February 22nd, 2020

Աշկինի կյանքն ու գործը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
22.02.2020/ Hay Azian / Նիդ.օրագիր

Ազգայնամոլ, հայատյաց Իլհան Աշկինի (Ильхан Ашкын, İlhan Aşkın) մասին բազմիցս ենք պատմել: Մեր ընթերցողներին խնդրում ենք մինչև վերջ համբերատար  հետևել այս  պահին դեռ գրվող հոդվածաշարին, քանզի բավական հետաքրքիր բացահայտումներ են լինելու: Հիշեցնենք, որ սա այն պարոնն էր, որ 5 տարի առաջ` 2014 թ. հունիսի 1-ին,  թուրքական լոբինգի կողմից մարդկանց ստիպողաբար ցույցի բերած  Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն արգելափակելուն միտված  հանրահավաքում`  թուրք-ազերական ամբոխի հետ  վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այս խոսքերի համար Նիդերլանդների հայկական կազմակերպությունների բողոքից հետո Աշկինը կանգնեց այս երկրի արդարադատության ատյանի առջև: Մինչև օրս պատժի տարիների ձգձգումը պայմանավորված է Աշկինի կողմից վճռի բողոքարկման  հետ: Առայժմ վերջին որոշումը Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 14-ի անփոփոխ թողնված վճիռն է, որով նրան պարտավորեցվել է    120 ժամյա  հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և այս վճիռը ևս բողոքարկել է գերագույն դատարան: Սպասենք գերագույն դատարանի արձագանքին, որի վճիռը Աշկինի համար ևս վերջնական համարել չի կարելի, քանի որ նա  հայտարարել է, որ գնալու է մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դե դա  նրա համար  հոգ չէ, քանի որ ոչ իր ուժերով է վարձել Նիդերլանդների հայտնի փաստաբաններից մեկին:  Սա նշանակում է, որ Հաագայի թուրք-ադրբեջանական բարեկամության մշակութային միության կոչեցյալ նախագահը ոչ մի աղերս չունի ժողովուրդներին բարեկամության կոչելուն, ինչ անուն որ կրում է իր կազմակերպությունը:  Նա  ոչ միայն չի  գիտակցում ու զղջում բազմազգ Նիդերլանդներում կատարած իր  հանցանքի ծանրությունը, այլ շարունակում է հպարտ աքլորի պես նույն ծուղրուղուն կանչել: Իրոք` կարմիր կովը կաշին չի փոխի: Այսօր Աշկինին կարելի է տեսնել թուրք-ադրբեջանական համայնքի կազմակերպած զանազան միջոցառումներին, սոցցանցերում` հակահայ քարոզչությունը շուրթերին: 

 Նա ազգայնամոլական դիրքորոշմամբ այնքան է առաջ գնացել, որ հայկական կազմակերպությունները կարող են նրա դեմ նույնիսկ նոր հայցով հանդես  գալ:  Այս ապաշնորհ, Իլհամ Ալիևի պարգևին արժանացած թշվառ ազգայնամոլ մեղադրյալը, որին սթափվելու են կոչել Նիդերլանդական արդարադատության ատյանները, հոգեբանական բարդույթ ունի ու կարծում է` ինչքան շատ հայհոյի թյուրքալեզու ազգերի քիմքին ոչ հաճո ազգերին ու երկրներին, այնքան ինքը  բարձրանալու է Ալլահի աչքին ու  «ազգի հերոս» է հռչակվելու:

Փոքրիկ հայացք նրա ֆեյսբուքյան անցած մեկ ամսվա էջին ու ամեն բան պարզ կլինի

Ֆեյսբուքում  Ալմելոյի տխրահռչակ հանրահավաքի ֆոնին  իր լուսանկարն է տեղադրել ու գրել` «Ղարաբաղը Ադրբեջանինն է» արտահայտությունը: Շարունակությունը մոտավորապես նույն ոճով է` Հայաստանը «կեղծ» պետություն է հիմնված Ադրբեջանի տարածքների վրա: Այս լուսանկարները ժամանակ առ ժամանակ փոխվում են` կապված Ադրբեջանի «սև օրացույցից»` Բաքու, Խոջալու, Շուշիի անկում և այլը:

ՈՒշագրավ է Ալիևի լուսանկարի վերևում դրված նրա մեկնաբանությունը` «Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահին պատմություն է սովորեցնում»: Չբավարարվելով այսքանով, նկատի ունենալով Փաշինյանի խոսքերը, ավելացրել է.«Այս տղամարդու ասածը սուտ է` մեր նախագահ պարոն Իլհամ Ալիևը աշխարհի առջև պատմության դաս տվեց»: Խոսքը վերաբերվում է մյունխենյան հանդիպումներին: Իրականում ով ում դաս տվեց արդեն  հայտնի է, Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ալիևի ասված սուտն արդեն հայտնի է

Ավելի գերակշռող է Աշկինի պանթյուրքիզմի գաղափարախոսությանը հարող գրառումներն ու լուսանկարները`  ադրբեջանական ու թուրքական դրոշներին դրոշմված ոռնացող գայլի պատկերներից, Թուրքիայով դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք: Աշկինը  «հիշել» է ալևիններին, Վիլսոնի իրավարար վճիռը, «եղբայրական» Ղազախստանում վթարված ինքնաթիռը, Սարիղամիշում  թուրքական զորքի «նահատակներին»  , Սիրիայում զոհված թուրք զինվորներին, Արևելյան Թուրքիստանի (Այդպես են անվանում Չինաստանի թուրքալեզու բնակչության տարածքը` ծանոթ.Նիդ. օրագիր) ույգուրների պաշտպանության պայքարը, որի առթիվ վերջերս ցույց է կազմակերպվել ու նա ելույթ է ունեցել: Իմիջիայլոց, այս օրերին էլ զբաղված է Հայաստանի դեսպանատան դիմաց (26-ին) ու Խոջալուին նվիրված (23-ին) հանրահավաքի կազմակերպմամբ: Խոջալուի ցուցապաստառները տպագրվել ու բերվել են  Բաքվից:

 Մեկ այլ գրություն վերնագրել է` «Անուններ, որոնք ներխուժեցին թուրքական աշխարհ», ու նշվում է 4 երկրի անուն` Չինաստան, Իրան, Ռուսաստան, Հայաստան, մեկնաբանությունը հետևյալն է. «Այս դավաճանները թուրքի արյուն ունեն: Անշուշտ, մի օր իրենք են խեղդվելու այս արյան մեջ:» Իր ծննդավայր Իգդիր քաղաքի վերաբերյալ մեկ այլ  տեսաերիզի վերևում գրել է. « Որոշ խառնածին հայեր պնդում են, որ  Իգդիրը Արևմտյան Հայաստանի քաղաք է, այս անպատվավորներին իրականության մեջ ասելու շատ խոսք կա ու թեև դատարանի սուրը  գլխիս է (նկատի ունի իր դատական գործը`ծանոթ Նիդ.օրագիր), պնդում եմ, որ սոված հավը երազում ցորենի շտեմարան է տեսնում»:

ՈՒ այս մարդը դատարանում ու հայերի մոտ պնդել է, որ հայերի դեմ ոչինչ չունի...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Շարունակությունը  կարդալ` այս հղումում


Եվրոպական շունչը ԵՊՀ-ում

Եվրոպական շունչը ԵՊՀ-ում

21.02.2020 Երևան/ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ/Նիդ.օրագիր

Համահարթեցման ընդհանուր միտումներն ու զարգացումները լայն հնարավորություններ են ստեղծում հայաստանցի դասավանդողի և ուսանողի համար։ Մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու և հարստացնելու գործով զբաղված են Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում։ Երևանի պետական համալսարանում ուսումնական գործընթացն արագացված տեմպերով համապատասխանեցվում է գործող համաշխարհային չափանիշներին։
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտության կենտրոնը իր ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայով, որի ղեկավարն է տ.գ.թ. Արթուր Արամայիսի Ավագյանը, ստեղծվել է 2007 թ.-ին` ՏՏ ոլորտում կրթական, մասնագիտական մարզման, շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանի կրթության կառավարման և որակի ապահովման, տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման նպատակով: Բացի ավանդական ձևերից` կենտրոնի դասավանդման փորձառությունը ընդգրկում է նաև առցանց և հեռավար եղանակները, ինչպես նաև ուսուցման զուգակցված ձևերը: Դիտարկվում են առցանց ուսուցման տեխնոլոգիաները, որոնք լրացական միջոց դասական լսարանային ուսուցման տարբերակին դասավանդման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։ "Ուսուցման և ուսումնառության կառավարման" համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները դասախոսին թույլ են տալիս մշտադիտարկելու ուսանողների գործառույթները, հաղորդակցվելու, ըստ պահանջի կառավարելու նյութերի մատուցման հոսքերը, առանձին ուսանողի կամ ուսանողների խմբի տվյալներ փոխանցելու, փոփոխելու, ավելացնելու կամ հեռացնելու դասընթացի նյութերը։ Դասընթացի տվյալների կառուցվածքի մշակման գործիքները կիրառելի են տարրական, միջնակարգ, բարձրագույն կրթության և կորպորատիվ ընդլայնված դասավանդման համար։
Դասընթացի շրջանակներում դիտարկվում է դասավանդման գործառույթների կառավարման բոլոր փուլերը, այդ թվում՝ ուսանողների գրանցման, ընդգրկման, նյութերի մշակման, մատուցման, հարցերի և քննությունների մշակման, գնահատման, առաջադրանքների, քննարկումների և համատեղ խմբակային աշխատանքների կատարման խնդիրները և դրանց իրականացման միջոցները։ Դիտարկումներում շեշտը դրվում է խնդիրների լուծման իրավիճակային փոխգործուն/ ինտերակտիվ եղանակի վրա: Քննարկվում են իրավիճակային խնդիրների վերլուծություններն իրենց լուծումներով: Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ որոշակի փորձառություն ունեցող դասախոսների համար։ Որպես բազային միջավայր՝ դիտարկվում է Moodle հարթակը։ ԵՊՀ-ն այս համատեքստում արդեն փորձ է անում ուսուցման ընթացքում լայնորեն կիրառելու միջազգային Moodle ծրագիրը, որն ապահովում է ուսումնական ծրագրի արդյունավետություն դասընթացում ընդգրկված բոլոր ուսանողների մասնակցությամբ, ամրապնդում է դասավանդող-ուսանող հարաբերությունները, նպաստում է բազմաբովանդակ նյութերի կիրառմամբ ուսուցմանը։ Վերջին երեք տարում ավելի քան ԵՊՀ 200 դասախոսներ այս դասընթացի միջոցով ծանոթացան արդիական դասավանդման նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին և սկսեցին կիրառել դրանք :
2020 թ․ հունվարին Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի մի քանի ամբիոնների 19 դասախոսներ և դոցենտներ Արթուր Ավագյանի շնորհիվ և օգնությամբ որոշակի դասաժամերի ընթացքում հաղթահարեցին ծրագրի նրբությունները։ Արթուրի բարձր արհեստավարժությունն ու հմտությունները օգնեցին, որ բանասեր-լեզվաբանների հիշատակված խումբը քննությունը հանձնի բարձրագույն ցուցանիշներով և ծրագրի սահմաններում աշխատանքն ընկալի իբրև հաճույք։ Դասավանդողները ոչ միայն սովորեցին ինչպես հաղորդակցվել և դասավանդել ծրագրի շրջանակներում, այլև եկան այն եզրակացութան, որ նշված ծրագիրն ընձեռում է ուսանողի հետ աշխատելու լավագույն հնարավորութուններ։ Գաղտնիք չէ, որ flip classroom-ի դերն այս առումով անգնագատելի է։ ԵՊՀ դասախոսներից և դոցենտներից ոմանք flip classroom-ի գաղափարը մինչ նոր ծրագրի ներմուծումն իրականացնում էին Facebook սոցիալական հարթակի միջոցով։ Ծրագրի աշխատանքի մեկնարկը տրված է և հաջողութամբ սկսված է նոր մեթոդաբանության կիրառումը։

Անձնական նվիրատվություն Ամստերդամի հանրային գրադարանին

19-02-2020/ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ/Նիդ.օրագիր

Դժվար էր բաժանվել իմ համար հարազատ դարձած 100 անուն գրքերից, որոնք արդեն մի քանի անգամ ինձ հետ տեղափոխվել էին տեղից տեղ։

Սակայն ուրախ եմ, որ նրանք պատվավոր տեղ գտան Եվրոպայի ամենամեծ գրադարաններից մեկում՝ Ամստերդամի հանրային գրադարանում։

- Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը», ասաց Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որի շնորհիվ ստեղծվել էր այդ հնարավորությունը։

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու և Հ. Թումանյանի ծննդյան օրը, Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Աննա Մարիա Մատառի կողմից Հովհաննես Թումանյանի հեքիաթների հայերենից հոլանդերեն թարգմանված գրքի շնորհանդեսը և գրքերի նվիրատվություն։ Երեկոն վարում էր հոլանդական հայտնի հաղորդավար Դ. Բլոկը, որը հոլանդերենով ընթերցեց շատ գեղեցիկ թարգմանված «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը»։

Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի գրադարանին նվիրվեցին մի քանի գրքեր և Ամստերդամի հանրային գրադարանն էլ իր հերթին Հայաստանի ազգային գրադարանին փոխանցելու համար նվիրեց 30 կտոր գիրք։

Գիրք նվիրելու ավանդույթի կապակցությամբ իմ բարեկամ գրող Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ»

գիրքը նվիրեցի Աննա Մարիա Մատառին և գրադարանին, ինչպես նաև դեսպան Տիգրան Բալայանին իմ դստեր կողմից որպես նվեր փոխանցեցի աղջկաս համահեղինակությամբ գրված «Customer experience» գիրքը։

Գոհ օրվա իրադարձությունից և ինքս ինձնից, վերադարձա տուն, բայց հոգուս խորքում անբացատրելի մի զգացմամբ, որ ինձնից թե իմ անցյալից հարազատ մի մասնիկ մնաց այնտեղ, դարձավ հանրային սեփականություն։

Collapse )