

4-րդ միջազգային  ամենամյա գիտաժողովին բացման խոսք է ասել մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան տեր Ղևոնդյանը: Գիտաժողովին մասնակցել են միջազգային համբավ ունեցող այնպիսի նարեկացիագետներ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից   Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը , Հրաչիկ Միրզոյանը:

Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա) խոսել է Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից»-ը «Մատեան ողբերգութեան»-ի ուրվագծերի շարքում թեմայով: Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանն անդադարձել է «Անդամալույծի բժշկման պարականոն պատումը` Ս.Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում» աշխատանքին: Ռոբերտա Էրվին խոսել է «Բան քո խնկեալ» Նարեկացու մաքրամաքուր աղոթքների մասին: Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա) դատողություններ է արել Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին:

Ընդմիջումից հետո, երկրորդ նիստին  «Մատեան ողբերգութեան» տրամախոսական կառուցվածքին մասին է խոսել Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ):

Գրիգոր Նարեկացու տաղերի ու մեկնությունների խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ վեր հանեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող  Արուսյակ Թամրազյանը: Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերլուծեց Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը, իսկ Հրաչիկ Միրզոյանը պատմեց, թե ինչ են խոսել Գրիգոր Նարեկացուց:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի հոլանդերեն թարգմանությունն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակից է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) կազմակերպությունը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ գիտաժողովի նախօրեին` առայժմ 500 օրինակ տպաքնակով,  տպագրվել է այս գիրքը:

Մյուսը` Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկն է, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։ 

 

 (Սեփ.լրատվություն)

«Նիդերլանդական օրագիր»